Լրահոս
Օրվա լրահոսը

Ով արհամարհում է Հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա ըստ էության մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք՝ ամուսնացյալ քահանաներս. պատասխան Փաշինյանին

Հունիս 30,2025 14:18

Պատասխան առ ՀՀ վարչապետի՝ ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը

Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնական ձեռնադրությամբ ծառայող ամուսնացյալ քահանա՝ իմ պարտականությունը ոչ միայն Սուրբ Պատարագի մատուցումն ու Աստծո Խոսքի քարոզությունն է և այլ ծեսեր ու արարողություններ, այլև՝ Եկեղեցու միասնության և ամբողջականության պաշտպանությունը, անկախ անձնական հագուրդներից կամ քաղաքական մթնոլորտից։

Վերջերս արված այն հայտարարությունները, թե «ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են», արտաքինից կարող են հնչել որպես եղբայրական ջերմություն և կապի հաստատման փորձ։ Սակայն իրական եղբայրը նա է, ով հարգում է ընտանիքը, այլ ոչ թե պառակտում է այն։

Մեր հոգևոր ընտանիքի գլուխը, Եկեղեցու սահմանված կարգով, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ եպիսկոպոսաց դասը մեր հովվապետական առաջնորդությունն է՝ ձեռնադրությամբ ու Սուրբ Հոգու շնորհով հաստատված։ Ով արհամարհում է Հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա ըստ էության մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք՝ ամուսնացյալ քահանաներս։
Հետևաբար, անհնար է սիրել մեկ անդամին և մերժել Մարմնի գլուխն ու սյուները։

Որպես ծառա Տիրոջ մեջ՝ ես մերժում եմ այն թյուր պատկերացումը, թե հնարավոր է «եղբայրություն» քարոզել մի ձեռքով՝ մինչ մյուսով քանդվում է Հայ Եկեղեցու ինքնիշխանությունը։ Եթե իմ հավատը և նվիրումը հարգանքի են արժանանում, ապա նույնը պարտադիր կերպով վերաբերում է նաև Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ ու ձեռնադրությամբ է յուրաքանչյուր քահանա իր գոտին կապել։

Խնդրում եմ՝ եթե իսկապես եղբայրական մոտեցում ունեք ամուսնացյալ քահանաների նկատմամբ, ապա ձեր խոսքը թող համընկնի ձեր գործերի հետ, և դադարեցվի այն պետական քաղաքականությունը, որը սանձազերծել է արշավ Հայ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսաց դասի դեմ։

Աղոթում եմ, որ ճշմարտության լույսը հաղթի մոլորության խավարին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանա Տեր Վրթանես Բաղալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30