Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց եք ապացուցելու, որ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցողը սեփականատիրոջ նկատմամբ քաղաքական հետապնդում չէ, օրենքում չափորոշիչներ չկան․ Արծվիկ Մինասյան

Հուլիս 03,2025 12:56

«Ըստ ձեզ, իբրեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պահպանվե՞լ են արդյոք օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու, կարծիքներ հավաքագրելու, ԱԺ լիակատար քննարկում իրականացնելու պահանջները, թե՞ ոչ։ Եվ երկրորդ՝ սահմանադրականության, միջազգային պարտավորությունների, Հայաստանի քաղաքացիների ու Հայաստանի վրա անկառավարելի ֆինանսական եւ ներդրումային ռիսկերի հետ կապված։ Ո՞վ է վճարելու այս գործարքի հետեւանքով Հայաստանի քաղաքացիների բարձրացող գումարները։ Ո՞ւմ է վերաբերում այս փոփոխությունը, ո՞ր սուբյեկտներին»,- խորհրդարանի արտահերթ նստաշրջանում այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին այս հարցերն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ երեկվա քննարկումից հետո երկու հարց շարունակում է ոչ միայն անպատասխան մնալ, այլ ավելի է խորացնում կասկածները։

Հիշեցնենք, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։ Այս փոփոխություններով նախատեսվում է ՀԷՑ-ի պետականացում ։ Նախագիծը երեկ ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ՀԷՑ-ին, նաեւ էներգետիկայի ոլորտի բոլոր անկյունաքարային դերակատարություն իրականացնող սուբյեկտներին։ Իսկ երկրորդ հարցի մասով էլ ասաց․ «Սահմանադրականության վերաբերյալ վերջնական որոշում հայտնում է ՍԴ-ն, եթե կարծեինք, որ սահմանադրականության խնդիր կա, նախագիծը չէինք ներկայացնի, եթե դուք կարծում եք, որ նման խնդիր կա՝ դիմեք ՍԴ»։

Արծվիկ Մինասյանը նաեւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանին հարց տվեց՝ ռազմավարության մեջ նախատեսված եւ գործող կարգավորումներով սահմանված, ո՞ր դրույթներն է, որ ՀԷՑ-ը չի իրականացրել, որ նման խնդիր է առաջացել։

Նա կրկնեց Վլադիմիր Վարդանյանի ասածը՝ նախագիծը չի վերաբերվում միայն ՀԷՑ-ին, այլ Հայաստանի էներգետիկ համակարգում շոշափելի ազդեցություն ունեցող ցանկացած կազմակերպության, այն տնտեսվարողներին, որոնց ազդեցությունը մեր էներգահամակարգում կարող է շոշափելի լինել, ուստի խնդիր չի տեսնում։ ՀԷՑ-ի պարագայում էլ ասաց՝ 10-ից ավելի վարույթներ կան, հնարավոր է դրանք ավելանան։

Արծվիկ Մինասյանը շարունակեց՝ օրենքում չափանիշ չկա, թե կառավարությունը ո՞ր դեպքում պետք է դիմի ՀԾԿ հանձնաժողովի նախագահին եւ հավելեց, որ հանրության մեծամասնության գնահատմամբ իշխանությունն իրականացնում է քաղաքական հետապնդում․ ինչպե՞ս պետք է ապացուցեն, որ այդպես չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031