«Էդ որ մարդու լեզու էր կտրում, ականջ էր կտրում, իր տանն էլ կարող է մի հատ գնաք, դանակ, զենք-մենք հայտնաբերեք, էլի։ Փաստորեն, էս մարդը, եթե դանակն ու զենք ունի, ուրեմն գնացել է՝ պոտենցիալ էդ մարդկանց լեզուն ու ականջը կտրի։ Մի հատ սրան էլ, էլի, ուշադիր եղեք»,- ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդության քննարկման ժամանակ Աննա Վարդապետյանին դիմելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Այնուհետև հարցրեց՝ ո՞ր պահին եք խոսակցության մեջ դուք տեսել, որ Բագրատ սրբազանը կամ որևէ մեկը հստակ խոսում է բռնություն կիրառելու կամ զենք օգտագործելու մասին։
Աննա Վարդապետյանը նշեց․ «Միջնորդագրում Արթուր Սարգսյանի հետ խոսակցություններն են։ Օրինակ՝ այն, որ իրենց պայքարը համեմատում են կռվի դաշտի հետ։ 2025-ի մայիսի 2-ի հայտնի խոսակցությունը քաոսի հետ կապված, որ երբ քննարկվում է՝ ավտո, խանութ կվառի և այլն»։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ նկատեց՝ Աննա Վարդապետյանն անգամ ՔՊ-ական պատգամավորներին խճճեց․ «Էնպես խճճեցիք ամեն ինչ։ Ժամկետների մասին մեկ անգամ ևս նշեցիք, ասում եք՝ խոսքը վերաբերում էր Խաչվերաց տոնին, նայում ենք միջնորդագրում, Խաչվերաց տոնի խոսակցությունը նախորդ տարվա օգոստոսի 12-ին էր, հետո ասում եք՝ ամեն պահի պատրաստ լինելու մասին էին խոսում, հետո ասում եք՝ կարող ենք ենթադրել, որ այս տարվա սեպտեմբերի Խաչվերաց տոնի մասին է խոսքը։ Էսպես ենթադրությունների վրա էլ քրեական գործը բերել, ներկայացնում եք։ Խճճում եք նաև ՔՊ-ական պատգամավորներին, իրենք ֆբ-ում պետք է գրառում չէ՞ անեին՝ ժողովուրդ, Խաչվերաց տոնին ահաբեկչություն էր լինելու, չեք պատկերացնի՝ ինչ է սպասվում։ Կոնկրետացրեք, որ էս մարդիկ էլ իմանան՝ ինչ անեն»։
Էլինար Վարդանյանը Աննա Վարդապետյանին առաջարկ արեց․ «Առաջարկում եմ գաղտնալսող սարքեր տեղադրել տաքսիներում, բակերի զրուցարաններում ու կտեսնեք, թե ինչ խոսակցություններ են և որ այդ խոսակցությունները շատ ավելի ահաբեկչական են, քան օրինակ Հակոբյանի և Սարգսյանի խոսակցությունը։ Չի կարելի։ Մի ամբողջ ժողովրդի դարձրել եք ազգ-ահաբեկիչ»։
Աննա Վարդապետյանն էլ ի պատասխան ասաց․ «Այս ամբողջ գործողությունները ցույց են տալիս, որ սրանք սպոնտան խոսակցություններ չեն, նպատակային հանդիպումներ են, քողարկված խոսակցություններ էլ կան, որպեսզի արտահոսք չլինի։ Հուզական, սպոնտան որոշակի ձևակերպումների մասին խոսելը բարդ է։ Ամիսներ շարունակ նույն թեմայի հետ կապված չես կարող հուզական վիճակում լինել ու պլանավորել»։
ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ասաց․ «Ինձ զարմացնում է, որ մեր ընդդիմադիր գործիչները սարկազմով են խոսում այս ահաբեկչության վերաբերյալ, ուզում եմ հորդորել պատկերացնել, որ դա կարող է լինել իրենց մտերիմը, երեխան, թոռնիկը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ