Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր օրերում կարիք կա վերջնական ու լուրջ սթափվելու». Մարջան Ավետիսյան

Մարտ 01,2022 23:50

«Գարուն ա․․․» ֆիլմը հայրենիքը ինքդ քեզնից ու ամենքից վեր դասելու մասին է

Մարտի 1-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան: Հայրենիքի, սիրո, նվիրվածության ու ընտանիքի մասին պատմող այս լիամետրաժ ֆիլմը շատերի մոտ հույզեր առաջացրեց: Կինոնկարի գլխավոր հերոսները երեք սերունդ են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։

Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է․ մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով․․․

Հավելենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ:

Դերասաններից Մարջան Ավետիսյանը ֆիլմում նկարվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանից եւ դերասան Ալեքսանդր Խաչատրյանից. վերջինս ոչ միայն ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին է կերպավորել, այլեւ ֆիլմի պրոդյուսերն է: Դերասանուհու հերոսը ինտելիգենտ, համեստ, խաղաղասեր, բարի, հայրենասեր հայ կին է. մասնագիտությամբ՝ դաշնակահարուհի: Սա նրա հերթական ֆիլմերից է, որին մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ու փորձել ներկայանալ կինոդիտողին պատվով: Հեշտ չեն եղել նկարահանումները, քանի որ ամբողջ աշխատանքային պրոցեսը տեղի է ունեցել քովիդի պայմաններում:

Մարջանի խոսքով՝ այս ֆիլմը հայրենիք ցանկանալ ունենալու մասին է, հայրենիքը սիրելու մասին է, հայրենիքը ինքդ քեզնից ու ամենքից վեր դասելու մասին է: Ֆիլմում հայի բոլոր տեսակներին անդրադարձ կա: Ըստ  դերասանուհու՝ մեր օրերում կարիք կա վերջնական ու լուրջ սթափվելու:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ           

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031