«Այս հողում ապրելը հայերի մարդկային իրավունքն է։ Այս հողի վրա հայերն ապրել են հազարավոր տարիներ, եւ ոչինչ չի կարող դա փոխել։ Չնայած նրան, որ այսօր դա շատ հեռու եւ անհավանական է թվում, այն պատկանում է արցախահայերին։ Այն իրենց արժանապատվության մի մասն է։ Կարեւոր է, որ մենք հիշենք դա, պնդենք դա, պահպանենք եւ բացատրենք դա, ինչպես անելու ենք այսօր»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» վերաբերյալ քաղաքական բրիֆինգի ժամանակ այսպիսի բացման խոսքով է հանդես եկել Ներկայացուցիչների տան անդամ Քրիս Սմիթի աշխատակազմի ներկայացուցիչը։
Բանախոսի խոսքով՝ արցախահայերը պատրաստ են խաղաղության ներքո ապրել ադրբեջանցիների հետ, եւ Ադրբեջանի կառավարությունն է, որն ազգայնական մղումներով արգելում է արցախցիներին ապրել իրենց հայրենիքում։
Իր խոսքում նա շեշտել է Արցախ հայերի վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ տարածաշրջանում արդար, մնայուն եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Նա անդրադարձել է նաեւ Բաքվի այլ ապօրինություններին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումներին եւ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը։
Համատեքստ
Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։
Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։
Նախաձեռնության նպատակներն ի կատար ածելու համար մայիսին իր գործունեությունը մեկնարկեց այդ նպատակով ձեւավորված պատգամավորական միջկուսակցական հանձնախումբը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ