Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցի արվեստագետները շարունակում են դեգերել, փնտրել, թե ինչով կարող են զբաղվել․ համակարգային մոտեցում չեղավ, եւ վերաբերմունքը միայն սոցիալական էր»․Նարինե Աղաբալյան

Հուլիս 04,2025 12:16

«Բռնի տեղահանությունից հետո արցախցի արվեստագետները շատ արագ ինքնակազմակերպվեցին, շատ արագ ծրագիր մշակեցին։ Եվ 2023 թվականի դեկտեմբերի 10-ին Օպերայի դահլիճում ներկայացան հանդիսատեսին՝ ազդարարելով, որ մենք կանք, մենք այստեղ ենք, մենք արցախյան մշակույթի կրողներն ենք եւ ունենք առաքելություն։ Կանգնեք մեր կողքին, օգնեք մեզ, որպեսզի մենք շարունակենք այդ առաքելությունը։ Ցավոք, այդ ձայնը լսելի չեղավ, շատ քիչ արձագանք եղավ, ինչի հետեւանքով մենք մեկ գիշերվա մեջ կորցրեցինք նաեւ մեր ամբողջ մշակութային համակարգը»,- «Արվեստի ձայնը» համաժողովում ասաց Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը։

Նա նշեց, որ այսօր Արցախի բոլոր ստեղծագործական խմբերը ցրված են ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերում, այլեւ մի մասն էլ արտագաղթել են Հայաստանից դուրս՝ սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու հույսով։ Արցախցի շատ արվեստագետներ այդպես էլ չեն գտնում իրենց տեղը։ «Մեծ ցավ ապրեցի, երբ լսեցի, որ Արցախից մեր լավագույն երաժիշտներից մեկը եւ իր ամուսինը, չգտնելով իրենց տեղը Հայաստանում, որոշել էին մսի վաճառքով զբաղվել։ Վարձակալել էին մի առեւտրի կետ եւ շատ արագ կորցրել վերջին խնայողությունները։ Այդ մարդիկ շարունակում են այդպես դեգերել, փնտրել, թե ինչով կարող են զբաղվել։ Ամբողջ խնդիրն այն է, որ համակարգային մոտեցում չեղավ, եւ վերաբերմունքը միայն սոցիալական էր։ Մշակութային համայնքը պահպանելու ոչ մի ջանք չեղավ, եղան առանձին աջակցության օրինակներ, աշխատանքի տեղավորելու, ինչ-որ խմբերում ներառելու, բայց չէ՞որ Արցախի մշակութային խմբերը, մշակութային կոլեկտիվները մշակութային հավաքական հիշողության կրողներն ու սերունդներին փոխանցողներն են։ Նրանց պետք է պատվիրակվեր նոր առաքելություն՝ վեր հանել, ներկայացնել արցախյան մշակութային ինքնությունը եւ ապահովել դրա շարունակական կապը, շարունակական փոխանցումը սերունդներին։ Դա չեղավ, եւ մենք ունենք փլուզված, ինքնալուծարված համակարգ կամ ընդհանրապես չունենք երեւի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նարինե Աղաբալյանը հավելեց, որ համակարգային աջակցություն չեղավ, որովհետեւ նպատակն ամենեւին հայկական համայնքը պահպանելը չէր, ընդհակառակը, դա դիտվում էր որպես խնդիր ներկա իշխանությունների համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031