Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու դեմ ուղղված բռնաճնշումների հիմքում այն է, որ եկեղեցին շարունակում է բարձրաձայնել ու տեր կանգնել Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ՄԻՊ

Հուլիս 12,2025 20:44

-Երեւանի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը իրազեկվել է որպես նստացույց ու երթ, սակայն ուղիղ արգելել են, սահմանափակել են: Համարում եմ՝ սահմանափակումը չի կարող օրինական ու իրավական լինել: Դրանից հետո ոստիկանության բաժիններ են հրավիրել ակտիվիստներին, զրույցներ են ունեցել նրանց  հետ: Թե ինչով է պայմանավորված, կարող եմ ասել ՝ Հայաստանում ընդհանուր տիրող ռեպրեսիվ իրավիճակով,- այսօր Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Ըստ նրա ՝ այսօրվա հանրահավաքը տրամաբանական շարունակությունն է իրենց առաջին  հանրահավաքի եւ իրենց սկսած գործընթացի. «Իսկ այդ գործընթացը՝ պահանջագիրը, 12 պահանջ է ունեցել: Ցավով պետք է արձանագրենք, որ բացի սոցիալական բնույթի հարցերից, մյուս բոլոր հարցերն անտեսվել են կառավարության կողմից: Մյուս հարցերի որեւէ քննարկում չի եղել՝ գերիներ, պատմամշակութային ժառանգություն, վերադարձի օրակարգ: Այս պահին նույնիսկ հարթակը չկա: Մեր առաջին խնդրանքը, հորդորը, պահանջն այն է, որ ձեւավորվի հարթակ, որտեղ կկարողանանք ի վերջո խոսել»:

Նա նկատեց, որ շվեյցարական խորհրդարանում ընդունվել է  բանաձեւ, ձեւավորվել ԼՂ խաղաղության նախաձեռնություն, մարդիկ գնացել են ԱՄՆ Կոնգրեսում  հանդիպում ունեցել. «Այսինքն՝ այդ մարդիկ  բարձրաձայնում են վերադարձի մասին բոլոր հնարավոր ձեւերով,  խոսում հարթակ ձեւավորելու մասին, բայց Հայաստանի կառավարությունը  ոչինչ  չի անում»:

Պարոն Ստեփանյանը նաեւ նկատեց, որ Շվեյցարիայում Ամենայն հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտնի հայտարարությունից հետո սկսվեցին եկեղեցու ու նրա դեմ բռնաճնշումներ. «Եկեղեցու դեմ ուղղված այս արշավի ու բռնաճնշումների հիմքում այն է, որ եկեղեցին շարունակում է  բարձրաձայնել ու տեր կանգնել Արցախի ժողովրդի իրավունքներին: Դատապարտելի է այն, ինչ կատարվում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Գլխավոր և վերջին լուսանկարը՝ Ալեքսանդր Չերնիշեվսկու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031