«Մենք ստիպված ենք փաստելու եւ դա ակնհայտ էր, որ սրբազանի կալանավորումն իրավական գործընթաց չէ, պարզապես դատավարության իմիտացիա է, որը ձեւական առումով ապահովեց: Բովանդակությունը զրո է, եւ սրանք չափազանցված խոսքեր չեն»,- ասուլիսում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամ Ռոման Ահարոնյանը:
«Առաջին հանգամանքը՝ բոլոր փաստաբաններն էլ կփաստեն, որ նույնիսկ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով կալանավորման հիմքերը ոչ միշտ են հաստատված, մեկն են, երկուսն են, բայց այստեղ բոլորը կան: Քրեական դատավարության օրենսգիրքը ինչ հնարավոր բան նախատեսում է, այստեղ բոլորը գրված է: Եվ ասել անհիմն են, նշանակում է՝ ոչինչ չասել, տեղ-տեղ նույնիսկ անտրամաբանական են եւ անիմաստ»,-ասաց փաստաբանը:
Նաեւ օրինակ բերեց. «Խափանման միջոցն, ընդհանրապես ինչո՞ւ են կիրառում, ինքը վարույթի անվտանգության ապահովման մասին է, այսինքն, որպեսզի վարույթն Ա կետից Բ կետ գնա առանց խոչընդոտների, սահուն, առանց ապօրինի միջամտումների, որպեսզի պետությունն էլ հնարավորություն ունենա արագ, պատշաճ բացահայտել հանցանքը, եւ համապատասխան ընթացակարգերը գնան առաջ:
Հիմա մեզ մոտ ինչ առանձնահատկություն ունենք, մեր չակերտավոր հանցանքը վաղուց բացահայտված է, տեսաձայնագրված է իր բոլոր դետալներով, ամեն ինչով, վաղուց տեղադրված է համացանցում, բոլոր լրատվական միջոցներում: Այսինքն` սա այն հանցանքն է, որը կառուցված է խոսքի բովանդակության վրա, որը չի պահանջում լրացուցիչ ջանք, ապացույց, որով պետք է ապացուցենք որեւէ դետալ, որ փազլը հավաքենք: Վաղուց, այն ինչի համար վարույթ կա, պետք է խափանման միջոց լինի, բացահայտված կա, ընդամենն անհրաժեշտ է այդ տեքստին տալ իրավական գնահատական: Բովանդակային առումով քննությունը կատարված է, հետեւաբար քննությունն ապահովելու անհրաժեշտություն արդեն չկա»,-պարզաբանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամը:
Կարդացեք նաև
«Ասում են՝ մարդուն կալանավորեք, որովհետեւ կխոչընդոտի, որ մենք բացահայտենք, խոչընդոտելուց մեկն էլ վկաների, անձանց վրա ազդելն է: Հիմա Ձեզ եմ հարցնում, եկեք պարզ տրամաբանական վարժություն անենք՝ համարենք, ուզում եմ ազդել, ինչ ցուցմունք կա, ասեք՝ չի» եղել նման բան, ասեք նման բաներ չի ասե՞լ սրբազանը, ինչ ասեք…Իրոք տրամաբանական չի, անիմաստ է նույնիսկ ազդել, ներազդել…Ո՞ւմ վրա պիտի ազդենք, չգիտենք, ինչպես պետք է ազդենք, չգիտենք, ինչու պետք է ազդենք, չգիտենք, բայց կալանավորենք…Մեր արդարադատությունը ցավոք, ֆանտաստիկ նահանջ է ունեցել…»,-ասաց Ռոման Ահարոնյանը:
Ասուլիսն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ