Լրահոս
Օրվա լրահոսը

Մորն ու իրեն տանիքից նետած 41-ամյա տղամարդու արարքները. դաստակներն էր կտրել հարեւանի անչափահաս երեխաների աչքի առաջ, մոր հետ աթոռով խփել ոստիկանի գլխին

Հուլիս 03,2025 13:18

Հունիսի 14-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4/31 շենքից որդին մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ինքնասպանություն գործած մայր ու որդին՝ Վլադիմիր ու Նելլի Գրիգորյանները, տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց տարօրինակ վարքով: 2015-ին նշված անձինք հարձակվել էին ոստիկանի վրա, աթոռով խփել նրա գլխին: Ոստիկանի հետ ունեցած այս միջադեպը սկսվել էր նրանից, որ Վլադիմիր Գրիգորյանը մտել էր հարեւանի տուն ու այդտեղ հարեւանի անչափահաս երեխաների աչքի առաջ կտրել դաստակները, սարսափի մեջ պահել երեխաներին: Հետո գնացել էր իր տուն ու փակվել տանը:

Երբ հարեւանների ահազանգով ոստիկաններ են եկել, տանտերերը դուռը ոստիկանի առջեւ բացել են ու իրենց հետ նրան էլ փակել տանը, փորձել խլել ոստիկանի զենքը, աթոռով ու այլ իրերով խփել նրա գլխին՝ պատճառելով առողջական լուրջ վնասվածքներ: Այդ ծեծկռտուքի եւ գոտեմարտի ժամանակ էլ ոստիկանի արձակած կրակոցից Վլադիմիր Գրիգորյանը հրազենային վիրավորում է ստացել:

Դեպքի համար մայր ու որդի ձերբակալվել են, քրեական հետապնդման ենթարկվել:

Սա առաջին դեպքը չէր, որ Վլադիմիր Գրիգորյանը հայտնվել էր իրավապահների ուշադրության ներքո: Նա նաեւ հաշվառված է եղել հոգեբուժական դիսպանսերում: Դրանից առաջ դանակահարվել էր իր տանը:

Դատալեքսից տեղեկանում ենք, որ տղամարդը նախկինում էլ ունեցել է դատվածություն: Մոր ու իր ինքնասպանությունից շաբաթներ առաջ Վլադիմիր Գրիգորյանը դուրս է եկել ազատազրկման վայրից:

Վլադիմիր Գրիգորյանն ուներ բարձրագույն կրթություն, ՀՀ էր եկել ՌԴ-ից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031