«Հրապարակի» զրուցակիցը դերասանուհի Մարջան Ավետիսյանն է:
– Շատ հայտնիների հասարակությունը մեղադրում է չափազանց կրավորական լինելու մեջ: Կարծիք կա, որ հատկապես «Տաշիր» մրցանակաբաշխությանը մասնակցած արտիստները պարտավոր էին սատար կանգնել քաղաքական բանտարկյալ Սամվել Կարապետյանին:
– Երդվում եմ, ես էլ էի առաջներում շատ մեղադրում նրանց, անգամ երբեմն շատ կոպիտ ձեւով էի մեղադրում, բայց հիմա հասկանում եմ նաեւ լռողներին: Շատերն իրոք վախենում են: Վարչապետն ու իր կինը մարդկանց դնում են ուղիղ թիրախի տակ: Այս մարդիկ, իշխանություն լինելով հանդերձ, այնքան մանրախնդիր են, որ պատկերացնելն անգամ դժվար է: Ես կարող եմ չվախենալ, ինձ նման մի քանիսը` նույնպես: Ես իմ հարցազրույցների ժամանակ անգամ լռողներին վիրավորելու աստիճան նեղացրել եմ, այնպես եմ քննադատել, բայց այսօր արդեն ոչ մեկին չեմ մեղադրում: Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում` այսպես մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր: Ես խոսում եմ, իմ հարեւանները, կոլեգաները խոսում են, ի՞նչ է փոխվում դրանից: Այս մարդը հստակ գնում է իր ճանապարհով: Այո, շատերը մեղադրում են մշակույթի մարդկանց, բայց այստեղ շատ կարեւոր է ընդդիմության գործոնը: Եթե ընդդիմությունը չի առաջնորդելու մեզ, ոչինչ չի առաջարկելու, մենք այս մասին պետք է շատ լուրջ մտահոգվենք: Մեզ առաջնորդ է պետք: Այն, ինչ անում է Նիկոլը, մենք՝ բոլորս, վաղուց ենք հասկացել, բայց թե ինչ է անում ընդդիմությունը, այ, դա չենք հասկանում: Սա ամենացավոտն է: Ես չգիտեմ՝ մենք կտեսնե՞նք Աստծո պատիժը՝ սրբազանների հետ այսպես վարվելու համար, բայց որ լինելու է այդ պատիժը, դրանում վստահ եմ հարյուր տոկոսով:
– Իսկ Սամվել Կարապետյանին կալանքի տանելը, իրավապահների ոչ իրավաչափ գործողություններն ինչի՞ մասին են….
Կարդացեք նաև
– Այնպես, ինչպես սրբազաններին կալանքի տանելը չեն մարսելու, այդպես էլ Սամվել Կարապետյանին կալանավորելը չեն մարսելու: Հանիրավի, անտեղի, ինչի՞ համար: Կարապետյանն է՞լ էր ռազմական հեղաշրջման կոչեր արել, որ նրա հետ էլ այդպես վարվեցին: Մարդն ընդամենը ասել էր, որ ինքն իր ձեւերով է հարցին միջամտելու: Եկեք չմոռանանք, որ նա երկար տարիներ Հայաստանում չի ապրել, հայերենի հետ խնդիր ունի, հիմնականում ռուսերեն է խոսում եւ կարող է ասել մի բան, ինչը փոքր-ինչ այլ իմաստ ունի: Էլ չենք խոսում այն բառապաշարի մասին, որ կիրառում է այդ զույգը: Ուղղակի այլանդակություն է: Երեւի Դոգի էլեկտորատին ուզում են իրենց դաշտ բերել, հույսները մնացել է այդ մի քանի տոկոսը, հավանաբար: Երբեմն ինձ թվում է, որ այս մարդն ամեն օր մտածված այնպիսի քայլեր է անում, որ մարդիկ պայքարի դուրս գան: Տպավորություն է, թե ասում է` եկեք ինձ հանեք վարչապետի աթոռից: Մյուս կողմից էլ վստահ եմ, որ նա, տեսնելով այս ամենը, մեծագույն հաճույք է ստանում: Արցախը հանձնվեց, ԱԱԾ տնօրենն իր տեղում էր, սակայն հիմա արի ու տես, որ նրան հեռացրեց աշխատանքից…. նա սիրում է արյան գետեր, դաժանություն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հրամաններ է տվել Աբազյանին, որ նա հրաժարվել է կատարել: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը: Ես քայքայվում եմ այս ամենը տեսնելով: Այս մարդիկ անելիք չունեն, ասում են` կա՛մ մեզ հեռացրեք, կա՛մ մենք ձեզ դժոխք, ավելի ճիշտ` կառափնարան ենք տանում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: