Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ պատկերացմամբ՝ այն գործողությունները, որ մտադիր են անել Մայր Աթոռի դեմ, պետք է խիստ մտահոգեն յուրաքանչյուր հայ առաքելական քրիստոնյայի». նախկին դատախազ Պետրոս Պետրոսյան. «Հրապարակ»

Հուլիս 15,2025 10:57

Հարցազրույց նախկին դատախազ, ՀՀ ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության նախկին պետ Պետրոս Պետրոսյանի հետ

– Օրեր առաջ վարույթն իրականացնող մարմինը խուզարկություն իրականացրեց ՀՅԴ-ականների տներում եւ տարածեց լուսանկարներ՝ հայտարարելով, թե բացահայտվել է ահաբեկչության պլանավորում։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են օրինական զենքեր, մեկ նռնակ եւ ՀՅԴ-ի «Մահ կամ ազատություն» կարգախոսով շապիկ։ 72 ժամով ձերբակալվեցին 7 դաշնակցականներ, որոնցից 5-ը 72 ժամ հետո ազատ արձակվեց․ դատարանը կալանք չսահմանեց, նռնակի տիրոջը մեղադրանք առաջադրվեց ոչ թե ահաբեկչության, այլ ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով։

– Ձեր նշած վարույթներում ներգրավվածություն չունեմ եւ ճիշտ չեմ համարում դրանց գնահատական տալ՝ հիմնավորվածության տեսանկյունից։ Սակայն, որպես քաղաքացի կամ իրավաբան, կարող եմ կարծիք հայտնել։ Ինձ համար ցավալի է, որ մեր հասարակության հետաքրքրությունները սկսվում եւ ավարտվում են քրեական վարույթներով, որոնք, իմ խորին համոզմամբ, պետք է լինեին մեր հասարակական օրակարգի ամենավերջում։ Այն գործողությունները, որ արվում են Հայ առաքելական եկեղեցու դեմ, այդ դատավարական գործընթացների փորձերը, ըստ էության, մեր ազգին, մեր սրբություններին, մեր բարոյականությանը դեմ քայլեր են։ Ամեն ինչ չէ, որ կարելի է փաթեթավորել իրավական շրջանակում եւ փորձել ներկայացնել որպես իրավական գործընթաց։ Իմ պատկերացմամբ՝ այն գործողությունները, որ մտադիր են անել Մայր Աթոռի դեմ, պետք է խիստ մտահոգեն յուրաքանչյուր հայ առաքելական քրիստոնյայի։ Եկեղեցին այն վայրն է, ուր մարդը գալիս է իր աղոթքն առ Աստված հղելու, ծնկաչոք, այլ ոչ թե դատավարական գործողությունների իրականացմամբ։ Այո, կարող են ասել, որ օրենքով սահմանված սահմանափակումներ չկան, բայց կան բարոյական նորմեր, որոնք հստակ արգելքներ են։

– Փաշինյանն ասում է՝ Էջմիածնում չկա մի տարածք, որի դռները կարող են փակ լինել իրավապահ մարմինների համար։

– Իրավաբանական տեսանկյունից՝ ՀՀ-ում չկա տարածք, որն արգելված է դատավարական գործողությունների համար, բացառությամբ օրենքով նախատեսված տարածքների։ Բայց այստեղ խոսքն իրավական նորմերի մասին չէ։ Մայր Աթոռը բոլորիս տունն է։ Եթե ես լինեի այդ գործի քննիչը, կաշկանդված կլինեի որեւէ գործողություն սկսել իմ իսկ տանը։ Այդ դեպքում ես բացարկման ենթակա քննիչ կլինեի։

– Ի՞նչ հիմքեր պետք է ունենան իրավապահները, որպեսզի մտնեն Մայր Աթոռ, օրինակ՝ խուզարկության, զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

– Եթե մեր երկրում մի օր լինի այնպիսի իրավիճակ, որ պետությունը Եկեղեցու ներսում սկսի փնտրել Ձեր մատնանշած բաները, ապա մենք այլեւս ո՛չ պետություն կունենանք, ո՛չ էլ որպես ազգ իրավունք կունենանք ապրելու այս աշխարհում։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031