Լրահոս
Օրվա լրահոսը

5000 տղաների կորստի պատասխանատվությունը չստանձնած անձը կարո՞ղ է հղի կնոջ վրաերթի պատասխանատվություն ստանձնել. Րաֆֆի Ասլանյան

Հուլիս 16,2025 16:47

-Եթե 5000 տղաների կորստի հարցում պատասխանատվություն չի ստանձնում, ի՞նչ եք կարծում՝ հղի կնոջ վրաերթի դեպքով առնվազն բարոյական պատասխանատվություն կարո՞ղ է ստանձնել: Սա մարդու տեսակ է,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու ելքով վրաերթի զոհ դարձած հղի կնոջ Սոնա Մնացականյանի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա պնդումներին, թե իր շարասյունը կապ չունի վրաերթի հետ:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսպես էր հիմնավորել իր կապ չունենալու պնդումները. «Պատկերացրեք՝ դուք ավտոբուսի մեջ նստած եք, ու վարորդը մարդու վրաերթի ենթարկի, ու հետո լրագրողները գան ձեր հետեւից ու հարցնեն՝ ինչո՞ւ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ու տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետեւը նստած էի։ Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան, իսկ այս դեպքում ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ եւ երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ես զանգել եմ, ցավակցել եմ։ Դատավարություն է տեղի ունենում։ Ի՞նչ անեմ ես։ Ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որովհետեւ ես դա չեմ էլ տեսել, ես նստած եմ եղել մեքենայի մեջ, այդտեղ էլ նստած մնացել եմ»:

-Ինքը ունի ուղիղ կապ: Ինչը հաստատել է նաեւ վերջին քաղաքական հետապնդումներով՝ թե՛ Միքայել սրբազանի, թե՛ բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ուղիղ հրահանգներով: Այս գործերն այն դասական օրինակներն են, որ ինքը ամենալկտի ձեւով միջամտում է իրավապահների աշխատանքին, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կիրառում է քրեադատավարական գործիքակազմը:

Սոնա Մնացականյանի գործով վարորդը չէր կարող ազատության մեջ մնալ, չէր կարող քրեական հետապնդում չհարուցվել պատասխանատու ղեկավար կազմի նկատմամբ, այդ թվում ՝ շարասյան ղեկավարի նկատմամբ: Այդ ամեն ինչն արվել է քաղաքական ցուցումով: Ընդ որում՝ սա ոչ թե օդի մեջ արվող հայտարարություններ են, դրանց հիմքերը կան քրեական վարույթում,- հավելեց պարոն Ասլանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031