Իմ կյանքի ընթացքում ես ներկա եմ եղել, երբեմն մասնակցել եմ տարբեր բանավեճերի՝ «ֆիզիկական» եւ, հիմա ավելի հաճախ՝ վիրտուալ: Այս տասնամյակների ընթացքում ես չեմ կարող նշել ԳՈՆԵ ՄԵԿ դեպք, երբ այդ բանավեճերի արդյունքում կողմերից մեկն ասի՝ «դե, լավ, համոզեցիք, իմ տեսակետը սխալ էր, այսուհետ ես կպաշտպանեմ քո տեսակետը»: Կամ գոնե՝ արդյունքում կողմերը մի քիչ ձեւափոխեին եւ մեղմացնեին իրենց դիրքորոշումները: Լավագույն դեպքում բանավիճողներն ասում են՝ «մենք իրար չհամոզեցինք, հաջողություն», վատագույն դեպքում՝ նրանք թշնամանում են ու իրարից խռովում: Դպրոցում մեզ սովորեցնում էին՝ իբր «վեճերի ժամանակ ծնվում է ճշմարտությունը», բայց փորձը ցույց է տալիս, որ իրականում ոչ մի բան էլ չի ծնվում: Անձամբ իմ դեպքում՝ մեռնում է դիմացինի հետ շփվելու որեւէ ցանկություն:
Ենթադրենք, դուք հանդիպում եք մի մարդու, որն ասում է՝ «երբեք Հայաստանում այնքան լավ չենք ապրել, որքան վերջին 7 տարում»: Դուք փորձում եք առարկել՝ «բա պարտությո՞ւնը, բա զոհե՞րը, բա Արցախի կորո՞ւստը, բա Հայաստանի տարածքային կորուստնե՞րը»: Դրան ձեր զրուցակիցը պատասխանում է՝ «Իսկ Նիկոլն այդտեղ ի՞նչ կապ ունի»: Վերջ՝ փակուղի: Շփումը շարունակելն անիմաստ է: Դուք ունեք «լավ ապրելու» ձեր չափանիշները, ձեր դիմացինը՝ իրենը:
Ի՞նչը կարող է փոխել մարդկանց կարծիքը: Ռուբեն Վարդանյանն ասում էր՝ անձնական օրինակը, անձնազոհությունը: Եվ ոչ միայն ասում էր, այլեւ՝ արեց: Բայց եկեք անկեղծ լինենք՝ դա չի աշխատում: Նույն Ռուբենի այդ քայլի մեջ հասարակության ստվար զանգված ինչ-որ թաքնված հաշվարկներ է փնտրում, ինչ-որ մեկի «գործուղումը»: Իմաստ ունի՞ վիճել այդ տեսակետի հետ: Ինձ թվում է՝ ոչ:
Մարդկանց տեսակետը տեսականորեն կարող են փոխել միայն փոփոխվող հանգամանքները: Օրինակ, երբ մարդիկ սեփական մաշկի վրա են սկսում զգալ, որ իրենք իրականում «ոսկե դարում» չեն ապրում: Բայց եթե մարդիկ բժժած են իրենց գլխին թափվող քարոզչական ստերի ցեխաջրերից, նրանք անգամ դա կարող են չզգալ:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես կարծում եմ, որ դուք բանավիճել չգիտեք։ Դուք հաճախ սիրում եք կրթել և դաստիարակել, ինչը ինքնին վատ չէ։ Սակայն ձեր մտքերը հիմնավորելիս երբեմն մեջբերումներ եք անում միջնադարյան փիլիսոփաներից, որոնց անուններն ու գաղափարները իմ կամ 21-րդ դարի այլ մարդկանց համար հաճախ անհայտ են։
Այս առումով հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է մենք, որպես 21-րդ դարի լիարժեք անձնավորություններ, աքսիոմա ընդունենք ինչ-որ միջնադարյան փիլիսոփայի խոսքերը։ Ավելի արդյունավետ կլիներ, եթե դուք ձեր փաստարկները հիմնեիք ավելի արդիական և հասկանալի մոտեցումների վրա, որոնք համապատասխանում են մեր ժամանակներին։
«ինչո՞ւ պետք է մենք, որպես 21-ՐԴ ԴԱՐԻ ԼԻԱՐԺԵՔ անձնավորություններ, աքսիոմա ընդունենք ԻՆՉ-ՈՐ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԻ խոսքերը»։
21-րդ դարի բնակչի սեփական լիարժեքության ինչպիսի վստահություն և երևակայություն։ Եթե միջնադարյան փիլիսոփաների անուններին ու գաղափարներին «Հայ» անունով օգտատերը ծանոթ չէ, դա դեռ չի նշանակում, որ նրանք ու նրանց գաղափարները ոչ մեկիս չպետք է հետաքրքրեն և այդ գաղափարներն այսօր կենսունակ չեն։ Նիկոլն էլ է 21 դարից, բայց մտքով անընդհատ վերադառնում է միջնադար և իրեն «Պապ թագավոր» է երևակայում, որովհետև լավ գիտի, որ միջնադարի Պապ թագավորն իր արժանիքներով մի քանի գլուխ բարձր է 21-ՐԴ ԴԱՐԻ «ԼԻԱՐԺԵՔ» պետական ու քաղաքական անձնավորություններից՝ այդ թվում, իրենից։