Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթվերք» եկեղեցում քիչ առաջ միասնական աղոթք հնչեց՝ ի աջակցություն Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
Եկեղեցին այնքան մարդաշատ էր, որ կանգնելու տեղ չկար․ Շիրակի մարզի տարբեր համայնքներից հավատացյալները եկել էին Գյումրի՝ միասնական աղոթքի։ Հավատացյալների դեմքին նկատելի էր հուզմունք, վրդովմունք, աչքերին երբեմն արցունքներ էին հայտնվում։ Տարեց մարդկանցից մինչև նորածիններ եկեղեցում էին, կային մայրեր, որոնք երեխաներին գրկած՝ միասնական աղոթք էին հնչեցնում։
Հոգևոր հայրերից մեկը, դիմելով հավատացյալներին, ասաց․ «Բոլորս էլ մեծ ցավ ու վիշտ ենք ապրում այն իմաստով, որ ինչ տեղի է ունենում մեր երկրի մեջ․ մարդիկ, որոնք հայտնի են, ճանաչված են իրենց հայրենասիրությամբ, իրենց ազգային ոգով, եկեղեցասիրությամբ, այդ մարդիկ, ցավոք, ստացվում է այնպես, որ տեղ չունեն մեր երկրի մեջ։
Կարդացեք նաև
Ստացվում է այնպես, որ այդ մարդիկ պիտի դատապարտվեն, ինչի համար, այն բանի համար, որ հայրենասեր են, աստվածասեր են, որ մեզ՝ որպես ժողովուրդ, ընտանիք են տեսնում ու այդ ընտանիքի համար մտածում են»։
Աղոթքներում հիշեցին նաև կալանավորված Բագրատ Սրբազանին, գործարար, ազգի բարերար Սամվել Կարապետյանին։ Իսկ այսօրվա աղոթքը, ըստ հոգևորականների, ոչ միայն կալանավորված Միքայել Սրբազանի ազատ արձակման համար էր, այլ հասարակության շտկվելու, սխալները գիտակցելու ու ուղղելու։
Այսուհետ ամեն օր պատարագ է մատուցվելու Գյումրիում։
Միասնական աղոթքի ժամանակ էլ սկսվեց ստորագրահավաք, որով հավատացյալները պահանջում են անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Ինչպես տեղեկացնում է Միքայել Սրբազանի փաստաբաններից մեկը՝ Թամարա Յայոլյանը․ «Կես ժամում եկեղեցու մեջ 200 մարդ ստորագրեց, և շատերն ուզում էին ստորագրել, բայց թուղթ չկար»:
Ստորագրահավաքի տեքստում գրված է․
«Հայտարարություն․
Մենք` ներքոստորագրողներս, հանդիսանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հետևորդներ:
Մենք, տարբեր սոցիալական ծագման, կրթական ցենզի, քաղաքական հայացքների տեր մարդիկ ենք:
Մեր գերագույն նպատակը և մղումները ուղղված են Հայ եկեղեցու` որպես մեր հոգևոր ազգային արժեքի պահպանմանը:
Մեր` Շիրակի մարզի հավատացյալների կյանքի ճանապարհին հոգևոր ուղեկցող է հանդիսացել Շիրակի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը :
Սրբազանը ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլև Մարդ, ով անտարբեր չի եղել ոչ մեկի խնդրի ու հոգսի նկատմամբ:
Սրբազանը ցանկացած հավատացյալի հոգևոր հայրն է եղել և կա, նրա միակ նպատակն ու ծառայությունն ուղղված է եղել իր հոտի պաշտպանությանը, հոգևոր դաստիարակությանը և Հայ Առաքելական եկեղեցու սկզբունքների պաշտպանությանը;
Սրբազանը քաղաքական պաշտոնի նկրտումներ չի ունեցել և չունի. Սրբազանի կողմից հանրայնորեն հանդես գալը ստիպված, պարտադրված քայլ է եղել, քանի որ օրվա իշխանությունները աննախադեպ հարձակում էին սկսել ՀԱԵ-ի նկատմամբ:
Սրբազանը հանդես է եկել ի պաշտպանություն մեր ազգային արժեքների, մեր պատմական հիշողության, մեր հավատքի:
Այսօր նա հալածվում է, քանի որ պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցուն, պաշտպանել է մեր հավատքը:
Մենք կոչ ենք անում բոլոր հավատացյալներին, մտավորականներին, ականավոր գործիչներին, եկեղեցիների համաշխարհային խորհրդին ,արտերկրում գործող և ապրող մեր հայրենակիցներին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ի պաշտպանություն Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի:
Պահանջել իշխանություններին ազատ արձակել Սրբազանին և դադարեցնել նրա նկատմամբ հալածանքը»:
Տեր Նշան քահանա Պարֆյոնովը մեզ հետ զրույցում ասաց՝ սպասելի էր, որ Միքայել Սրբազանին կկալանավորեն։
«Եթե 1000-2000 ուժայինների հանել էին փողոցը, իզուր չէին հանել և մակագրել էին մի դատավորի, որը երկու օր առաջ մի այլ արքեպիսկոպոսի էին կալանավորել, մանավանդ որ իրենք երևի թե ուզում են այդ երկու Սրբազանների գործերն իրար կապել»։
Մեր դիտարկմանը, թե Միքայել Սրբազանը քաղաքական շարժում չէր առաջնորդում, մեր զրուցակիցն ասաց․ «Մենք, գիտենք, իրենք էլ լավ գիտեն»։
Տեր Նշանն ասաց, որ Միքայել Սրբազանը շատ լավ տրամադրության մեջ է, այս մասին իրենց փոխանցել են նրա փաստաբանները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ