ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եւս, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին դիմելով ավազանի անունով՝ ֆեյսբուքյան գրառմամբ պահանջել է հեռանալ Վեհարանից. «Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար»,- մասնավորապես գրել է նա:
Դեռ մարտի 17-ին կարգալույծ արված Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը, որի ավազանի անունը Սարգիս Մելքոնյան է, «Ազատություն» ռադիոկայանին մանրամասնել է, թե ինչպես են ծրագրում փոխել կաթողիկոսին:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի տարածած պարզաբանման համաձայն՝ Արմեն քահանա Մելքոնյանը կարգալույծ էր արվել մասնավորապես հետեւյալ պատճառներով. «Առանց հոգևոր իշխանության արտոնության իր ծառայության վայրից դուրս գործունեություն իրականացնելու և եկեղեցական իշխանության նկատմամբ զրպարտչական, անարգալից բնույթի լուրեր տարածելու ու հավատացյալների շրջանում խառնակչություն և գայթակղություն ստեղծելու համար։ Նախկին Արմեն քահանան 2018 թվականին մասնակցություն է ունեցել նաև, այսպես կոչված, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական խմբի գործողություններին։
Հակառակ, որ եկեղեցական իշխանությունը նախկին Արմեն քահանային հնարավորություն է տվել հիշյալ կարգազանցություններն ու հակաեկեղեցական դրսևորումները շտկելու, սակայն վերջինս շարունակել է իր հակականոնական ընթացքը։ Այսպես՝ Արմեն քահանան, շրջանցելով առաջնորդական տեղապահին, 2024 թվականին կապի մեջ է մտել Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին հակառակ գործող Բուլղարիայի հայոց թեմի որոշ անդամների հետ և նույն թվականի նոյեմբերի 5-ից ինքնակոչ քահանայական ծառայություն է իրականացնում Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում»:
Այժմ պարզվում է, որ կարգալույծ արված հոգեւորականը մաս է կազմում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համակարգող խմբին, որի նպատակը Վեհարանը «ազատելը» եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելն է
Կարդացեք նաև
Նա «Ազատության» հետ զրույցում պատմել է. «Առաջին օրը, որ ես այդ հայտարարությունը տեսա, տակավին վարչապետի մելանը չչորացած՝ արդեն ես դիմումնագիրը գրեցի, որովհետև ես վաղուց հավատում եմ, որ մի օր այսպիսի մի շարժում եթե տեղի չունենա, որպեսզի մենք կարողանանք մեր եկեղեցին մաքրագործել, կյանքում անհատական չափանիշներով կամ անհատական ուժերով չենք կարողանալու դա անել»:
Կարգալույծ արված քահանան առաջինն է դիմել Փաշինյանին կաթողիկոսի փոփոխության համակարգող խորհրդում ընդգրկվելու համար, արդեն զրուցել են վարչապետն ու ինքը: Եվ բացատրել է, թե ինչպես են ծրագրում փոխել կաթողիկոսին: Նախ Ազգային-եկեղեցական ժողով կհրավիրեն՝ հենց իրենք. «Մենք՝ որպես այս ազգի զավակները, այս եկեղեցվո զավակները, մենք հետևաբար ներկայացնում ենք Ազգային-եկեղեցական այս ժողովը, և մենք ի զորու ենք, երբ որ կունենանք մեր ժողովրդի հավանությունը, գործընթացը սկսել և հասնենք այդ նպատակին: Շատ հեշտ է, այդքան բարդ չէ»:
Հայ Առաքելական եկեղեցու կանոններով՝ եկեղեցական ժողովն է այդ հարցերով զբաղվում, իսկ այդ ժողովը կա՛մ կաթողիկոսը պիտի հրավիրի, կա՛մ եպիսկոպոսները: Կարգալույծ արված քահանան, սակայն, այստեղ խնդիր չի տեսնում, որովհետև, ըստ նրա, եկեղեցին ժողովուրդն է: Ստացվում է՝ վարչապետի գլխավորությամբ Ազգային-եկեղեցական այլընտրանքային ժողով է հրավիրվելու, հետո՞:
«Նախ տեղապահ պիտի լինի, այդ տեղապահը պիտի պատրաստի այդ ընտրությունները, այդ տեղապահը կարող է զբաղեցնել այդ կաթողիկոսի, ասենք, իշխանությունը կամ պաշտոնը մեկ տարի, երկու տարի, երեք տարի, որովհետև ես կարծում եմ, որ այս համակարգը այս 30 տարվա մեջ փչացավ», – նշել է Մելքոնյանը:
Տեղապահ ընտրվում է, երբ կաթողիկոսը գահից հրաժարվում է կամ վախճանվում, երկուսն էլ տեղի չի ունեցել: