Իրավագիտակից քաղաքացի
Բիզնես գործունեության ընթացքում հաճախ հարց է առաջանում, թե ինչպե՞ս անել, որպեսզի ընկերության փաստաթղթերը պատրաստված լինեն պատշաճ ու գրագետ մակարդակով. աշխատանքի ընդունել բարձր վարձատրությամբ իրավաբանի, թե՞ դիմել իրավաբանական ծառայություն մատուցող վստահելի եւ ոլորտում հմտացած ընկերության: Հարցին պատասխանենք՝ անդրադառնալով իրավաբանական աութսորսինգի կամ նույն ինքը՝ իրավաբանական սպասարկման դրական ու բացասական կողմերին:
Հիմնականում որպես բացասական կողմ նշում են իրավաբանի՝ հենց ընկերության գործունեության տարածքում ֆիզիկապես չգտնվելու հանգամանքը:
Սակայն այստեղ առկա է 2 կարեւոր փաստ. նախ, նման ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում որոշակի պարբերականությամբ այցելում են սպասարկվող ընկերություն, հատկապես՝ սկզբնական շրջանում, երբ անհրաժեշտ է ծանոթանալ ընկերության փաստաթղթերին, երկրորդ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում հեռավար աշխատելը խոչընդոտ չէ, առավել եւս, երբ խոսքը Հայաստանի պես երկրի մասին է, որի մայրաքաղաք Երեւանում է կենտրոնացած բիզնեսի զգալի մասը, իսկ մարզեր մեկնելը դժվարություն չէ:
Կարդացեք նաև
Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնեմ իրավաբանական աութսորսինգի 10 առավելությունները՝
- Տնտեսական շահավետություն: Եթե ընդունենք, որ ընկերության կորպորատիվ իրավաբանի միջին աշխատավարձը 500.000 դրամ է, ապա դրան գումարվում է մոտ 30 տոկոս հարկերն ու վճարները: Աութսորսինգի դեպքում խնայողությունը կկազմի մինչեւ 50%: Դրանից բացի, դուք կարող եք վճարել ինչպես կոնկրետ առաջադրանքների կատարման համար, այնպես էլ օգտվել աբոնեմենտային սպասարկումից, այսինքն՝ ամսական ֆիքսված ծառայության փաթեթից:
- Ծախսերի խնայողություն: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունն աշխատում է 12 ամիս, իսկ հաստիքային իրավաբանը՝ 11 ամիս, եւ 1 ամիս՝ արձակուրդ:
- Տարածքի խնայողություն: Հաստիքային իրավաբանը զբաղեցնում է աշխատանքային տարածք, էլ չենք խոսում իրավաբանական ստորաբաժանման մասին, իսկ ծառայությունների արտապատվիրման դեպքում նման խնդիր չեք ունենում:
- Ուսուցման եւ որակավորման բարձրացման խնայողություն: Սովորաբար իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները հետեւողական են իրենց մասնագետների ուսուցման եւ որակավորման բարձրացման հարցերում, ինչը կարեւոր հանգամանք է աճող մրցակցության պայմաններում: Այս նպատակով սպասարկվող ընկերությունը որեւէ ծախս չի անում:
- Ձեռնահասություն կամ կոմպետենտություն: Աութսորսինգի դեպքում հաճախորդ ընկերությունը ստանում է լայն շրջանակի ծառայություններ, նրան սպասարկում են տարբեր մասնագիտացմամբ բարձրակարգ իրավաբաններ, որոնք «ձեռքը պահում են օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի փոփոխությունների զարկերակի վրա»: Ընկերության իրավաբանը սովորաբար լուծում է միատեսակ խնդիրներ եւ կորցնում է որակավորումը կամ չի զարգացնում այլ ուղղություններ:
- Պատասխանատվության ավելի բարձր մակարդակ: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններում աշխատող իրավաբաններն ունենում են ավելի բարձր որակավորում, քանի որ նրանց աշխատանքից է կախված իրավաբանական ընկերության եկամուտը: Իսկ սպասարկվող ընկերության եկամուտը մեծ հաշվով կախված չէ հաստիքային իրավաբանի աշխատանքից, ինչն էլ նվազեցնում է նրա պատասխանատվությունը:
- Որակավորման ավելի բարձր մակարդակ: Իրավաբանը մասնագիտական առաջընթաց է ունենում միայն բարձր որակավորում ունեցող իրավաբանների թիմում՝ կենդանի օրինակների քննարկման հիման վրա: Դրան հնարավոր է հասնել իրավաբանական ընկերություններում, իսկ ընկերության հաստիքային իրավաբանի դեպքում հնարավոր է բացառիկ դեպքում, ինչն էլ նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը:
- Գաղտնիության ավելի բարձր մակարդակ: Որակյալ արդյունքի հասնելու համար իրավաբանը կամ փաստաբանը պետք է իմանա վստահորդի ամբողջ պատմությունը, այդ իսկ պատճառով ավելի խելամիտ է, որպեսզի իրավաբանը չլինի տվյալ կոլեկտիվից: Դրանից զատ, անհրաժեշտ է, որ իրավաբանական ծառայություններ մատուցող եւ դրանից օգտվող ընկերությունները կնքեն գաղտնիության համաձայնագիր, ինչն ավելի կամրապնդի նրանց միջեւ վստահությունն ու պատասխանատվությունը:
- Սոցիալական պարտավորությունների բացակայություն: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունը «չի հիվանդանում», «երեխաներ չի ունենում» եւ «արձակուրդ չի գնում», ինչը ենթադրում է, որ նման ծառայություններից օգտվող ընկերությունները վստահ են մատուցվող ծառայությունների անընդհատության եւ անխափանության վրա:
- Սոցիալական երաշխիքների կատարման ծախսերի բացակայություն: Աութսորսինգի դեպքում չի գործում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքներ աշխատողների համար. ազատման բարդ ընթացակարգ, արձակման նպաստ, աշխատավարձի պահպանում ուսման ընթացքում, լրացուցիչ արձակուրդ եւ այլն:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ի դեպ, բիզնեսի գրանցման, իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:
«Առավոտ» օրաթերթ
09.10.2025


















































