Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով որպես բուհի առանձին տարատեսակ է սահմանվել «հետազոտական համալսարան» հասկացությունը

Հունիս 30,2025 16:49

Այս օրենքի ընդունմամբ մենք կունենանք բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի մեկ իրավական հենք եւ տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված չորս օրենքների փոխարեն կունենանք մեկ ամբողջական օրենք: Կարեւոր է, որ գործող օրենքների համեմատությամբ սահմանվում են նոր հասկացություններ կամ դրանք ամբողջությամբ շարադրվում են նոր խմբագրմամբ՝ համադրվելով նաեւ միջազգային չափորոշիչներին: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 30-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Օրենսդրական նախաձեռնության հետ կապված խորհրդարանական լսումներ էին հրավիրվել հունիսի 27-ին:

Նախարարի տեղեկացմամբ օրենքի նախագծում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության եւ աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր ու կոնսորցիումներ ձեւավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն եւ հետազոտական արդյունքներ:

Նշվել է, որ գործող օրենքների համեմատությամբ սահմանվել են նոր հասկացություններ կամ դրանք շարադրվել են նոր խմբագրմամբ, մասնավորապես՝ գիտական գործունեություն, նորարարական գործունեություն, փորձաքննություն, ակադեմիական միավոր, համատեղ կրթական ծրագրեր, ինտեգրված ծրագիր, հեռավար ուսումնառություն, կարգավորվող մասնագիտություններ, որակավորումների մասնագիտական շրջանակ, միկրոորակավորումներ, կրթաթոշակ, ուսանողի փորձառություն եւ այլն:

Ամրագրվել են «ակադեմիական բարեվարքություն», «ակադեմիական ազատություն», «գիտական կազմակերպությունների եւ բուհական ինքնավարություն», «ակադեմիական գործունեություն», ինչպես նաեւ «մատչելի միջավայր», «ներառականություն» հասկացությունները, դրանց կիրառման մեխանիզմները:

Նախագծով որպես բարձրագույն ուսումնական հաստատության առանձին տարատեսակ է սահմանվել «հետազոտական համալսարան» հասկացությունը, որը բուհական կրթությանը զուգահեռ ապահովելու է հետազոտական մեծ բաղադրիչ, ինչպես նաեւ այս բուհերի համար սահմանվել են բուհական ձեռնարկատիրության հնարավորություններ` սկսած ուսանողական նախաձեռնությունների աջակցությունից մինչեւ բուհում ստեղծված տեխնոլոգիաների առեւտրայնացման հնարավորությունները:

Վերասահմանվել են բուհերի գործառույթները, հաշվետվողականության ու որոշումների կայացման թափանցիկության պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը եւ հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջեւ, ֆինանսական ինքնավարության սահմաններն ու դրանց երաշխիքները: Նախատեսվում է բարձրագույն ուսումնական հաստատություն առանձին կարգավիճակի սահմանում, ոչ առեւտրային կազմակերպության՝ հիմնադրամի կազմակերպական-իրավական տիպի, որի գործունեության առանձնահատկությունները կարգավորվելու են սույն օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով:

Նախարարի տեղեկացմամբ օրենքի մակարդակով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում լիցենզավորմանը եւ հավատարմագրմանը՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում որակյալ ծառայությունների մատուցումը երաշխավորող պետական գործիքներ:

Ժաննա Անդրասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Ներկայացվել են նաեւ առաջարկներ:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է քննարկել հուլիսի 1-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել