Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. Էնդրյու Թըրներ

Հուլիս 03,2025 20:02

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին:

«Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր:

Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է աջակցելու Հայաստանին անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում: Սա շատ կարևոր հանգամանք է։ Ցանկացած երկրի համար, ցանկացած երկրում ապրող ժողովրդի ինքնության համար հենց պետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ կարևորագույն գրավականներն են, որպեսզի մարդիկ այդ երկրում իրենց անվտանգ զգան և մտածեն զարգացման մասին»,- նշել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանը նաև շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ Կանադան ցուցաբերել է Հայաստանին, և դժվարին ժամանակահատվածում կանգնել է Հայաստանի կողքին` արտահայտելով իր համերաշխությունը: Այդ համատեքստում առանձնակի ընդգծվել է Կանադայի ներգրավվածությունը ԵՄ դիտորդական առաքելության կազմում, որն արժեքավոր ներդրում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ամրապնդման համար:

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար:

«Ուրախ եմ այս հանդիպման համար։ Միշտ լավ առիթ է տոնելու հայ-կանադական բարեկամությունը։ Սա երկրորդ անգամն է, երբ մենք միասին ենք տոնում Կանադայի օրը, այն պահից, երբ դեսպանությունը բացվեց այստեղ։ Կարծում եմ, որ մենք, ինչպես նշեցիք, տպավորիչ առաջընթաց ենք ունեցել մեր հարաբերություններում անցյալ տարում»,- մասնավորապես ասել է դեսպանը:

Էնդրյու Թըրներ նշել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և այս առնչությամբ կշարունակի իր օժանդակությունը: Նա նաև հայտնել է Կանադայի պատրաստակամությունը շարունակել աջակցել ՀՀ ղեկավարությանը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:

Հանդիպման ընթացքում կարևորել են Հայաստանի և Կանադայի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղղված ջանքերը: Երկուստեք կարևորվել է տնտեսական բնագավառում, առևտրային կապերի աշխուժացման, բարձր տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության ամրապնդման  ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Զրույցի ընթացքում շեշտվել է խորհրդարանական դիվանագիտության առաջմղման և կանադական լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությունը քաղաքական մշակույթի զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին և այս համատեքստում ընդգծվել է ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցային ներուժի իրականացումը:

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031