Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի հայտարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստաբանական ինստիտուտի վերաբերյալ կատարված հրապարակումների առնչությամբ

Հուլիս 13,2025 10:15

Վերջին շրջանում մամուլում, սոցիալական և մեդիա հարթակներում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քննարկման առարկա է դարձել փաստաբանական ինստիտուտը և փաստաբանների գործունեությունը:

Որոշ հանրային հնչեղություն ունեցող գործերով Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է առանձին փաստաբանների կողմից արտահայտած քննադատություններին, տեսակետ հնչեցրել փաստաբանների էթիկայի կանոնների պահպանման անբավարար մակարդակի մասին:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ փաստաբանների վարքագծի նկատմամբ Փաստաբանների պալատը վերացական հսկողության իրավունք չունի: Փաստաբանական էթիկայի հարցերը կարող են քննարկվել բացառապես օրենքով սահմանված առիթների և հիմքերի առկայությամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում: Ուստի փաստաբանների դրսևորած վարքագծի վերաբերյալ պատշաճ և հիմնավոր իրավական գնահատական կարող է տրվել կարգապահական վարույթի արդյունքներով:

Հանրային մթնոլորտի բացասական կողմը (այդ թվում՝ վիրավորանքներ, բռնի գործողություններ) ցավոք այսօր լրացնում են գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, որոնց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելը Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական առաքելությունն է:

Այդուհանդերձ կրկին հիշեցնում ենք, որ Փաստաբանների պալատը պատժիչ մարմին չէ, և փաստաբանը չի կարող ենթարկվել պատասխանատվության ենթադրյալ խախտում թույլ տալու կամ քննադատական խոսք հնչեցնելու համար, անգամ եթե այդ խոսքը հնչեցվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության արդյունավետության կապակցությամբ: Հատկապես, որ նման քննադատություններին առիթ կարող է հանդիսանալ երկրում առկա մարդու իրավունքների պաշտպանության ոչ բավարար մակարդակը, որի մասին առկա են մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների արձանագրումներ:

ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորվում է փաստաբանական գործունեության անկախությունը: Փաստաբանի գործունեությունը չի սահմանափակվում դատարանում կամ վարույթը իրականացնող մարմիններում պաշտպանություն (ներկայացուցչություն) իրականացնելով: Փաստաբանները իրավապաշտպան գործունեության արդյունավետությունը ապահովելու նպատակով կարող են հանդես գալ հրապարակային եղանակով՝ էթիկայի կանոններին համապատասխանող սուր քննադատությամբ, որպիսի հանգամանքը որևէ մեկնաբանությամբ չի կարող դիտարկվել որպես ոչ իրավաչափ:

Այս առումով տեղին է վկայակոչել Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» կոնվենցիան, որի 7-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ Կողմերն ապահովում են փաստաբանների իրավունքը՝ հանրությանը տեղեկացնելու իրենց վստահորդների գործերին առնչվող հարցերի մասին՝ հաշվի առնելով միայն այն սահմանափակումները, որոնք նախատեսված են օրենքով և բխում են մասնագիտական պարտականություններից, արդարադատության իրականացման և մասնավոր կյանքը հարգելու պահանջներից, և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նաև տեսակետ է ներկայացվել առ այն, որ «լրջագույն» բարեփոխման են ենթակա փաստաբանական համայնքի մարմինները: Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ փաստաբանական ինստիտուտը ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, որի մասին բազմիցս գնահատականներ են տրվել հենց միջազգային համապատասխան կառույցների կողմից: Ավելին, ՀՀ փաստաբանական ինստիտուտը նույն կառույցների կողմից առաջարկվում է դիտարկել որպես էտալոնային մոդել: Ուստի փաստաբանական ինստիտուտի մարմինների բարեփոխումների առաջարկները տեղին կլինեին խորքային ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքներով, այլ ոչ դրվագային սուբյեկտիվ գնահատականներով: Հակառակ դեպքում այն կդիտարկվի որպես միջամտություն Սահմանադրությամբ երաշխավորված փաստաբանական ինստիտուտի անկախությանը և ինքնակառավարմանը:

Փաստաբանների պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հարաբերությունները տարիներ շարունակ եղել են գործընկերային, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը փաստաբանների կողմից ընկալվել է, որպես փաստաբանների և նրանց վստահորդների պաշտպան գործընկեր:

Հետևաբար բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, ակնկալում ենք, որ համագործակցությունը կշարունակվի կառուցողական մթոնոլորտում, և փաստաբանների ու նրանց վստահորդների համար Մարդու իրավունքների պաշտպանը կպահի անկախության և պաշտպանության բարձր նշաձողը:

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031