Այսօր հրավիրած ասուլիսում «Առավոտը» հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ «Եկեղեցու դեմ ձեր արշավը առայժմ միայն կարգալույծ նախկին հոգեւորականներն են պաշտպանել, կամ ձեր թիմակիցները, որոնք չեն խուսափում հաստատել, որ ոչ մկրտված են, ոչ Աստծուն են հավատում՝ աթեիստ են, ոչ էլ Հայ առաքելական եկեղեցու անդամ են: Կարո՞ղ եք Հայ առաքելական եկեղեցու անդամ գոնե մեկ հավատացյալի անուն տալ, որ այս ամենում ձեր կողքին է: Հոգեւորականները բազմաթիվ պատմություններ են պատմում, թե ինչ պատժի են արժանացել օծյալներին վնասողները: Դուք Աստծո նզովքից, պատժի՞ց էլ չեք զգուշանում փաստորեն»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը չի կարող արշավ ծավալել Եկեղեցու դեմ։ «Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետեւաբար, մենք չենք կարող արշավել Եկեղեցու դեմ։ Այն, ինչ մենք անում ենք, հանուն Եկեղեցու է։ Եվ եթե Հայ Առաքելական եկեղեցին մեզ համար սրբություն չլիներ, մենք ուղղակի կարող էինք բացարձակապես անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցու ներսում»,- նշեց Փաշինյանը։
«Անդրադառնալով Աստծո նզովքին՝ իսկ որտեղի՞ց ձեզ այդ տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է, իսկ գուցե նզովել կամ նզովում է նրանց, ովքեր Աստծո տունը պղծում են։ Իմ կարծիքով՝ տրամաբանությունը հենց էդ պետք է լինի, ինչպես կարող է Աստված նզովել նրանց, ովքեր հետեւում են իրեն եւ ինչպես կարող է Աստված չնզովել նրանց, ովքեր պղծում են, ոտնահարում են իր արժեքները եւ իր եկեղեցին։ Ձեր ունեցած տեղեկությունները չափազանցված են, ես մի մարդ եմ, որ ինձ համարում եմ, որ ունի հոգեւոր կյանք, ունի հաղորդակցություն Աստծո հետ։ Աստծո հետ հաղորդակցվելու մի ձեւ կա՝ աղոթք, սաղմոս կարդալ, սուրբ գրքեր կարդալ։ Եվ ես նզովքի վերաբերյալ ձեր ասածին կպատասխանեմ սաղմոսով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հատված կարդաց 118-րդ սաղմոսից, որը վերնագրված է «Աղոթք՝ հասկանալու Տիրոջ իմաստությունը»․ «Տեր, իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետեւեմ դրան: Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ քո օրենքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն: Առաջնորդիր ինձ քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ: Սիրտս հակիր դեպի քո պատվիրանները եւ ոչ թե դեպի ագահություն: Շրջիր աչքերս, որ ունայնություն չտեսնեմ, ինձ պահպանիր քո ճանապարհին: Քո ծառայի համար հաստատիր քո խոսքը, որ երկյուղի մեջ մնամ: Ազատիր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո: Ահա ցանկացա քո պատվիրանները, քո արդարությամբ պահպանիր ինձ»:
Կարդացեք նաև
Փաշինյանը հավելեց․ «Ես կարող եմ էլի սաղմոսներով արձագանքել նրանց, ովքեր կարծում են, թե նզովյալները կարող են Աստծո անունից նզովել որեւէ մեկին, առավել եւս ինձ՝ ոչ թե ՀՀ վարչապետ, այլ որպես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետեւորդ, որը 30 տարի ամեն օր աղոթում է, պարբերաբար ծոմապահության մեջ է։ Կուսակրոն քահանաներն ասում են՝ էդ ի՞նչ են գլուխ գովում, մի ամսից ավել ո՞վ կարա առանց կնոջ ապրել։ Դա նշանակում է, որ էդ մարդիկ, բացի էն, որ իրենց կուսակրոնության ուխտը խախտում են, իրենք մեծ պահք էլ չեն պահում։ Դուք ուզում եք ասել, որ էդ մարդիկ կարող են ինձ նզովե՞լ։ Ես կարող եմ իրենց նզովել, բայց ես չեմ նզովում իրենց, ես ընդամենն ասել եմ, որ առաջնորդելու եմ Վեհարանն իրենցից ազատելու գործընթացը։ Ոչ մի նզովքի կարիք չկա, որովհետեւ քրիստոնեությունը սիրո ուսմունք է»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Առավոտի» թղթակիցը նաեւ հարց ուղղեց Փաշինյանին, թե մտադի՞ր է արդյոք իրականացնել ընդդիմադիրների կողմից իրեն արվող առաջարկները եւ ի վերջո հրապարակել արցախյան կարգավորման բանակցային փաթեթները, որ պարզ դառնա, թե ով հանձնեց Արցախը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամիսներ առաջ հանձնարարել է, որ փաստաթղթերը գույքագրվեն, կարգի բերվեն։ «Հիմա թերեւս արվում է համապարփակ վերլուծություն, թե արդյոք պետական անվտանգության հետ առնչվող թեմաներ կան, թե՞ չկան։ Կան տեղեկություններ, որոնք ունեն բացահայտման որոշակի ժամկետայնություն, այսինքն՝ պետք է վերլուծել, թե այս պահին այս կամ այն փաստաթղթի բացահայտումը ինչքանով կարող է վնասել Հայաստանի պետական շահերին։ Բայց պետք է ասեմ, որ բանակցային գործընթացի վերաբերյալ, ըստ էության, չկա այնպիսի էական դետալ, որի մասին հանրությունը տեղեկացված չէ»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ