Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ են գյուլլելու վրա կանգ առել, որովհետեւ ուրիշ բան չկա տակը․ կալանավորված 15 անձանց գործերում էլ գրված է, որ ունեն ընդգծված հակաիշխանական դիրքորոշում»

Հուլիս 09,2025 13:04

«Այն խոսքերը, որոնք վերագրվում են Հրայր սարկավագ Հակոբյանին, իրականության մեջ խնդիրը լրիվ այլ տեղ է։ Դրանք համատեքստից կտրված մտքեր են ու մոնտաժված»,- այսօր հրավիրած ասուլիսում  ասաց «Սրբազան շարժման» գործի շրջանակներում կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրում Հրայր սարկավագին վերագրվում են հետեւյալ խոսքերը․ «Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք»։ Այս արտահայտությունը ՔՊ-ական պատգամավորները վերջին օրերին պարբերաբար հնչեցրեցին ԱԺ ամբիոնից։

Փաստաբանն ասաց, որ հանդիպել է Հրայր սարկավագին եւ նրան հարցրել, թե արդյոք այս մտքերը ի՞նքն է հնչեցրել։ «Եվ, ըստ էության, հերքեց, ասաց, որ դա իրեն չի պատկանում։ Եվ խոսակցությունը, որը ենթադրաբար իրեն վերագրվում է, դա ընդհանուր բովանդակությունից կտրված է»,- հավելեց Հովսեփ Սարգսյանը։

Նա ասաց, որ նախաքննական մարմինը միջդատական վարույթի հենց այս փուլում անդրադարձ է կատարում այնպիսի խոսքերի կամ արտահայտությունների, որոնք կարող են շատ արագ ու էֆեկտիվ նշանակություն ունենալ հանրության վրա։ Եվ անպայման փորձում են ձեւակերպել այն հանգամանքը, որ գործել է ահաբեկչական խումբ կամ ահաբեկչության նախապատրաստություն է տեղի ունեցել։

«Իմ պատկերացմամբ՝ Հրայր սարկավագի մեղքն այն է, որ նա որպես հոգեւորական ծառայել է Արցախում եւ Արցախից հարկադրաբար Հայաստան վերադառնալուց հետո եղել է Բագրատ սրբազանի կողքին։ Այնքանով, որքանով եղել է Բագրատ սրբազանի կողքին, նախաքննական մարմինը նրա մեղքը փաստարկել է հենց դրանով»,- հավելեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաբան Մհեր Հակոբյանն էլ ասաց, որ «Սրբազան պայքարի» գործի շրջանակներում կալանավորված 15 անձանց գործերում էլ գրված է, որ ունեն ընդգծված հակաիշխանական դիրքորոշում, հակառակվում են երկրի վարած արտաքին քաղաքականությանը։ «Ուղիղ նշված է՝ ընդգծված հակաիշխանական կեցվածք ունի, որ եթե ազատության մեջ մնա, կգնա, կշարունակի։ Մի հատ թող դա հրապարակեն ու բացատրեն՝ այս 30 տարվա մեջ երբ են մարդուն տարել կալանքի ու գրել, որ ունի ընդգծված հակաիշխանական դիրքորոշում»,- նշեց Մհեր Հակոբյանը։

Նա ասաց, որ ըստ իրավապահ մարմինների՝ երկրում «ահաբեկչություն» էր պատրաստվում, բայց միակ գործողությունը, որն իրենք իրականացրել են, գաղտնալսումն է։ «Ինչո՞ւ են բոլորը գյուլլելու վրա կենտրոնանում, այնտեղ տարբեր բաներ են ներկայացնում՝ աստղիկներ, գլխավոր դատախազն ասում է՝ զենք կա եւ այլն։ Բայց բոլորն էս գյուլլելու վրա են կանգ առել, որովհետեւ ուրիշ բան չկա տակը։ Եթե դու ահաբեկչության նախապատրաստում ես բացահայտել, եթե աստղիկներ լինեին, եթե գյուլլելն են սենց տարածում, բա դա ոնց կտարածեին։ Այսինքն՝ բացի խոսքից, ուրիշ բան չկա, իսկ այդ խոսքն էլ սղագրություն է, այնտեղ ԱԱԾ մի աշխատող նստած սղագրում է։ Իսկ էդ գյուլլելը կարա հազար ու մի խոսակցություն լինի, օրինակ՝ իշխանությունը վերցնում ենք, Ջերմուկ մտած թուրքերին գյուլլում ենք»,- հավելեց Մհեր Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031