Երկու օր է՝ ՔՊ-ականներն աղաղակում են, թե Հայաստանում կանխվել է նոր հոկտեմբերի 27: Կառավարության նիստի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը դերասանական խաղով հայտարարեց՝ կանխվել է ահաբեկչության փորձ, եւ ասաց, որ պատրաստվում է պարգեւատրել «օպերացիան» իրականացրած իրավապահներին:
Այսօր Բագրատ սրբազանին ահաբեկչության մեջ մեղադրող Փաշինյանը, մինչդեռ, 2016-ին ողջունում էր «Սասնա ծռերի»` ՊՊԾ գունդը գրավելը, որի ժամանակ ոստիկաններ էին զոհվել, մարդկանց էին պատանդ վերցրել: Փաշինյանն ասում էր. «Գիտեք, եթե մենք էս իրավիճակին պետք է գնահատական տանք Քրեական օրենսգրքի որեւէ հոդված բացելով եւ ցիտելով, սա նշանակում է, որ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում եւ ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները: Ինձ համար անընդունելի է «Սասնա ծռերին» ուղղակի ահաբեկիչ որակելը, սա նշանակում է չիմանալ, շփում չունենալ Հայաստանի ժողովրդի հետ…»:
Սերժ Սարգսյանի դեմ 10 տարիների ընթացքում մի քանի մահափորձ է տեղի ունեցել: Մեկը 2009 թվականին կարճվել է, այդ գործով մեղադրանք էր առաջադրվել Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո), որը 4 տարի հետախուզման մեջ էր: Մադաթյանին եւ մի խումբ մարդկանց մեղադրում էին բարձրաստիճան պետական այրերի, այդ թվում՝ Ռ. Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Դավիթ Հարությունյանի եւ ուրիշների դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Իսկ 2015 թվականին իրավապահները Նորք-Մարաշում բացահայտեցին մի խմբի, որոնք մեծաթիվ զենք-զինամթերք էին կուտակել՝ Սերժ Սարգսյանին վերացնելու` նրա ինքնաթիռը պայթեցնելու, պետական մարմինների՝ նախագահի նստավայրի, ԱԺ-ի ու Հանրային հեռուստաընկերության վրա հարձակվելու պլաններ էին մշակել, որին պետք է ներգրավված լիներ մոտ 20 անձ: Խմբի աջակիցների թվում էր նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Այսօր Բագրատ սրբազանի եւ նրա աջակիցների դեմ աղմուկը շատ է, բայց ապացույցներ չկան, իսկ Նորք-Մարաշի առանձնատնից մի արսենալ զենք էր հանել ԱԱԾ-ն: Նկատենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի իշխանության մերժումը 2018-ին չի ծնվել, այլ շատ ավելի վաղ է առաջացել: Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի դեմ մերժումը 2025-ին չի առաջացել, այլ՝ 2020-ից սկսած: «Հրապարակը» զրուցել է Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Արա Պապյանի հետ:
– Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Բագրատ սրբազանին եւ նրա աջակիցներին` իր դեմ տեռոր նախապատրաստելու համար, իսկ 2016-ին, երբ «Սասնա ծռերը» գրավել էին ՊՊԾ գունդը, նույն Փաշինյանը հայտարարում էր, որ «Սասնա ծռերին» ահաբեկիչ որակելը նշանակում է չիմանալ հայ ժողովրդին, չշփվել նրա հետ: Այժմ չի՞ ճանաչում, չի՞ շփվում ժողովրդի հետ:
Կարդացեք նաև
– Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ հակասում է իրեն, այն էլ՝ տրամագծորեն հակառակ: Ի դեպ, ուզում եմ մի շատ կարեւոր բան ընդգծել. «Սասնա ծռերին» որեւէ մեկը չէր մեղադրում ահաբեկչության մեջ, մեղադրանքը եղել է շենք-շինություններ գրավելու, սպանություն կատարելու համար: Մի կողմ եմ թողնում, թե որքանով է այդ ամենն ապացուցված, ուզում եմ շեշտել, որ անգամ ՊՊԾ գունդը գրավելու պարագայում տեղի ունեցածն իրավացիորեն չորակվեց ահաբեկչություն, տեռոր: Այժմ ինչ-որ զենքեր են գտել, որոնք օրինական են, ունեն թույլտվություն, ի՞նչ ահաբեկչության մասին կարող է խոսք լինել, ասեմ ավելին՝ եթե այդ զենքերը լինեին անօրինական, այդ ամենը չէր կարող դիտարկվել ահաբեկչություն: Ահաբեկչությունը հստակ գործողություն է, որը միտված է ահաբեկելուն: Բագրատ սրբազանը որեւէ մեկին չի ահաբեկել: Այստեղ խնդիրը կարող էր լինել բացառապես անօրինական զենքը, սակայն պարզվեց՝ զենքերն օրինական են: Ինչ վերաբերում է այդ թղթի կտորներին, որոնք իբրեւ իշխանությունը զավթելու պլան են որակում, կամ այդ ձայնագրությունները, որոնք նախաքննության նյութեր են համարվում, եւ իրավունք չունեին հրապարակելու, ինչո՞ւ են հրապարակում, նման բան անելը հստակ արգելում է օրենքը: Չի կարելի օրենքի խախտումով փաստեր հավաքել: Այդ ձայնագրությունները լուրջ կասկածի առիթ են տալիս, արդյո՞ք դրանք իրական են: Ի դեպ, եթե անգամ դրանք իրական են, ոչ մի առանձնապես հանցակազմ չկա այդտեղ, բայց անգամ չի եղել փորձաքննություն, չկա հիմնավորում: Իշխանությունները բազմապիսի հայտարարություններ են անում, տալիս են գնահատականներ, ինչի արդյունքում կալանավորվեցին մի շարք անձինք: Այս ամենն իրավապահ համակարգի հստակ ուղղորդում է, արդարադատության ոտնահարում, ինչն ինձ համար չի կարող լինել ընդունելի:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: