Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի քաղաքական գիծը` Հայաստանը ներկայացնել որպես «ահաբեկչական» պետություն

Հունիս 27,2025 12:00

Հարց ՀՀ իշխանություններին` ինչո՞ւ են Ադրբեջանում Հայաստանի հետ խաղաղության հաստատման կողմնակիցները հայտնվում բանտում

Ադրբեջանի պայքարն ընդդեմ Հայաստան պետության շարունակվում է` չնայած այն փաստին, որ Հայաստանի իշխանությունները շարունակաբար պնդում են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի նկատմամբ կրկին մեղադրանքներ է հնչեցրել, Հայաստանին «ռազմական հանցագործությունների» մեջ է մեղադրել, Արցախյան երկրորդ պատերազմի մի շարք իրադարձություններ՝ նշելով, թե Հայաստանը «հանցագործ պետություն է»։

Իլհամ Ալիեւն օրերս մասնակցել է Մինգեչաուրում էլեկտրակայանի բացման արարողությանը, եւ առիթը բաց չի թողել Հայաստանի հասցեին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար։ «Բոլորը հետեւում են այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացներին։ Կարելի է ասել, որ մեր շուրջը հակամարտությունները չեն մեղմանում, ընդհակառակը, ի հայտ են գալիս նոր հակամարտության գոտիներ։ Կան բախումներ, պատերազմներ, որոնք հանգեցնում են մեծ աղետների եւ մարդկային ողբերգությունների։ Մենք նաեւ շատ լավ գիտենք, թե ինչ է պատերազմը։ Մեր հողերը տարիներ շարունակ օկուպացված էին, եւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը ոչ միայն կրակի տակ էր պահում մեր քաղաքները, գյուղերը եւ բնակելի տարածքները, այլեւ, այսպես ասած, չէր մոռանում իր հրթիռներն արձակել նույնիսկ այստեղ՝ դեպի Մինգեչաուր»,- նշել է Ալիեւը՝ ասելով, թե նպատակը էներգետիկ ենթակառուցվածքները կաթվածահար անելն էր։

«Նույնիսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ Հայաստանը, որը դիմում էր մեր դեմ տարբեր մեթոդների, սպառնում էր ռմբակոծել Մինգեչաուրը, ոչնչացնել ամբարտակը եւ շարքից հանել Մինգեչաուրի էլեկտրակայանը։ Այս տարածքում ընկած արկերն ու հեռահար հրթիռները հստակ ապացույց են։ Սա ագրեսիա էր քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Սա ռազմական հանցագործություն է։ Հայաստանի ռազմական հանցագործությունները սրանով չեն սահմանափակվում»,- ասել է Ալիեւը՝ Հայաստանին մեղադրելով ադրբեջանական բնակավայրերը հրետակոծելու մեջ։

Ինչի՞ հանգեցրեց Հայաստանի «խաղաղության» օրակարգը, Ադրբեջանի դեմ պահանջների ներկայացումից ամբողջական հրաժարումը… Ալիեւի կողմից Հայաստանին նորանոր մեղադրանքների տարափը չի դադարում: Ու դրանց պաշտոնական Երեւանն անգամ, եթե որոշում է պատասխանել, հնչում են կցկտուր հայտարարություններ, որոնք ամփոփվում են անպայման հիշեցմամբ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ:

Ալիեւը, մինչդեռ, նպատակ ունի մոռացության մատնել փաստը, որ Ղարաբաղյան երկու պատերազմները սանձազերծել է Բաքուն, որ Արցախը հայաթափել է Ադրբեջանը: Հայաստանը այս փաստերն անգամ փորձ էլ չի անում հիշեցնել: Դրա արդյունքում Ալիեւը հստակ քաղաքական գիծ է որդեգրել` Հայաստանը ներկայացնել որպես «ահաբեկչական» պետություն:

Ու սա այն դեպքում, երբ միջազգային կառույցները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանում տիրող ապօրինությունների մասին: Վերջին օրերին նման հայտարարությունների, գնահատականների պակաս չի զգացվել:

Քննադատություն հնչեց Եվրամիությունից: Abzas Media-ի լրագրողների եւ աշխատակիցների հանդեպ ընդունած խիստ դատավճիռները մտահոգիչ են, նշվել է Եվրամիության դիվանագիտական ծառայության օրերս տարածած հայտարարության մեջ։ «Անկախ լրագրությունը կարեւոր դեր է խաղում թափանցիկության, հաշվետվողականության եւ տեղեկացված հանրային քննարկման ապահովման գործում։ Եվրոպական Միությունն Ադրբեջանին կոչ է անում հարգելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարելու միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները եւ անհապաղ քայլեր ձեռնարկելու բոլոր լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատողների համար անվտանգ եւ նպաստավոր միջավայր ապահովելու համար։ ԵՄ-ն հանձնառու է շարունակելու մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Abzas Media-ն հայտնի է պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով։ Օրինակ՝ գործակալության լրագրողները պարզել էին, որ Զանգիլանի շրջանում բարձր տեխնոլոգիական «խելացի գյուղի» կառուցումն իրականացնում է նախագահի օգնականի եղբոր ընկերությունը։ Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Ադրբեջանի դատարանը դատապարտել է Ալիեւների ընտանիքի բիզնեսը հետաքննած լրագրողներին։

Օրեր առաջ Բաքվի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, հետազոտող Բահրուզ Սամեդովին։ Ադրբեջանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել Հայաստանի օգտին լրտեսության համար։ Ինքը՝ Սամեդովը ներկայացված մեղադրանքը չի ընդունել։

Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել էր նախորդ տարվա օգոստոսին։ Մինչեւ բանտում հայտնվելը Սամեդովը շարունակաբար հանդես էր գալիս Հայաստանի հետ խաղաղության հաստատման դիրքերից։ Բահրուզ Սամեդովի հարազատները նշում են, որ նախորդ շաբաթ նա փորձել էր ինքնասպան լինել։ «Այդ փորձը, սակայն, կանխվել էր խցակիցների կողմից», – հաղորդում է ընդդիմադիր Meydan TV կայքը։

Օրեր առաջ Լրագրողների պաշտպանության կոմիտեն անդրադարձել է Ադրբեջանում լրագրողների ազատազրկումներին: Ութ ադրբեջանցի լրագրող դատապարտվել է 7,5-ից մինչեւ 15 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանում ընթացող մի շարք դատավարությունների շրջանակում, որոնք վտանգում են անկախ լրագրության գոյությունը կովկասյան այս երկրում: Հայտարարության մեջ հիշատակվել են Բահրուզ Սամեդովի 15 տարվա ազատազրկման վճիռը, ինչպես նաեւ «Abzas Media» պարբերականի վեց լրագրողների դատավճիռները, որոնցով նրանք մեղավոր են ճանաչվել կազմակերպված խմբով մի շարք ֆինանսական հանցագործություններ կատարելու՝ այդ թվում արժույթի մաքսանենգության, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեջ։ Ըստ կազմակերպության` 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Ֆարիդ Մեհրալիզադեն՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Գուլնոզա Սայիդը հայտարարել է. «Abzas Media»-ի գործով յոթ լրագրողի եւ Բահրուզ Սամադովի դեմ նշանակված ծանր պատժաչափերը վկայում են անկախ լրագրությանը վերջ տալու Ադրբեջանի իշխանությունների մտադրության մասին։ Հատկապես մտահոգիչ է Սամադովի ինքնասպանության փորձի մասին հաղորդումը։ Իշխանությունները պետք է ապահովեն նրա անվտանգությունը եւ անհապաղ ազատ արձակեն բոլոր անօրինական կալանավորված լրագրողներին»։

«Abzas Media»-ն CPJ-ին հայտնել է, որ մեղադրանքները «ծիծաղելի են եւ հորինված», որ իրենց աշխատակիցների միակ «մեղքը» եղել է կոռուպցիայի, իշխանության չարաշահումների բացահայտումը եւ անհարմար ճշմարտությունների մասին հանրությանը տեղյակ պահելը։ Իսկ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը Ֆարիդ Մեհրալիզադեի դատավճիռն անվանել է «կեղծ» եւ «անհարկի դաժան»։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն անդրադարձել է գաղտնիությամբ քողարկված` «դավաճանության» գործերին: 2023թ. վերջից առնվազն 20 ադրբեջանցի առաջատար լրագրող է ձերբակալվել՝ Արեւմտյան դոնորներից ֆինանսավորում ստանալու մեղադրանքով։

2024թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ բանտարկված լրագրողների մասին CPJ-ի տարեկան հաշվետվությունում Ադրբեջանը նշվել է որպես աշխարհի 10-րդ վատթարագույն երկիրը. 13 լրագրող ճաղերի հետեւում է։

Սամադովի դեմ ներկայացված մեղադրանքների ամբողջական մանրամասները չեն հրապարակվել։ Նա համագործակցել է Վրաստանում գործող OC Media-ի եւ ԱՄՆ-ում հիմնված Eurasianet-ի հետ։ Նրան ձերբակալել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները՝ հայրենիք այցելության ժամանակ։ Դատական գործը դասակարգվել է որպես գաղտնի։ Սամադովը խաղաղության ակտիվիստ է՝ Հայաստանի հետ հաշտեցման կողմնակից, ինչպես նաեւ դոկտորանտ Չեխիայում։ Կառավարամետ լրատվամիջոցները, որոնք պարբերաբար հրահանգներ են ստանում իշխանություններից, Սամադովին մեղադրել են «հակաադրբեջանական» Eurasianet-ի համար «կործանարար» հոդվածներ գրելու մեջ։ Նրա հոդվածները, որոնք CPJ-ն ուսումնասիրել է, կենտրոնանում են Ադրբեջանում միլիտարիզմի եւ ավտորիտարիզմի աճի վրա։

2023թ. նոյեմբերին, Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող «լրտեսների» դեմ պետական մեդիաարշավի շրջանակում ոստիկանությունը խուզարկել է «Abzas Media»-ի գրասենյակը՝ հայտարարելով, որ հայտնաբերել են 40,000 եվրո (45,900 ԱՄՆ դոլար)։ Նրանք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատներին մեղադրել են «Abzas Media»-ին անօրինականորեն ֆինանսավորելու մեջ։ Հաջորդ երեք ամիսների ընթացքում 6 լրագրող է ձերբակալվել։ 2024 թ. ձերբակալվել է նաեւ Ֆարիդ Մեհրալիզադեն, թեեւ նա եւ «Abzas Media»-ն հերքել են, թե ինքն աշխատել է պարբերականի համար։

Ադրբեջանի օրենսդրությամբ քաղաքացիական հասարակության խմբերը պարտավոր են արտասահմանյան դրամաշնորհները պետական հաստատման միջոցով ստանալ։ Իշխանություններն «Abzas Media»-ին մեղադրում են այդ պահանջը չկատարելու մեջ։ CPJ-ի ուսումնասիրած պաշտպանական փաստարկներում նշվում է, որ նման խախտումների համար տուգանք է նախատեսված, եւ ոչ թե քրեական պատասխանատվություն։ Դատախազությունն էլ չի ներկայացրել լրագրողների կողմից հանցավոր գործունեության ապացույցներ։ Մարդու իրավունքների պաշտպանները իշխանություններին մեղադրում են դրամաշնորհների թույլտվությունները կանխամտածված կերպով մերժելու եւ այդպիսի կազմակերպությունները չգրանցելու մեջ։

Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի` 2024թ. փետրվարին «Կանալ 13» անկախ հեռուստաընկերության տնօրեն Ազիզ Օրուջովը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ անօրինական շինարարության մեղադրանքով։ 2024 թ.-ի դեկտեմբերին «Կանալ 11»-ի ղեկավար Թեյմուր Քարիմովն է 8 տարվա ազատազրկման դատապարտվել։ «Թոփլում TV»-ի 5 լրագրող եւ «Մեյդան TV»-ի 10 աշխատակից եւս դատարանի առաջ է կանգնել՝ արտասահմանյան ֆինանսավորում ստանալու նմանատիպ մեղադրանքներով։

Հարց Հայաստանի իշխանություններին` ինչո՞ւ են Ադրբեջանում Հայաստանի հետ խաղաղության հաստատման կողմնակիցները հայտնվում բանտում…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30