Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ քննչական գործողություն չի եղել: Հաշվի առնելով իրենց անձը, սադրանքի տարր եմ այդտեղ տեսնում, որ երկուսն էլ նույն խցում են». փաստաբան. «Հրապարակ»

Հուլիս 02,2025 11:27

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանից հետաքրքրվեցինք՝ կալանավորումից հետո Կարապետյանը քննչական գործողությունների մասնակցե՞լ է, այս գործով վկայի կարգավիճակ ունեցող անձ կա՞։ «Ոչ մի գործողություն չի եղել, ոչինչ չի եղել։ Ինչ վերաբերում է վկայի կարգավիճակ ունեցող անձին, ապա ինձ հայտնի չէ նման անձ: Այս գործի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չեմ էլ պատկերացնում` ով կարող է վկա լինել, այսինքն՝ վկան այն է, որ անձը կարող է քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնել, իսկ այս գործով գործ ունենք մի տեսանյութի հետ, ի՞նչ վկայի պետք է հարցաքննեն։ Այդ տեսանյութը յուրաքանչյուր հայ մարդ կարող է դիտել, հասկանալ, որ այդտեղ «կոչ» հասկացություն ընդհանրապես չկա, ուղղակի աբսուրդ է։ Մենք դատարանի կայացրած որոշումը համարում ենք ակնհայտ ապօրինի ակտ, ինչպես մեղադրանքն ենք համարում ակնհայտ ապօրինի դատական ակտ»,- ասաց փաստաբանը։

Բագրատ սրբազանին եւս դատավոր Մասիս Մելքոնյանը հունիսի 26-ին կալանավորեց 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Սրբազանը նույնպես մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի եղել, տեղյակ չէ նաեւ՝ որ վկաներ կան, թե՝ ոչ։ Ինչպե՞ս է իրեն զգում Բագրատ սրբազանը, փաստաբանն ասաց․ «Շատ լավ է, նորմալ է առողջական վիճակը, հոգեպես շատ ամուր է, ամեն բան նորմալ է»։

Անդրադառնալով Միքայել եւ Բագրատ սրբազաններին նույն խցում պահելուն՝ փաստաբանն ասաց․ «Հաշվի առնելով իրենց անձը, սադրանքի տարր եմ այդտեղ տեսնում, որ երկուսն էլ նույն խցում են, միտում եմ տեսնում, որ երկու մտերիմ բարեկամ-ընկեր` հոգեպես շատ կապված մարդիկ, կարող են խոսել, զրուցել, զրույցի ընթացքում ինչ-որ մի խոսք լինի, որը ՔԿ-ի կամ այլ անձանց կողմից հայտնվի ԶԼՄ-ներում։ Երեկ ես լսեցի ՔԿ ղեկավարի հարցազրույցը, որ ինքը տեղյակ չէ եւ չի կարող ասել՝ ինչպես են այդ լուրերը հայտնվում դրսում․ աբսուրդ եմ համարում այդ ամենը։ Հնարավոր է՝ դա է պատճառը, որ երկու սրբազանները նույն տեղում են։ Մենք տեսնում ենք, թե ուղեղների լվացման ինչ գործընթաց է սկսվել, ստեր են հայտնվել, ՔՊ-ական պատգամավորներն այսօր նույն բանն էին ասում, թե Բագրատ սրբազանը հայտնել է, որ դա իր ձայնն է, իր խոսքն է։ Չկա նման բան։ Մենք կալանքի միջնորդության ժամանակ ձայնագրություն չենք լսել, դա լկտի սուտ է, առանց ամոթի՝ պառլամենտի ամբիոնից կարող են հայտնել իրականությանը չհամապատասխանող լուրեր՝ ժողովրդի մոտ տպավորություն ստեղծելու համար»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031