Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա մեծարգո վարչապետը գերադասում է իր հիմնական ընդդիմախոսների դեմ կիրառել բացառապես ֆինանսա-տնտեսական և այլ բիզնես-կառույցների սեփականատերերի փոփոխության ընթացակարգերը՝ միաժամանակ խոստանալով, որ մոտ ապագայում բողոքի հնարավոր ակցիաների մասնակիցների և չմասնակցողների սոցիալական և իրավական կարգավիճակների միջև էական խզում կլինի։ Ու թեև հանրության պատկառելի մասն այսօրինակ գործողությունները պիտակավորում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հոգեկերտվածքը բնորոշող մակդիրներով, այնուամենայնիվ՝ մարտավարությունն առայժմ հաջողվում է։ Ի դեպ՝ հաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանական լրատվամիջոցների և սոցկայքային շահառուների զգալի մասին հաջողվում է իրենց գործունեության մեջ հրաշալիորեն համատեղել առաջին և երկրորդ հնագույն մասնագիտությունների համար պահանջվող որակները։
Հաջողության մյուս պատճառն էլ այն է, որ տիտղոսակիր ընդդիմության մեծարգո առաջնորդներն իրենց հերթին ժամանակին լավ չեն պատկերացրել պետական և իրենց անձնական բյուջեների միջև առկա նուրբ անջրպետը, ինչի արդյունքում էլ այդ ֆինանսական միավորներն իրենց ծավալներով դարձել են միանգամայն համադրելի։ Հասարակության զգալի մասն էլ, բնականաբար, չի մոռացել ոչ միայն դա, այլև այն, որ ժամանակ առ ժամանակ իր դեմ իրականացվել են, այսպես ասենք, իրավաչափության առումով կասկածելի և կյանքի հետ անհամատեղելի միջոցառումներ։
Այսպիսով՝ հերթական խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ ունենք մի իրավիճակ, երբ հասարակության բացարձակ մեծամասնությունը գերադասում է և՛ իշխանություններին, և՛ տիտղոսակիր ընդդիմությանը ցույց տալ այն, ինչը մի քանի օր առաջ մեծարգո վարչապետը ցանկանում էր ցույց տալ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: