ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում ասաց. «Այսօրվա մեր իրավիճակն այնպիսին է, որ, որ այն քուն թե արթուն մարդու մտքում պտտվում է: Անդրադառնանք Աբու-Դաբիում այսօրվա հանդիպմանը եւ դրան նախորդած իրադարձություններին: Նախորդ անգամ էլ ասացի, որ նրան հստակ ցուցումներ տված Էրդողանը ուսին թփթփացնելով ճանապարհել է՝ ասելով. «Տղա ջան, գնա, անելիքներդ արա»:
Եվ մեր կառավարության ղեկին նստած անձնավորությունը հլու-հնազանդ կամակատարի դիրքում հերթով իրականացնում է բոլոր հրահանգները, որոնք փաստացիորեն բխում են ընդհանրապես ընդդիմադիր դաշտը ամլացնելու գործընթացից:
Խնդիրն այն է, որ հանձնարարված է վերացնել ընդդիմություն, ցույցեր, բողոք կազմակերպելու ունակ բոլոր ուժերին: Եվ սկսել են առանցքային հենասյուներից: Իսկ առանցքային հենասյունը, բնականաբար, արժեքային առումով եկեղեցին է, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար որպես թշնամի է հռչակված, սփյուռքը, որը նույնպես թշնամի է հռչակված, եւ սփյուռքյան կառույցները, որոնց կազմակերպվածության տեսանկյունից աննախադեպ է դաշնակցությունը:
Եվ այս անձը ոչ միայն ներհայաստանյան, այլեւ դրսում այդ հենասյուների կոտրման գործընթացին է լծված: Ու պատահական չէ, որ ԱԺ մեծամասնություն կազմած խումբը ձայն տված հրահանգով փորձում էր ահաբեկչությունը որակել որպես դաշնակցությանը բնորոշիչ գիծ: Դա ճիշտ էրդողանյան ձեռագիրն է, որովհետեւ նա սովորություն ունի բոլոր գործողությունները ահաբեկչական որակել: Նույնն էր Արցախի հայաթափումը՝ հակաահաբեկչական գործողության անվան տակ եւ էթնիկ զտման միջոցով ցեղասպանություն իրագործելը:
Կարդացեք նաև
Սա բոլոր ընդդիմադիրներին վախեցնելու, հեռացնելու, ժամանակավորապես դաշտը մաքրելու քայլ է, որպեսզի ինքն իր հանձնառությունները եւ հանձնարարությունները մեկիկ-մեկիկ հստակ իրականացնելու հնարավորություն ունենա:
Այսօրվա հանդիպումը փաստացիորեն նվեր էր Թրամփին: Եվ այն, որ այդ հանդիպումները էական տեղաշարժ չեն արձանագրել, սպասելի էր, որովհետեւ բազմիցս նշել եմ, Ադրբեջանը խուսափում է Արեւմուտքի հանդեպ իր հանձնառումների կատարումից, որը ենթադրում է Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել: Եվ դրա համար Ալիեւը տարբեր միջոցներով ու եղանակներով փորձում է մանեւրել իրավիճակը սրելով, նոր պահանջներ ներկայացնելով, որն իր կարծիքով հանրային մեծ ընդվզման բարդություն կներկայացնի այս իշխանության համար: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է այս իշխանությունը մանիպուլացնելով ուղղակի մատուցարանի վրա մեր հայրենիքի կտորները մաս-մաս հանձնում հանուն նրա, որ ստանա մի թուղթ, որի վրա գրված լինի խաղաղություն ու տակը՝ ստորագրություն, որով կփորձի վերընտրվել եւ իր ու իր խմբակի մորթը փրկել:
Բայց չի ստացվելու: Կարծում եմ՝ մեր հանրային դիմադրության տարրերը սխալ են գնահատվում այս իշխանությունների, իրենց հետեւում կանգնած թելադրիչների եւ նրանց վերեւում կանգնած ամերիկա-բրիտանական ուղեղների կողմից: Իրենց թվում է, որ գումարով եւ վախով կարող են ամեն ինչ ստանալ: Կարծում եմ, մեր ժողովուրդն արդեն ոտք է կոխել ապաքինման գործընթաց: Դա շատ ցավոտ ու դժվար է ընթանում: Յուրաքանչյուր շերտ իր դրվագային էտապն ունի, որ հասկանում է, թե ինչ է կատարվում եւ արդեն սկսում է ըմբոստանալ: Ու այս գործընթացը հետ շրջել այլեւս հնարավոր չէ:
Խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք, որ քանի հանրային դիմադրությունը ակտիվ է, տեսանելի է, սա չի կարող իր հանձնառությունները կատարել: Եվ այն, որ այս առաջնորդները միայնակ չեն եւ նրանց շարքերը նոսրանալու պարագայում նորերն են առաջ գալու, միանշանակ է: Սա գլխավորներին հեռացրեք եւ մնացածը հլու- հնազանդ կցրվեն տարբերակը չէ, քանի որ մենք գործ ունենք հայրենիքի, պետության եւ ընդհանրապես ազգի գոյության հետ»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ