Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ յուրաքանչյուր հաջողության ետեւում տարիների քրտնաջան աշխատանքն է ու գիտելիքս». Մարիաննա Գեւորգյան

Հուլիս 09,2025 12:30

«Տաղարան» համույթի  վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը հերթական մրցանակն է բերել Հայաստան: Օրերս Աթենքում կայացած Global icon awards 2025 մրցանակաբաշխության ժամանակ «Global Symbol» («Համաշխարհային խորհրդանիշ 2025») պատվավոր մրցանակը շնորհվել է Մարիաննային:

«Global icon awards- 2025-ին մասնակցության համար հրավեր ստացա, որպես առաջատար ու ակտիվ գործող  երաժշտարվեստի ներկայացուցիչ։ Կազմակերպիչները շատ մանրակրկիտ ուսումնասիրել էին իմ ստեղծագործական գործունեությունը, ժյուրին ընտրել ու նոմինացրել էր, ինչպես նշել էին փաստաթղթում, որպես միջազգային ճանաչում ունեցող վիրտուոզ քանոնահար, ով աշխարհին ճանաչելի է դարձրել հայկական հարուստ երաժշտական ժառանգությունը։ Այս մրցանակաբաշխության գագաթնաժողովում ներառված են եղել տարբեր ոլորտներից իրենց գործի լավագույնները` աշխարհի տարբեր երկրներից։ Ուրախալի  է, որ ինձ է շնորհվել «Համաշխարհային խորհրդանիշ 2025» մրցանակը՝ երաժշտության ոլորտում:

Ես շատ ուրախ եմ, որ իմ փոքրիկ ներդրումն եմ ամեն անգամ ունենում մեր մշակույթում,  ներկայացնելով` հայ ավանդական երաժշտություն, ազգային նվագարան քանոն, եւ  ամենակարեւոր յան-ով  ազգանունը:

Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից, որի գլխավոր քարտուղարը Իրենե Դուրա-Կավադիան է, իսկ նախագահն ու գործադիր տնօրենը՝ Պրիթ Պադմանաբհան Նամբիարը։

Շատ հուզվել էի, երբ կարդացի նախագահի կողմից ուղարկված փաստաթուղթը,  որտեղ նշված էր, որ  մեծ պատիվ է իրենց համար շնորհել «Համաշխարհային խորհրդանիշ 2025»  վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանին։ Այս մրցանակը համարվում է իրենց կողմից տրվող` մշակույթի ու երաժշտության ոլորտում ամենաբարձր պարգեւը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց քանոնահարուհին:

«Արդեն երկար տարիներ  աշխատում եմ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլում, (գեղ. ղեկավար՝ Սեդրակ Երկանյան), ամեն անգամ ակադեմիական բեմից հնչեցնում ակադեմիական հնչողությամբ, մեր հնագույն, հոգեւոր, ազգային երաժշտությունը, սա իմ ապրելակերպն է, ես տուրք չեմ տալիս այլեւայլությունների։ Իսկ ինչ վերաբերվում է այլոց, մարդիկ ներկայանում են արհեստական արտաքինով, համապատասխանաբար  արհեստական ներաշխարհով, իրենց  հանապազօրյա հացն են վաստակում»,-նշեց մեր զրուցակիցը՝ պարզաբանելով, թե ինչու տուրք չի տալիս շոու-բիզնեսային «նորամուծություններին»:

«Մարդ պետք է ունենա ցանկություն ու իր աշխատասիրության շնորհիվ իրականություն դարձնի  այն:  Իմ գրանցած յուրաքանչյուր հաջողության ետեւում տարիների քրտնաջան աշխատանքս ու գիտելիքս  է։ Ես կերտում եմ իմ ուղին իմ ուրույն ձեռագրով»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ վերջերս կայացած համերգներից մեկին, որի ժամանակ Մարիաննա Գեւորգյանը կատարել էր «Կռունկ» եւ Ալբինոնիի «Ադաջիոն»:

«Բարոկկո համերգի շրջանակում առիթ ընձեռվեց ներկայանալու, ընտրեցի, փոխադրեցի ստեղծագործությունները  քանոնի ու երգեհոնի համար։ Ու երբ համերգին ներկայացրեցի Ալբինոնիի «Ադաջիոն»՝ Հարություն Թագվորյանի նվագակցությամբ, ամբողջ դահլիճը հուզմունքից արտասվում էր։ Ես վստահ էի, որ իմ այդ կատարումը յուրահատուկ է լինելու, բայց նման արդյունք չէի սպասում։ Իմ սրտում թաքնված գաղտնիքը  երաժշտությամբ բացահայտվեց հանդիսատեսին։ Այնքան տպավորիչ էր համերգը, որ կրկնեցինք՝ այս անգամ արդեն ներառելով հոգեւոր մեր գանձերից։

Իմ դաշնակահար համակուրսեցին Հայաստանում մենահամերգ պետք է նվագեր՝ ծրագիրն  ամբողջությամբ Շուբերտ,  որպես հատուկ հյուր խնդրեց մասնակցեմ, միասին բեմում նվագել էինք 15 տարի առաջ, ես միանգամից առաջարկեցի որպես բիս «Կռունկը» ու, երբ այն հնչեց քանոնի ու դաշնամուրի նվագակցությամբ, դահլիճից հորդացող հանդիսականի բուռն արձագանքից Հրանտ Հայրապետյանը շշմել էր, դողում էր հուզմունքից, ես զգացի մարդկային հոգու պոռթկումը։ Դահլիճի մեծամասնությունը ռուս հանդիսատես էր, բոլորը մեկ առ մեկ մոտեցել են ու խոնարհվել Կոմիտաս ունեցող ազգի առջեւ։ Ինչքան էլ նվագում ենք օտար ազգի ազգային կամ  դասական ստեղծագործություններ, բայց երբ հնչում է հայի հոգու ձայնը, չկա ազգ,  որ լսելուց չփշաքաղվի ու չհուզվի»,-նշեց քանոնահարուհին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Հոնկոնգի բալետի վաստակավոր լուսանկարիչ Թոնի Լուկի

«Առավոտ» օրաթերթ
08.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031