«Ամիսներ առաջ արդարացման հիմքով կարճվեց գործ, որտեղ «նիկոլի թվի» իրավապահները մարդուն մեղադրում էին իշխանության յուրացման մեջ՝ հիմքում դնելով կեղծված ձայնագրություն». Կոչուբաեւ
Արդեն կալանավորված են Բագատ սրբազանը, «Սրբազան պայքար»-ի աջակիցներից՝ Լիդյա Մանթաշյանը, Միհրան Մախսուդյանը, Արմեն Ալեքսանյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը… Դատական նիստերը, ինչպես գիտեք, անցկացվում են դռնփակ ընթացակարգով, ցանկացած կալանքի դեպքում, կալանքի միջնորդությամբ հանդես եկող կողմը բերում է ապացույցներ, որպեսզի հիմնավորի կալանքի միջնորդության իրավաչափությունը: Այս գործով միջնորդություններն արվել են ԱԱԾ քննիչների կողմից:
Մինչդեռ, դեռ ենթադրյալ կասկածյալին դատարան չտարած, իշխանամերձ շրջանակները կազմակերպեցին նախաքննական գաղտնիք պարունակող նյութերի արտահոսք, արտադատարանական «մեղադրանքն» էին «պաշտպանում» հատկապես facebook սոցիալական ցանցում: Բացեք քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության էջերը, գործի մասին զրո լռություն…
Երկու օր շարունակ իշխանամերձ լրատվականներից մեկով շրջանառության մեջ էր դրվել ինչ-որ «Հեղաշրջման պլան», հոգեւորականների դեմ ձայնագրություններ, որոնք ակտիվ սկսեցին քննարկվել քպ-ական պատգամավորների, նրանց «գերագույն» մարմնի անդամների կողմից: Զարմանալին այն է, որ դեռ պաշտոնապես չկար որեւէ հաղորդագրություն, թե կատարվել է հանցագործություն, կամ՝ նախապատրաստվել է, կամ թե կասկածյալներ են ձերբակալվել…
Կարդացեք նաև
Երեկ երբ պաշտոնապես ՔԿ-ն շրջանառեց «ձայնագրություն», սկսվեցին «արտադատարանական» նիստերը…
Տպավորությունն այնպիսին էր, թե կառավարությունն իր ողջ կազմով «փակ վկա է» կամ՝ ընթերակա, ուղղակի չիմանալով օրենքը, իրենց տեսածն ու լսածն են տարածում:
ԱԺ նախագահը, նախարար Ավանեսյանը, նախկին նախարար, ներկայիս ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահ Թորոսյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը տվեցին մեկնարկը, հանրապետությունում սկսված ձերբակալությունների, արդեն իրենց իմացած՝ ահաբեկչությունների վերաբերյալ վիրավորական, ձերբակալվածների անմեղության կանխավարկածը խախտող թունոտ գրառումներ էին կատարում, համեմատում «Մարտի 1-ի», «Հոկտեմբերի 27-ի» գործերի հետ: Այդպիսի համարձակ համեմատություն անգամ փորձառու իրավաբանները չեն անի, երբ գործի նյութերից ընդամենը մի ձայնագրություն կա արտանետված, մեկ էլ՝ կից ցուցակ: Ոչ ավելին:
Ի դեպ, այդ երկու հիշատակված գործերի մասին տարիներ առաջ բարձրաձայնեցին նախագահը, Գլխավոր դատախազը:
Մինչդեռ, այստեղ հակառակ պատկերն էր: Մարդիկ, ովքեր մղոններով հեռու են իրավական գործընթացներից, անգրագետ են, օրենք չգիտեն, իրենց ենթադրությունները հրամցնում էին որպես հարյուր տոկոսով կատարված իրողություններ:
Բանը հասավ նրան, որ հանրային հեռուստատեսությամբ մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր հյուրի՝ Ալեն Սիմոնյանի հետ «ապացույցի», հրապարակային զննություն կատարեցին, այն է՝ լսեցին մի ձայնագրություն, որի որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշում անգամ չկա, եւ չի բացառվում, դատական գործընթացների ժամանակ պարզվի, որ դրանք ապօրինի ճանապարհով են ձեռք բերվել (այն է ոչ իրավասու մարմնի կողմից, այն է՝ գաղտնալսել են, եւ այլ, եւ այլն):
Այս մարդկանց մի մասը օրենսդիր մարմնից է, կարծես փոփոխություններ են վրա-վրա անում քրեական դատավարության օրենսգրքում, քրեական օրենսգրքում, մի բան պարզ է, որ ոտաբոբիկ լինելով իրավական գիտելիքներից, գոնե կարդացած լինեն քրդատը. «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Հասկանալի էր, որ շտապում են լսարանի առաջ, կա դերաբաշխում, ով ում վրա պետք է քար նետի՝ պիտակավորված, թիրախավորված, հայհոյախառն:
Իրականում ձեռի հետ նրանք նաեւ նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ էին բլթցնում, որի իրավունքը չունեին, եթե ազդարարը, գաղտնալսողը, կամ մեկ այլ շահագրգիռ անձ չեն եղել:
Ակամայից հիշեցի իրենց կուսակցի՝ Հովիկ Աղազարյանի «դատավարությունը», տպավորությունը դարձյալ նույնն էր. խմբակային դիտել էին, զննել նրա անձնական, քննիչի կողմից առգրավված հեռախոսը, լսել խոսակցությունները, բարձրացրել … սպիտակեղենը:
Չգիտես ինչու, նույն սոցիալական ցանցերում, սակայն, նրանք ականջալուր չէին լինում, կամ չէին նկատում իրավաբանների, գործով ներգրավված փաստաբանների խոսքին, չնկատեցին խուզարկությունները: Մի դրվագ կա, երբ ուղիղ եթերով սրբազանին քննչական կոմիտե պիտի տանեն, քաղաքացիական հագուստով անձինք «ապացույցները»՝ արկղեր, բերում են, դնում սովորական մի մեքենայում, նորից գնում ապացույցների հետեւից. մեքենայի մոտ չկար հսկողություն…
Նման փնթիությունը խոսում է ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, ահա թե ինչու մարդիկ չեն հավատում: Ասածիս վկայությունն է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի երեկ հայտնածը. «Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց։ Դիլեման այն չէ, որ կալանավորվեց, այլ այն, որ կալանավորվեց այլ Արմենի փոխարեն։ Քննիչները, դիտավորյալ, թե ոչ, սխալ էին զննել հեռախոսային խոսակցությունները եւ այլ անձի գործողությունները վերագրել են պաշտպանյալիս»:
«Շատ մեղմ եմ ասում՝ անարդար բան է տեղի ունենում. քննչականը իրար հետեւից վարույթի նյութեր է տալիս, նրանք գտնվում են քաղաքական կառույցի հետ ուղիղ կապի մեջ՝ Civic.am-ի, նախաքննական ամբողջ տվյալները հանրությանը ներկայացնում են հերթով, մեզ էլ արգելում են որեւէ բան ասել, իբրեւ նախաքննական»,- ՔԿ-ից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Տիգրան Գալստյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ այսպիսով իշխանությունը հանրությանը մոլորեցնող տեղեկություններ են տալիս՝ դաշտը իրենց վերահսկողության տակ պահելու համար:
News.am-ի հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանն անդրադառնալով նրան, որ Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ Բագրատ Սրբազանը դատարանում խոստովանել է, որ ձայնագրությունները իրական են եւ ոչ մի արհեստական բանականության գործիք չի օգտագործվել, ասել է. «Դատական նիստը փակ է եղել, որտեղից պատգամավորին այդ ինֆորմացիան: Ես կխնդրեմ կապվեք իր հետ եւ հարցրեք՝ արդյո՞ք դատարանի դահլիճում էլ են իրենք համապատասխան ձայնագրող սարք դրել, թե՞ քննիչն է զանգում իրեն՝ ներկայացնում ամեն ինչ»:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը հորդորել էր. «Տուրք մի տվեք իրավապահների կեղծ հայտարարություններին, հիմա «նիկոլի թիվնա», ամեն ինչ կեղծ է, ընդամենը ամիսներ առաջ արդարացման հիմքով կարճվեց գործ, որտեղ «նիկոլի թվի» իրավապահները մարդուն մեղադրում էին իշխանության յուրացման մեջ՝ հիմքում դնելով կեղծված ձայնագրություն։ «Հեղաշրջման պլանի» հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, նա էր նաեւ 2008 թվականի մարտի 1-ի հեղինակը, ըստ նրա՝ իշխանության գալու միակ ձեւը սահմանադրական հեղաշրջումն է ու դա է պատճառը, որ բակում հավաքված 5 հոգին, ըստ իրեն, պետական հեղաշրջման փորձ է…»: Սրբազանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ երեկ ճեպացրույցում ասել է. «Այս գործին իրավաբանական տեսանկյունից լուրջ վերաբերվել հնարավոր չէ»: Իսկ փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ դատարանի առջեւ լրագրողների հետ զրուցելիս՝ ասաց. «Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները «մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Բագրատ սրբազանի համար հարեւան երկրից չուշացավ արձագանքը:
«Ես չգիտեմ, թե ինչու ադրբեջանական կողմը դեռեւս նրա դեմ քրեական գործ չի հարուցել։ Բայց ամեն դեպքում, ավելի լավ կլիներ, եթե նրա դեմ քրեական գործ հարուցվեր, եւ Ինտերպոլով հետախուզում հայտարարվեր։ Որովհետեւ ես այս մարդուն ճանաչում եմ դեռ Ղարաբաղից, այդ ժամանակ նա Դաշնակցություն կուսակցության զինված ուժերի ղեկավարներից մեկն էր»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւը, որի այս հայտարարությունն, ըստ իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի. «այս օրերին դառնալու է շատ արդիական, եւ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը պահանջելու է ՀՀ իշխանություններից Բաքվին հանձնել Բագրատ Սրբազանին, որպես խաղաղության համար անհրաժեշտ նախապայման»:
«Առավոտ» օրաթերթ
27.06.2025