Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախր, ապօրինությունն էլ պետք է որակ ունենա, մի քիչ ճշմարտանման լինի, ինչի՞ կամ ո՞ւմ վրա եք այդպես վստահ». դատավորը դիմեց իր նկատմամբ վարույթ նախաձեռնողներին

Հուլիս 05,2025 12:10

Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատարանում հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Հակակոռուպցիոն դատարանում եզրափակիչ ելույթում իր գործի հետ կապված որոշ մանրամասներ բացահայտեց.

«Մենք այդպես էլ չիմացանք, թե ովքեր են այն պաշտոնական անձինք, որոնք կեղծ, շինծու տեղեկություններ պարունակող զեկուցագիր կազմելու մասին ապօրինի հանձնարարություն տվել: Եթե զեկուցագիրը կազմողը եւ մյուսները հրավիրվեին դատարան, կպատմեին, թե ինչպես պատահեց, որ արձանագրությունները կազմվեցին զեկուցագրից հետո: Տրամաբանությունը հուշում է, որ զեկուցագրից առաջ պետք է կազմված լինեին: Երեւի շտապել են, ապօրինության յուրաքանչյուր դետալ լավ չեն մշակել կամ էլ շատ վստահ են եղել, որ նման վարքագծի համար պատասխանատվության չեն ենթարկվելու: Եթե գային դատարան, մեզ կպատմեին, թե այդ ինչպես պատահեց, որ ներքին դիտման որոշ տեսագրություններ, օրինակ, Միքայել Բադալյանին գրավի դիմաց ազատ արձակելու օրվա տեսագրությունը, հանկարծ խոտանվեց: Ի դեպ, այդ օրվա կապակցությամբ օպեր լիազորի կողմից կազմված արձանագրությունում նշված է, որ Էրիկ Ալեքսանյանը եկել է իմ աշխատասենյակ, ում հետ կասկածելի զրույցներ եմ վարել: Խնդրել եմ ներքին դիտման այդ հատվածը, որ հասկանանք. այդ ի՞նչ կասկածելի զրույց եմ վարել Էրիկ Ալեքսանյանի հետ, այն էլ պարզվում է, որ այդ հատվածը խոտանված է: Այդ ի՞նչ տեխնիկական միջոցներով է ներքին դիտում արվել, որ խոտանվել է, ինչի՞ արդյունքում է խոտանվել: Կպատմեին՝ արդյոք խոտանվե՞ց, թե՞ խոտանեցին, ո՞վ խոտանեց: Կպատմեին, արդյո՞ք, կան այլ օրեր եւս, որ տեսագրությունը խոտանվել է: Օրինակ, Չիչոյանի դրվագը: Խոտանման համար, ի վերջո, ո՞վ է պատասխանատու: Ես էլ պնդում եմ, որ խոտանված օրերի տեսագրությունները ինձ արդարացնող փաստեր են պարունակում: Կորող ե՞ք բերել, ներկայացնել:

Ախր, ապօրինությունն էլ պետք է որակ ունենա, մի քիչ ճշմարտանման լինի:

Գիտե՞ք ինչն է վիրավորական: Ամենայն հարգանքով ենթադրյալ հանցավոր հակումներ ունեցող բոլոր անձանց նկատմամբ, որեւէ մեկի հնարավորությունները եւ մտավոր ընդունակությունները չթերագնահատելով՝ բայց ես ձեզ համար ո’չ ապօրինի սահմանահատ եմ, ո’չ թմրանյութ իրացնող եմ, ո’չ էլ կողոպուտով կասկածյալ եմ:

Այս պարագայում խոսքը դատավորի մասին է: Դատավոր եք ուզում դատել ու իսկապես կարծում եք, որ այս բազայով հաջողություն կգրանցե՞ք: Վերջ ի վերջո, գործով մեղադրյալները պրոֆեսիոնալ իրավաբաններ են: Կարելի է չէ՞ փոքր-ինչ զգուշավոր ու աչալուրջ լինել: Ձեր մտքով չի անցե՞լ, որ ինչ-որ փուլում դատավորի վերաբերյալ գործը խոշորացույցով են նայելու: Դատավորի վերաբերյալ գործը պետք է լինի կատարյալ անթերի: Իսկ այս գործը ոչ միայն անթերի չէ, այլ տարատեսակ, բազմապիսի ապօրինությունների համակցություն է: Այն, որ չգիտես՝ որ ապօրինությունն է ավելի ապօրինի՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների ապօրինի անցկացո՞ւմը եւ դրանց արդյունքների անթույլատրելի լինե՞լը, քննչական ենթակայության կանոնների խախտո՞ւմը, մի արարքի համար երկու հոդված կիրառե՞լը: Ո՞ր մեկն ասեմ:

Այդ ինչի՞ կամ ո՞ւմ վրա եք այդպես վստահ, որ այս սնանկ գործով մտել եք դատարան: Ձեր հույսը ի՞նչ է կամ ո՞վ է: Վաղը, մյուս օր, որ դատարանը արդարացնի, իսկ դատարանը կարդարացնի, գցելու եք դատարանի վրա, ասելու եք, թե մենք պատրաստի, կներեք արտահայտության համար, «ժելեզնի» գործը տարանք, դատավորն էլ չարեց: Սովորաբար, տենց է լինում վերջերս:

Պատվարժան դատարան, եթե այս դահլիճում, Հայաստանի Հանրապետությունում կա պրոֆեսիոնալ իրավաբան, որը կարծում է, որ մեկ օպեր լիազորի մեկ զեկուցագրի հիման վրա կարելի է ներխուժել, անձի, ավելին, անձեռնմխելիությամբ օժտված դատավորի անձնական տիրույթ, ուրեմն այդ իրավաբանը տեղ չունի իրավական եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունում: Կամ էլ լավ իրավաբան կլիներ որեւէ ավտորիտար ռեժիմում, բռնապետությունում»,-ասաց դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031