«Ոչ, ուղղակի այստեղ մի նրբություն կա։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրով պետք է տեղակայվեին օտար երկրի ուժեր՝ ավելի կոնկրետ ՌԴ-ի ФСБ-ի ստորաբաժանումները։ Իսկ այս դեպքում զորք, զինված խմբավորում չի լինելու։ Լինելու է ամերիկյան՝ ասում են ամերիկահայկական ընկերություն, որի գործառույթը միայն այն է լինելու, որ օգնելու է ադրբեջանական բեռների տարանցումը կազմակերպել ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան»,- Aravot.am-ի փաստմանը՝ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ «սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը» և հիշեցմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ «Հայաստանի տարածքով միջանցքային որեւէ տրամաբանություն անընդունելի է» և հարցին՝ մի՞թե սա չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները զիջումների են գնացել, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Մեր հարցին՝ սա նշանակում է՝ Սյունիքով ճանապարհի արտապատվիրակում Ադրբեջանին, մի՞թե այստեղ վտանգ չկա, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Նախկին տարբերակով դրանք պետք է լինեին ФСБ-ի ուժեր, այլ երկրի զինված ստորաբաժանումներ, որը նույնիսկ պարզ չէր, թե էլ ինչեր կարող էր անել ՀՀ-ի տարածքում, որովհետև ռուսական ստորաբաժանումներն ինքնին վտանգ են։ Այնպես որ, չեմ կարծում՝ նահանջ կա։ Այս դեպքում ընդունված պրակտիկա է․ Վրաստան-ՌԴ տարբերակում շվեյցարական ընկերություն է։ Այստեղ որևէ նահանջ չեմ տեսնում։ Մասնավոր ընկերություն է լինելու, որը միայն բեռների զննում է իրականացնելու և այդ տվյալները փոխանցի ՀՀ-ին։ Ադրբեջանցիներն այդ դեպքում չեն առնչվելու հայկական կողմի հետ, այլ այդ ընկերության աշխատակիցների հետ են առնչվելու։ Բայց դա չի լինելու ռազմական ստորաբաժանում, որևէ երկրի զորք»։
Ըստ Արմեն Վարդանյանի՝ փոխընդունելի տարբերակ են գտել․ «Սկզբից Ադրբեջանը պահանջում էր, որ պետք է տեղակայվեն ռուսական ուժեր, ոնց նոյեմբերի 9-ի համաձայնագրով էր։ ՌԴ-ն էլ էր դա խրախուսում։ Այս վերջին դեպքերը՝ ՌԴ-Ադրբեջան լարվածությունը նաև դրա հետ են կապում, քանի որ ըստ էության՝ Ադրբեջանն էլ կարծես ՌԴ-ին դուրս է մղել գործընթացից։ Նախկինում ադրբեջանական կողմը պնդում էր, որ ռուսական ուժեր այնտեղ պետք է կանգնեն։ Ընդ որում, բազմիցս իրենք ասել են՝ այնպես պիտի լինի այդ միջանցքը, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունում է։ Հիմա այլ տարբերակ են գտել, որ ոչ մի պետության զինված ուժեր չլինեն։ Լինելու է մասնավոր ընկերություն, որը ադրբեջանական բեռների զննումն իրականացնելու է, տեղեկությունները տրամադրի հայկական կողմին։ Այդ ճանապարհը լիարժեք լինելու է ՀՀ-ի վերահսկողության ներքո»։
Ըստ Արմեն Վարդանյանի՝ Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո խաղաղության պայմանագրի մասով այսօր բեկումնային որոշում չի ընդունվի․ «Բայց հնարավոր է բեկումնային որոշում ընդունվի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ Այս հարցում կողմերը կարծես մոտ են փոխզիջումային, փոխընդունելի տարբերակ գտնելուն։ Վերջերս ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ինչ-ինչ տարբերակներ են գտնվել, որ կարծեմ ամերիկյան մասնավոր ընկերություն պետք է իրականացնի բեռների զննումը»։
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Վարդանյանի՝ սա ներմիջանցքային տրամաբանություն չէ․ «Ներմիջանցքային տրամաբանությունն այն է, որ դու այնտեղ վերահսկողություն չունես, ոնց որ ուզում էին ՌԴ-ն ու Ադրբեջանը։ Հիմա միայն ՀՀ տարածք մտնելու են այդ բեռները։ Եթե հայկական կողմն ուզի կանգնեցնել, այլևս չանցնեն այդ բեռները մեր տարածքով, դա հինգ րոպեի հարց է։ Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան, նույնիսկ ամերիկահայկական կազմակերպություն է ստուգումն իրականացնելու, բայց տվյալները՝ ինչ ապրանք է, ինչ քանակով, փոխանցելու են հայկական կողմին։ Ադրբեջանցի վարորդների հետ չի առնչվելու հայկական կողմը, բայց լիարժեք տեղեկություն ունենալու է»։
Արմեն Վարդանյանին հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «կրկին վերահաստանում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է այդ անցումը տրամադրում՝ նույն պայմաններով նաև մենք ենք պատրաստ անել» և փաստմանը՝ Իրանով անցման դեպքում ճանապարհի արտապատվիրակում չկա, սա չի՞ նշանակում, որ ՀՀ իշխանությունը այս մասով զիջումների է գնացել, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Այդ առումով ՀՀ-ն որոշակի զիջումների է գնացել, բայց իր դրած կարմիր գծերը չի հատել, քանի որ հայկական կողմի համար սկզբունքային էր, որ որևէ երկրի զինված ուժեր կամ ռազմական ստորաբաժանումներ չլինեն այնտեղ։ Փոխզիջումային տարբերակ է գտնվել։ Ի սկզբանե Ադրբեջանն ու ՌԴ-ն պնդում էին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով պետք է ФСБ-ի ուժերը կանգնեն այնտեղ, բայց ՀՀ-ն կտրականապես դեմ էր արտահայտվում, հետո ամերիկյան կողմի ջանքերով որոշում է կայացվել միջին մի տարբերակ ընդունել, որ չլինի այնտեղ որևէ երկրի ուժեր, այլ լինի մասնավոր կազմակերպություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արմեն Վարդանյանը իր այս երկարաշունչ «գլխի-տակ-փափուկ-բարձ-դնոցին» կարող էր փոխարինել Բենդերի հայտնի 3 բառերով․ «Կատարվեց ապուշիս երազանքը»։