«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ նստաշրջան է հրավիրել, որին սակայն, չի մասնակցում խորհրդարանական ընդդիմությունը։
ՔՊ-ն շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին»։
Հիմնական զեկուցողը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր, որն ընթերցեց հայտարարության տեքստը։
Կարդացեք նաև
«ՀՀ ազգային Ժողովը, պաշտպանելով ՀՀ ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով իր հավատարմությունը իրավունքի գերակայության և սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ձևավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը և բնության ցանկացած ձև քաղաքական պայքարում և հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարում է․
խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին։
Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների։
Ահաբեկչության և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանը և ժողովրդին։
Դրանք միտված են կազմալուծելու ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ ՀՀ-և ՀՀ ժողովրդի համար։
Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը և երկրում ռազմական հեղաշրջման կամ այլ որևէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը»։
Բանախոսը նշեց, որ անընդունելի են համարում ՀՀ սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ներգրավելու բոլոր փորձերը։
«Վեհարանը պիտի ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ եկեղեցին պիտի վերադառնա իր բուն առաքելությունը՝ հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը», -ասաց Հայկ Կոնջորյանը։
Նա նաև նշեց, որ խիստ դատապարտելի է ՀՀ նախկին ղեկավարների ու նրա թիմակիցների ահաբեկչությունն արդարացնող կամ աջակցող հայտարարությունները։
Քննադատեց նաև խորհրդարանական ընդդիմությանը՝ նշելով, որ նրանք բոյկոտել են նիստը, սրանով մեկ անգամ ևս ապացուցելով, որ աջակցում են ահաբեկչության միջոցով իշխանության զավթման փորձը։
«Այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, ոչ միայն անընդունելի է իր բովանդակային եւ կեղծ տեղեկությունների առումով, այլ ուղիղ միջամտություն է նախաքննական մարմինների աշխատանքին»,- խորհրդարանում հայտարարել էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ խմբակցությունում դատապարտում են ահաբեկչությունը, այդ թվում նաեւ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչությունը, բռնության ցանկացած գործադրումը, սակայն այն, ինչը ներկայացվում է քննարկման՝ ուղղորդում է եւ ուղիղ միջամտություն իրավապահ մարմինների աշխատանքներին։
ԱԺ ««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, իրենք նույնպես արտահերթ նիստին չեն մասնակցի․ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իշխող կուսակցության քարոզչական շոուներին չի մասնակցում»։