Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ճնշումներն ավելի են խստացել Ադրբեջանում»․ Ռիկարդո Գուտիերեզ

Հունիս 26,2025 17:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում նստաշրջանի օրակարգից դուրս անցկացվեցին «Ադրբեջանում լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների կյանքին և անվտանգությանը սպառնացող վտանգներ» թեմայով լսումներ։

Ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևան լսումների ընթացքում մի շարք մեջբերումներ արեց ադրբեջանցի անկախ լրագրողների հարցազրույցներից և օրագրային գրառումներից, որտեղ պատմում են, թե ինչ հալածանքների են ենթարկվել Ադրբեջանում։ Նա ներկայացրեց այժմ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի անկախ լրագրողներից մեկի խոսքերը, որը պատմում է Ադրբեջանում՝ իր հարցաքննության մասին․ «Ոստիկանությունն ամեն անգամ բռունցքով հարվածում էր գլխիս, երբ ես ասում էի՝ չգիտեմ։ Հինգ անգամ գլխիս հետևին խփեցին բռունցքով, երկու անգամ մեջտեղին և այդպես շարունակ»։

Ներկայացնելով մեկ այլ ադրբեջանցի լրագրողի օրագրային գրառումները՝ Արզու Գեյբուլաևան նշեց այն հալածանքները, որը նա թվարկում է՝ ապտակներ, հարվածներ, ֆիզիկական բռնություն ձերբակալման վայրում և այլն։

Այնուհետև հայտարարեց․ «Պատկերացրեք, թե ինչ է կատարվում փակ դռների ետևում, փակ կազմակերպություններում։ Իրավապաշտպան կազմակերպությունների մուտքն անգամ արգելվում է։ Պետք է այս ամենը լինի ուշադրության կենտրոնում, պետք է հատ առ հատ ներկայացվեն եվրոպացի այն խաղացողները, որոնք ադրբեջանական կառավարության քարոզչական մեքենայի հետ են համագործակցել։ Լռությունը ծնում է նոր հանցագործություններ և մեզ դարձնում հանցակից։ Այս կազմակերպության արժեքներից է բխում բարձրաձայնելը և պայքարելն այդ ամենի դեմ։ Կարևոր են բանտային այցելությունները, քանի որ ամեն անգամ հետապնդումներ են կատարվում նրանց նկատմամբ, և դա նշանակում է, որ կարող է ինչ-որ այցելությունները նպաստեն, որ նրանց բանտային պայմանները բարելավվեն։ Հաճախակի այցելությունները ազատազրկման վայրեր հնարավորություն կտա ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա»։

Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն էլ փաստեց՝ Ադրբեջանի մարտավարությունն է անկախ լրագրողների նկատմամբ ներկայացնել ֆինանսական և տնտեսական հիմքերով դատական գործեր՝ հատկապես այն լրագրողների, որոնք հետաքննում են Ալիևի ռեժիմի և նրա ընտանիքի կոռումպացված գործունեությունը․ «Գեթ մեկ անկախ լրագրող ու լրատվամիջոց չի մնացել Ադրբեջանում։ Այս մասսայական ճնշումները ցույց են տալիս, որ ցանկացած ակտիվ լրագրող պետք է ինքն իր գործունեությանը ինքնաքննադատությամբ մոտենա, որպեսզի չենթարկվի ճնշումների։ Այդ ճնշումները սահմաններ չեն ճանաչում։ Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակից հետո լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ճնշումներն ավելի են խստացել Ադրբեջանում։ Ալիևի ռեժիմը միայն լրագրողների դեմ չի իրականացնում հետապնդումներ, այլև ամբողջ հանրության։ Այս վարքագիծը պետք է եվրոպական երկրների կողմից դատապարտվի»։

Անար Մամադլիին փաստաբան Թոբի Քոլիսը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է համագործակցել մոնիտորինգային մարմինների հետ․ «Հետևաբար վաղուց ժամանակն է միասնական մարտավարություն ունենալ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Ադրբեջանը, միանալով այս կազմակերպությանը, մի շարք հանձնառություններ է ստանձնել և պարտավոր է դրանք կատարել, ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։ Ցավոք, գնալով ավելի նվազում է այն իրավապաշտպանների թիվը, որոնք պատրաստ են պաշտպանել հետապնդման ենթարկվող ադրբեջանցի լրագրողների իրավունքները։ Եթե 5 տարի առաջ երկու ձեռքի վրա կարող էինք հաշվել նրանց թիվը, հիմա միայն մեկ ձեռքի վրա։ Ադրբեջանն ակնհայտ կերպով չի հարգում եվրոպական արժեքները, բայց դեռ շարունակում է վայելել ԵԽ անդամակցությունը։ Պետք է նրան հեռացնել կազմակերպությունից։ Նախարարների կոմիտեն նվազագույնը պետք է վերահսկողություն իրականացնի ՄԻԵԴ վճիռների իրականացման համար։ Պետք է համատեղ ընթացակարգ ստեղծվի, և ԵԽ բոլոր մարմինները միասին աշխատեն»։

Ադրբեջանի հարցերով զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենն էլ փաստեց՝ իրենց պատրաստած զեկույցը լուրջ մտահոգություններ է ներառում Ադրբեջանում ազատ և արդար ընտրությունների անցկացման, արդարադատության համակարգի՝ իշխանություններից կախված լինելու, մարդու իրավունքների խախտումների առումով։ Մտահոգիչ են նաև մարդու իրավունքների պաշտպանների՝ շարունակվող հետապնդումները, ազատազրկումները»։

Լիտվացի պատվիրակ Էմանուելիս Զինգերիսն (Լիտվա, ԵԺԿ) էլ ասաց․ «Մենք ականատես ենք անդամ երկրներից մեկի կողմից պարտավորությունների բացարձակ չկատարմանը։ Իրավիճակը սարսափելի է։ Այսպիսով, 36 ազատազրկված լրագրողներ կան Ադրբեջանում։ Մենք պետք է միասին աշխատենք լրագրության հարթակի միջոցով, բայց վերջնական գաղափարն այն է, որ այս Վեհաժողովում անցկացնենք մարդու իրավունքների պաշտպանների գագաթնաժողով՝ կենտրոնանալով անդամ պետությունների համար պարտավորությունների վրա։ Մենք չպետք է սպասենք, որ ադրբեջանական պատվիրակությունը վերադառնա այստեղ, այլ պետք է ձեռնարկենք մեր ռազմավարական քայլերը։ Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները՝ կենտրոնանալու նման դեպքերի վրա բոլոր անդամ պետությունների շրջանում»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ ահազանգեց․ «Ադրբեջանում նոր թրենդ է․ այն մարդիկ՝ լրագրողներ, բլոգերներ, որոնք արտահայտվում են տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, նրանք նույնպես հետապնդվումների են ենթարկվում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս նոր միտումի վրա։ Իրավիճակը վտանգավոր է դառնում։ Չգիտեմ՝ ինձ հետ ինչ կկատարվի, եթե ես հայտնվեմ Ադրբեջանում»։

«Ադրբեջանում լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների կյանքին և անվտանգությանը սպառնացող վտանգներ» թեմայով լսումները կազմակերպվեցին զեկուցող բելգիացի պատվիրակ Քրիստոֆ Լաքրուի զեկույցի պատրաստման շրջանակներում։ Նա բավականին հուզական ելույթ ունեցավ լսումների ժամանակ ու հայտարարեց․ «Մենք գիտենք, որ ադրբեջանական գազը նույն ռուսական գազն է, և հենց դա է եվրոպական համայնքի լռության գինը։ Մենք ուզում ենք խոսել մարդու իրավունքներից, բոլորին դասեր ենք տալիս, բայց չենք նայում մեր վարքագծին»։

Ըստ նրա՝ Ադրբեջանը պետք է հեռացվի Եվրոպայի խորհրդից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30