Սիրելի հայեր, ցանկանում էի երկար, հանգամանալից, փաստարկված ներկայացնել օրվա իշխանությունների «Սրբազան պայքարի» ակտիվիստների, Բագրատ և Միքայել Սրբազանների և առհասարակ ազգային ուժերի ներկայացուցիչների, նվիրյալ հայերի ձերբակալությունները, սակայն որոշեցի գրել հակիրճ` երկարը թողնելով ուրիշ առիթների:
Ձերբակալությունների նպատակն է` թշնամու նոր կամ ընթացիկ զիջումներին ընդառաջ` ճնշել հայի պայքարի ոգին, ազատ ապրելու իրավունքը, անկախ հայրենիք ունենալու բաղձանքը, պղծելու մեր հավատքի տաճարը Սուրբ Էջմիածինը:
Քրեական գործը ամբողջովին սուտ է, կեղծ, անօրինական, անհիմն, սարքած:
Պետական իշխանության համակարգը թշնամիների թելադրանքով և ծրագրով ծանր մեղադրանքներ է ( ահաբեկչություն, իշխանության զավթում) կիրառում, ձերբակալում «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներին, ազգային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նվիրյալ հայերին:
Կարդացեք նաև
Ես կսպասեմ արդարադատությանը, սրանով մեզ չեն վախեցնի։
Հայեր ջան, այս բռնաճնշումներով մեզ չեն կարող ստիպել դադարեցնել հանուն մեր երկրի, մեր սերունդների, մեր հավատքի, մեր իրավունքների պայքարը:
Կեղծ խաղաղության անվան տակ թշնամին փորձում է խլել մեր երկիրը ամբողջությամբ, ամեն օր, իսկ մեր տգետներն ու դավաճանները հավատում և համագործակցում են նրանց հետ:
Մենք պետք է պայքարենք առանց հուսահատվելու, վճռականորեն ընթանանք մեր ճշմարտության ճանապարհներով: ԱՍՏԾՈւՆ մեր հոգիներում ապրեցնելով, Նրա առաջնորդությամբ, հավատքով, զենքը, բահը, գրիչը մեր ձեռքերում պաշտպանենք մեր հայրենիքը, ապրելու մեր իրավունքը քրտնաջան աշխատելով և ստեղծագործելով:
Սիրելի հայեր, վտանգը շատ մեծ է: Թշնամին, ատամները սրած, հոշոտում է մեր սահմանները: Պետք է լինենք զգոն, համախմբված, պայքարենք թե բանտերից, թե ազատության մեջ, թե սահմանի վրա պաշտպանելով հայրենիքը, թե փողոցներում, թե խորհրդարանում։ Պայքարը պետք է լինին ամենուր։
Իմ սիրելի դաշնակցական ընտանիք, «Սրբազան պայքարի» ընկերներ մենք ստեղծման օրվանից պայքարել ենք հայկական պետությունը վերականգնելու փափագով և մեծ կորուստների գնով, զոհողություններով ու զոհաբերություններով հասել ենք նպատակին, այնուհետև պայքարել ենք հայրենիքի մասունքները հետ բերելու համար: Այդ ճանապարհին շատ հզոր, նվիրյալ ընկերներ ենք կորցրել։
Բանտերում ու զնդաններում տասնյակ տարիներով տառապել են մեր ընկերները: Այսօր էլ Բաքվի բանտերում են գտնվում մեր հայրենակիցները։ Իմ՝ հայաստանյան բանտում գտնվելը չնչին զոհողություն է տասնյակ հազարավոր զոհվածների և վիրավորների կյանքի համեմատ:
Մի մտածեք մեր մասին, հատկապես ասեմ, որ այստեղ էլ լավ հայեր կան թե բանտապահների, թե կալանավորների մեջ:
Մենք անկեղծ զինվոր ենք…
Փառքը՝ ԱՍՏԾՈւՆ, կյանք Նրա ժառանգներին՝ հայերին և հավերժություն Նրա ժառանգությանը Հայաստանին։