«Մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք եւ կպատկերացնենք ՀՀ ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Սա շատ կարեւոր է արձանագրել, որովհետեւ հետագա ցանկացած քննարկում տեղի է ունեցել եւ տեղի է ունենալու այս համատեքստում։ Այսինքն՝ մենք երբեք չենք ունեցել որեւէ քննարկում, որը կտրված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու իրավազորության օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարց քննարկվո՞ւմ է։
Ամերիկյան կողմն առաջարկել է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին օրերի այս քննարկումներին, ասաց․ «Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման հայտնի դեպքեր կան, օրինակ, Զվարթնոց օդանավակայանի կառավարումն արտապատվիրակված է։ Եվ ես չեմ կարծում, որ որեւէ ձեւով այդտեղ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը կամ տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է, Հայաստանի երկաթուղիների կառավարումն արտապատվիրակված է։
Կարդացեք նաև
Ինչի՞ մասին կարող է լինել խոսքը կամ այն, ինչ մենք քննարկում ենք։ Օրինակ՝ քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետեւ կարող եք պատկերացնել, թե «խաղաղության խաչմերուկ» նախագիծն ինչ ահռելի ներդրումային պոտենցիալ ունի։ Մենք պետք է կարողանանք կոնսոլիդացնել այդ ներդրումները։ Դա մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի եւ կառավարվի, որը մեր տրամաբանությամբ՝ պետք է եւ կարող է լինել ՀՀ սեփականությունը։ Խոսքն այստեղ ահա այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է»։
Նա ասաց, որ մասնավորապես վարձակալության մասին է խոսք գնում, ներառյալ՝ քննարկվում է հողի վարձակալության թեման։ «Ես ուզում եմ ասել, որ այն, ինչ հիմա ես նկարագրեցի, մեր օրենսդրությամբ հիմա կոչվում է կառուցապատման իրավունք։ Եվ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները նաեւ որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը։ Քննարկվում են եւ քննարկվել են ամենատարբեր գաղափարներ, եթե լիներ մի պայմանավորվածություն, որն արդեն ձեռք բերված կամ ստորագրված լինելր ես դրա մասին կասեի։ Ես ներկայացրեցի քննարկումների շառավիղը»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ