Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանը հաջողության կհասնի, եթե նախկինների հետ նույնականացվող որևէ անձ չերևա նրա թիմի երևացող մասում»․ քաղաքագետ

Հուլիս 14,2025 20:01

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին հայտարարությունը, կարծիք հայտնեց, որ նա հաջողության կհասնի այն դեպքում, եթե նախկինների հետ նույնականացվող որևէ անձ չերևա նրա թիմի երևացող մասում։

«Սամվել Կարապետյանի՝ սկզբունքորեն նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին հայտարարությունը շատ լավ տեղեկություն է, որ այսօր ստացանք, որովհետև ցավով պիտի արձանագրենք՝ Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում հաջողվեց մարգինալացնել ամբողջ քաղաքական դաշտը։ Նիկոլ Փաշինյանն անձամբ թույլ  չտվեց, որպեսզի ձևավորվեն նոր քաղաքական ուժեր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որովհետև ինքը հենց «նախկին-ներկա» թեզն առաջ տանելու շնորհիվ կարողացավ 2021 թվականին վերընտրվել և շարունակել իր հակահայկական քաղաքականությունը։ Ցավով պիտի արձանագրենք այն, որ Հայաստանում գործող ընդդիմությունը չկարողացավ նորմալ պայքարել Նիկոլ  Փաշինյանի դեմ, որովհետև չկարողացավ ձերբազատվել այդ «նախկին» պիտակից»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Նրա համոզմամբ՝ Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող կուսակցությունը պետք է ձերբազատված լինի «նախկինի» պիտակից։

«Սամվել Կարապետյանը պիտի հասկանա, որ մեր հասարակությունը նախկին տեսնելուց ուղղակի հիստերիայի մեջ է ընկնում։ Նախկինների ներկայացուցիչները ուզեն, թե չուզեն՝ այս փաստը պիտի հասկանան։ Եթե իրենք ուզում են, որպեսզի Սամվել Կարապետյանը ունենա հաջողություն, իրենք պիտի հեռու մնան Սամվել Կարապետյանից և նրա կողքին քիչ երևան։ Եթե ինչ-որ բանով ուզում են օգնեն, թող անդրկուլիսյան մեթոդներով, իրենց խորհուրդներով աջակցեն, բայց պիտի հասկանան, որ  հասարակության աչքերում ատելի են և չխանգարեն Սամվել Կարապետյանին իր թիմը ձևավորելու», -ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ մարդիկ պիտի հասկանան, որ իրենք 2021 թվականին անցել են  Ազգային ժողով և ոչնչի չեն հասել, իրենք շանս ունեցել են, բայց հաջողության չեն հասել, հետևաբար՝ հիմա գործարարին չպիտի խանգարեն։

«Հասարակությունը պիտի տեսնի, որ Սամվել Կարապետյանը չի կարող ասոցացվել նախկինների հետ, նրա ողջ հարստությունը և բարեկեցությունը պայմանավորված է  այլ երկրում բիզնես գործունեություն ծավալելու հետ։ Սամվել Կարապետյանը Հայաստանում չի հարստացել, նրա հաջողությունը կապված չէ Հայաստանում պաշտոն զբաղեցնելու և այդ պաշտոնը սեփական անձին, ընտանիքին կամ բարեկամներին ծառայեցնելու համար», -ասում է  քաղաքագետը։

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, եթե  նոր ձևավորվող ուժի վարչապետի թեկնածուն լինի հենց Սամվել Կարապետյանը։

«Որքան էլ Նիկոլ Փաշինյանը կամ  նրա թիմակիցները փորձեն պիտակավորել,  թե իբր Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ն է թալանել , միևնույնն է՝ չի ստացվի։ Մարդը  Ռամզես 2-րդի ժամանակաշրջանի սարքավորումներով, մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց պարտքեր էլ վզին՝ գնեց այդ կառույցը, արդիականացնում էր, որոշ չափով էլ ՀԷՑը  նորմալ աշխատում էր, հիմա մարդիկ պետականացնում են։ Պարզվում է՝ ՀԷՑ-ի գինը հիմա 7-8  հարյուր միլիոն ամերիկյան դոլար է, խլում են մարդու ձեռքից և փորձում են ներկայացնել, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը օգտագործում է հարստանալու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031