ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ինքը միանում է բոլոր այն բանաձեւումներին, որոնք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից արշավը հայոց պետականության ինստիտուտների՝ ամենակարեւոր ինստիտուտի կործանմանը, կազմաքանդմանը միտված քաղաքականություն են համարում:
«Սա Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդի վարքագիծ չէ ինչպես էլ փորձեն դա ներկայացնել, սա Հայ Առաքելական եկեղեցու ներքին կյանքով ապրող մտահոգ մարդու վարքագիծ չէ, նույնիսկ սա կոնկրետ Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված քաղաքական քայլ չէ: Սա ընդամենը վարկաբեկում է հայապահպանության ամենակարեւորագույն ինստիտուտներից մեկը՝ 1700-ամյա քրիստոնյա պատմություն ունեցող եկեղեցին: Սա ոտնձգություն է հայի, հայի ինքնության, հայի տեսակի դեմ: Հետեւաբար, այս ամենը որեւէ արդարացում որեւէ մեկնաբանությամբ չի կարող ունենալ:
Հատկապես այս շրջանում, երբ հայոց պետականությունը գործող իշխանության գործողությունների կամ անգործության արդյունքում հայտնվել է կործանարար սպառնալիքների տակ: Ոչ թե Հայաստանի, այլ աշխարհասփյուռ հայության միասնական լինելը տվյալ դեպքում կարեւորագույն գործոններից է՝ դիմագրավելու արտաքին բազմակողմ, բազմածալք, կործանարար սպառնալիքներին: Իսկ աշխարհասփյուռ հայության կարողությունները միաբանող, միասնականությունը երաշխավորող համար մեկ ինստիտուտը Հայ Առաքելական եկեղեցին է: Հետեւաբար, ակնհայտ է, որ բառիս բուն իմաստով այս արշավը՝ անբարո, ոչ մի արժեք չպարունակող ու չհետապնդող արշավ է Հայոց պետականության եւ ամբողջ հայության ամենակարեւորագույն կառույցի դեմ, որն իր կենսունակությունը ապացուցել է դարերի ընթացքում, կառույց, որով մեզ ճանաչում են որպես առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգ:
Վերջին հաշվով մենք միջազգային հանրությանը ըստ էության առայսօր ներկայացել ենք նախ եւ առաջ եւ գլխավորապես մեր բազմածալ հոգեւոր եւ մշակութային ժառանգությամբ: Մեզ ճանաչում են ոչ միայն որպես ցեղասպանված, երկրաշարժ տեսած ժողովուրդ, այլ նաեւ ժողովուրդ, որը տվել է Նարեկացի, Համբարձումյան, Գալամյան, Գուրզադյան, Արշիլ Գորկի, Սարոյան, Ազնավուր: Մեր մշակութային, հոգեւոր ժառանգությունը մեր այցեքարտն է:
Կարդացեք նաև
Այսօր այդ այցեքարտն է ցեխոտվում: Այսօր ցեխ է շպրտվում հենց դրա վրա: Ահա թե ինչու ես գտնում եմ, որ այս արշավը բոլոր պարագաներում, ինչպիսի փաթեթավորմամբ էլ ներկայացվի, եկեղեցու, եկեղեցական կյանքի բարենորոգման հետ որեւէ աղերս չունի:
Բայց ոչ պակաս կարեւոր է, թե ինչու հատկապես այս փուլում: Հիշում եք, երբ 2018 թվականին նոր էին եկել իշխանության, այն ժամանակ էլ ինչ-որ այսպիսի բան կատարվեց: Բայց որոշեցին հետնահանջ անել կամ գուցե դադար վերցնել: Չգիտեմ: Բայց իմ պատկերացմամբ հիմա իրենց համար շատ կարեւոր է իրենց այս նախաձեռնությունը իրենց իսկ ծրագրերի իրականացման առումով, որովհետեւ որքան ես եմ հասկանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ այս արշավանքը զուգորդվեց նաեւ ազդեցիկ՝ քաղաքական ու ոչ քաղաքական դեմքերի նկատմամբ համատարած բռնության կիրառմամբ: Այսինքն, ստեղծվում է տպավորություն, որ գործող իշխանությունները փորձում են ոչ միայն վարկաբեկել, չեզոքացնել, զրոյացնել Հայ Առաքելական եկեղեցու ազդեցությունը մեր հանրային կյանքում, այլ նաեւ ըստ էության ձեւավորում են վախի մթնոլորտ: Ցանկացած ոք, որ կարող է նույնիսկ համարձակվի սեփական կարծիքը հայտնել, որը կարող է տարբերվել իշխանությունների կարծիքից, նա արդեն ենթակա է բռնության, իրավական հետապնդման: Ընդ որում, այս ամենը իրականացվում է հենց իրավապահ մարմինների ձեռքերով: Այսինքն, կազմաքանդել են այդ համակարգը. չկա դատախազություն, չկա քննչական կոմիտե: Այլեւս չկան դրանք: Ընդամենը գործում են ոչ թե օրենքից ելնելով, այլ գործում են ըստ էության, մեկ անձի հանձնարարությամբ: Եվ սա ակնհայտ է»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ