«Եթե հանկարծ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցնեն, նրանք փաստորեն ամբողջովին զավթելու են Հայաստանը: Այսօր նորից ուզում եմ մի մեջբերում անել՝ Յուրի Բարսեղովի փաստաթղթերի հավաքածուի գրքի մեջ շատ պարզ գրված է, որ 1918 թվականի արտգործնախարարն իր հեռագրում, որը հղում է Արեւելյան ճակատի հրամանատարին, շատ պարզ գրում է՝ շարունակելով խաբել հայերին եւ մնացած եվրոպացիներին՝ մենք պետք է շարունակենք մեր քաղաքականությունը, հասնենք մեր նպատակին, այն է՝ ոչնչացնենք հայերին՝ թե քաղաքականապես, թե ֆիզիկապես»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Հիմա ծրագիր է գրվում, ասում են՝ մենք պետք է բնակեցնենք Հայաստանի տարածքում շատ թուրքերի այն պատճառաբանությամբ, որ պետք է պաշտպանվեն նրանց իրավունքները, պետք է այնպես անենք, որ այդ ծրագիրը վերածվի Հայաստանի ամբողջական գրավման: Շատերը կարող են տեսնել յութուբում, թե ինչպես է այս տարվա հուլիսին Էրդողանը ելույթ ունենում իր ջատագովների առջեւ եւ կրկնում նույն բանը, ինչ ես պնդում եմ, բայց բոլորը չէ, որ հավատում են դրան: Թուրքերը ցեղասպանության արդյունքներով պարծենում են, իրենք շարունակում են այդ գործողությունները, իրենց քաղաքական եւ պետական գործիչները դա ներկայացնում են որպես պարծանքի առարկա»,-հավելեց տիկին Ալավերդյանը:
Նա նաեւ ընդգծեց. «Ես ուզում եմ բոլորիդ հստակ ասել՝ 300 հազար ադրբեջանցիներին ուզում են այստեղ բերել որեւէ իրավական հիմք չունենալով, ընդ որում գալու են ոչ թե նրանք, որոնք երբեւիցե այստեղ ապրել են, այլ նրանք, որոնք հրեական ձեւով կիբուցեներ են լինելու, ռազմական կետեր: Նայեք, թե այսօր ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, ողջ Արցախով մեկ կառուցվում են ռազմական բազաներ՝ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Իսրայելի կողմից: Հիմա դա ցանկանում են անել նույն հիմքերով եւ նույն նպատակի համար, որ այստեղ բնակեցնեն այդ ադրբեջանցիներին, հետո իրենք կազմակերպեն որեւէ սադրանք, հետո ասեն, որ դրանց պաշտպանելու համար սկզբում անհրաժեշտ է մտցնել ոստիկանական ուժեր, հետո բանակ եւ այլն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ