Հուլիսի 13-ի կեսօրին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության առջեւ կալիֆոռնիահայերը հանրահավաք են անցկացրել՝ բողոքելով Հայ առաքելական եկեղեցու, ազգային արժեքների եւ պետականության հիմնադրույթների նկատմամբ, իրենց բնութագրմամբ՝ «շարունակական անսանձ հարձակումների դեմ»։
Այս մասին Aravot.am-ը տեղեկանում է ակցիայի կազմակերպիչ «Ազգային ճակատ» շարժման սոցիալական էջերից։
Կարդացեք նաև
«Առաջնորդներ եւ պատանի երիտասարդներ՝ ոչնչի համար քաղաքական հետապնդում որպես, բանտարկված են այսօր։ Ամբողջ հայ ժողովուրդն այսօր բանտարկված է Հայաստանէն ներս, իրավունք չունի արտահայտելու իր ցասումը տեղի ունեցած անարդարության դեմ։ Անարդարություն, առաջինը որպես Հայաստանը տկարացնելու․․․», – հանրահավաքի ժամանակ հղած խոսքում նշեց Ծայրագույն Վարդապետ Հայր Սուրբ Մյուռոն Ազննկյանը։
Համայնքի ներկայացուցիչներից Մայքլ Սարյանը նույնպես հանդես եկավ ելույթով, որում նա հիշեցրեց մարդու՝ ազատ արտահայտվելու իրավունքի մասին։
«Կպահանջենք․ քաղաքական [դրդապատճառներով] նստած բոլոր մարդկանց պետք է դուրս հանել (ազատ արձակել – Ա․Ա․)։ Պարզապես հայտարարել են իրենց գաղափարը, եւ այդ պատճառով բանտում են նստած այսօր։ Նման մարդիկ են Սամվել Կարապետյանը, եկեղեցականները եւ բոլոր նրանք, որոնք հակառակ են խոսում։ Խոսքի ազատություն․ եթե Հայաստանը ժողովրդավարություն է, պետք է ամեն մարդ ազատ լինի իր գաղափարը հայտարարելու», – ասաց Սարյանը։
Նա նաեւ շեշտեց, որ վարչապետն իրավունք չունի խառնվել եկեղեցական գործերին։ Ըստ Սարյանի՝ Վեհափառը կարող է լավը լինել, կարող վատը լինել, բայց այդ հարցերով պետք է միայն Եկեղեցին եւ նրա ղեկավարությունը զբաղվի։
Գործարար Վահե Կարապետյանը կոշտ բառամթերքով անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին։ «Այսօր մենք ցավում ենք Հայաստանում պատահածի համար։ Ցավում ենք, եւ մեր բողոքն ենք փոխանցում, պահանջն ենք փոխանցում այդ խայտառակ, այսպես կոչված, կառավարությանը, այդ զրպարտող ղեկավարին, դավաճան հային», – հայտարարեց Կարապետյանը։
Ցուցարարները գրություններ փակցրին հյուպատոսության ճաղավանդակներին՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ինչպես նաեւ կալանավորված Բագրատ եւ Միքայել Սրբազանների եւ Սամվել Կարապետյանի։
Բողոքի ցույցի անցկացման մասին տեղեկատվական տեսանյութում «Ազգային ճակատ» շարժումը պահն «օրհասական է» որակում։ Որպես պահանջ ներկայացվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Սամվել Կարապետյանի «եւ մնացյալ բոլոր անօրինաբար կալանավորվածների» ազատ արձակումը։ Տեսահոլովակում ներկայացվում են կադրեր Սուրբ Պատարագից, հունիսի 27-ին Մայր Աթոռում ԱԱԾ գործողություններից, հաջակցություն Սամվել Կարապետյանի երեւանյան հանրահավաքից եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ ՀՀ վարչապետի շփումներից։
Հիշեցնենք՝ մայիսի վերջին օրերից սկսած վարչապետ Փաշինյանը սկսեց թիրախավորել բարձրաստիճան հոգեւորականներին՝ գլխավորապես Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն, ըստ Փաշինյանի՝ պետք է «ազատի Վեհարանը»։ Բագրատ Սրբազանն ու Միքայել Սրբազանը հունիսի 25-ին եւ 27-ին ձերբակալվեցին, այնուհետեւ՝ կալանավորվեցին: Կալանավորված է նաեւ Հայաստանյայց եկեղեցուն հրապարակայնորեն աջակցություն հայտնած գործարար Սամվել Կարապետյանը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ «Ազգային ճակատ» շարժման ինստագրամյան օգտահաշվից