Ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա ասում է, որ երբ իրեն են հայհոյում կամ վիրավորում, դա դեռ ոչինչ, բայց, այ, երբ իր մերձավորներին են դիպչում, արդեն չի կարող չպատասխանել:
Առաջինը. երբ ասում են՝ վարչապետ, մեր երկրի դեպքում դա պետության թիվ 1 պաշտոնյան է, երկրի «դեմքը»: Անձը չէ, պաշտոնն է այդպիսին: Ավելին, նա ոչ միայն իր կուսակիցների, ոչ միայն իրեն «մեր խզոր փրգիչ» ասողների, ոչ միայն ոչինչ չասողների, այլև մնացած բոլորի, ամբողջ երկրի վարչապետն է: Ուզենք, թե չուզենք, արդեն յոթ տարի այդպես է: Իսկ դա ոչ թե սոսկ պատասխանատվություն է, այլ պատասխանատվության X աստիճան, երբ X-ը ձգտում է անսահմանության: Նույնիսկ անպատասխանատու գործիչների դեպքում այդ կանոնը գործում է: Այո, ի ցավ ոմանց, նկատենք, որ «պարականոնությունն» էլ է ենթակա որոշակի կանոնիկության:
Մի խոսքով, վարչապետը պարզապես անձ, անհատ չէ: Ու, եթե նրան իր վարչապետական գործունեության հետ կապված քննադատում են, «քլնգում» են, երբեմն նաև անիծում ու վիրավորում են, դրանից դեռ չի հետևում, որ ինքն էլ պիտի ֆեյսբուքյան ակտիվ «մեկնաբանի» կամ «ռեպլիկագրի» տարբերակով լայվ մտնի ու նույն, դեռ ավելի ցածր մակարդակով ու բառապաշարով պատասխանի: Բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում ղեկավարներին քննադատել են, ինչ ասես, որ չեն ասել, դա էլ իշխանությունների «ճակատագիրն» է:
Երկրորդը. շատ կներեք, իսկ ո՞վ է ատելությունը, թշնամանքը, վիրավորանքը, կոպտելը, հայհոյախոսությունը, զազրախոսությունը, այդ ամբողջ «պարականոն» խոսույթը քաղաքական-հասարակական կյանքի նորմ դարձրել: Այո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:
Կարդացեք նաև
Այն, ինչից բողոքում է Նիկոլ Փաշինյանը, հենց իր ցանածի հետևանքն է: Ու, նորից զգուշացնենք, գուցե այս անգամ ականջալուր լինեն. ցավոք, այն, ինչից հիմա են Նիկոլ Փաշինյանն ու քպականները նեղվում, դրանք միայն բողբոջներն են:
Վերջապես՝ մերձավորների և նրանց դիպչելու մասին: Պետության ղեկավարների ընտանիքի անդամները տարիներ շարունակ «կարմիր գիծ» են եղել հրապարակային քաղաքական, հասարակական, լրագրային գործունեությամբ զբաղվող շատերի համար: Մեր մոտեցումը հաստատ այդպիսին է եղել ու այդպիսին էլ կա: Երբեք չենք «մտել» մարդկանց ընտանիք, չենք էլ պատրաստվում:
Տարիներ շարունակ, նախկին երեք նախագահների կանայք, երեխաները անգամ չեն երևացել հրապարակային դաշտում կամ հազվադեպ են երևացել առնվազն այդ ղեկավարների պաշտոնավարման շրջանում: Իսկ քաղաքականության մասին կարծիքներ ընդհանրապես չեն արտահայտել: Սակայն Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է իր կնոջը, երեխաներին, մերձավորներին հրում քաղաքական դաշտ, առաջին պլան բերում ու այդպիսով նաև քաղաքական սուր դիտողությունների ու գնահատականների թիրախ դարձնում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։