Լրահոս
Օրվա լրահոսը

Տարակուսում եմ` երեք հիմնական մենաշնորհային ենթակառուցվածքային կազմակերպություններից ինչու հենց «դժգոհությունն» առաջացավ ՀԷՑ-ից․ Սարհատ Պետրոսյան

Հուլիս 12,2025 20:33

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Որպես ենթակառուցվածքային կազմակերպություններին մասնագիտությամբ մոտիկ կանգնած մարդ` տարակուսում եմ` երեք հիմնական մենաշնորհային ենթակառուցվածքային կազմակերպություններ հանդիսացող ջրամատակարարման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման մասով ինչու հենց «դժգոհությունն» առաջացավ ՀԷՑ-ից։

Միայն մամուլի հայտարարություններից ու նաև շինարարության հետ թեթևակի առնչության դեպքում պարզ է դառնում, որ առաջին երկուսը (ջուր և գազ) շատ ավելի մեծ դժգոհություններ են առաջացնում։ Բայց չգիտես ինչու (չնայած բոլորը գիտեն ինչու) թիրախավորվում է ՀԷՑ-ը։

Հատկապես անջատումների մասով հիմնական խնդիրները նորից տանում են վերջին տարիներին խայտառակ պետական կառավարում, երբ պետական բարձրավոլտ էլեկտրամատակարարման համակարգի կառավարումը վերցվեց ՀԷՑ-ից (կամ Տաշիրից) իբրև ավելի լավ կառավարելու համար։ Դրա ցայտուն վկան՝ Իրան-Հայաստան էլեկտրամատակարարման գծի տարիներով դատարկ կանգնած աշտարակներն են` ձգված Հրազդանից մինչև Մեղրի։

Բնականաբար, պսևդոեվրոպամետ իշխանությունները «եվրոպական» կառավարիչ Վեոլային չեն դիպչելու, հատկապես որ հենց իրենք են հանդիսանում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարեփոխման տապալման հիմնական մեղավորը։ Նույն իշխանության կարճաժամկետ պլանների պատճառներով՝ քաղաքական, հասկանալ ընտրական, նպատակներով պետությունը չի ցանկանում վերանայել սակագները, որի արդյունքում մենք կարող էինք ունենալ պատշաճ ջրամատակարարում ու ջրահեռացում (որը գրեթե չի արվում Հայաստանում)։

Գազամատակարարման մասով ռուսական պետական Գազպրոմին, բնականաբար, ԴԵՌ չեն մոտենալու՝ հաշվի առնելով դրա նշանային-գաղափարական նշանակությունը նույն ՌԴ-ի համար։ Սա այն դեպքում, երբ վայրագ շինարարության շրջանակում նույն պետական համաձայնությամբ ձևախեղվել է միջազգային պայմանագրերով ու օրենքով Գազպրոմի մենաշնորհը՝ Երևանում ստեղծելով մասնավոր գազամատակարարման համակարգ։

Բնականաբար, «ժողովրդավարության բաստիոնում» այս ամենն իրականացվում է ՄԵԿ-մարդակենտրոնության մղումով՝ զրկելով մեզ բոլորիս ամենալավ աշխատող ենթակառուցվածքային ծառայություններից իբրև թե ավելի լավ ծառայություն ստանալու համար։ Ի դեպ, ծիծաղելի է հնչում ներկա կառավարման համակարգում ակնկալել ավելի լավ ծառայություններ պետության կողմից, քան մասնավորից, տես մի քանի թարմ օրինակներ՝ բարձրավոլտ էլեկտրամատակարարում, Հայփոստ, Երևանի աղբահանություն ու հանրային տրանսպորտ և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031