Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն մեզ մոտ ընդունվում է նույնքան սրտացավությամբ. Վահագն Խաչատուրյանը՝ դեսպան Մայա Դաղերին

Հուլիս 16,2025 17:56

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա:

«Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի պետության և ժողովրդի նկատմամբ։ Հավատացեք՝ Լիբանանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն՝ լինի դրական, թե՝ բացասական, մեզ մոտ ընդունվում է նույնքան սրտացավությամբ, որքան եթե դա տեղի ունենար մեր երկրում:

Մենք մշտապես զգացել ենք միմյանց կարիքը։ Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին՝ սկսած քաղաքական համագործակցությունից, մինչև միջազգային հարթակներում միմյանց աջակցությունը»,- ասել է նախագահը։

Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի վերջերս արտահայտած դիրքորոշման համար՝ Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Լիբանանը վերապահում է հայտնել ընդունված հայտարարության այն ձևակերպումների առնչությամբ, որոնք Ադրբեջանի նախաձեռնությամբ ներառվել էին հակահայկական ենթատեքստով։

Խոսելով երկու երկրների հարաբերություններն առավել ակտիվացնելու անհրաժեշտության մասին ՝ նախագահը նշել է, որ ապագային պետք է նայել լավատեսությամբ: «Ես ավելի լուսավոր ապագա եմ տեսնում մեր երկու երկրների համար»,– հավելել է նա։

Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ես հեռանում եմ Հայաստանից՝ գրեթե ութ տարի դիվանագիտական առաքելություն իրականացնելուց հետո։ Հեռանում եմ տխրությամբ, սակայն, միևնույն ժամանակ, ուրախությամբ, քանի որ, ինչպես նշեցիք, ապագան մեր երկու երկրների համար լուսավոր է լինելու»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-լիբանանյան հարաբերությունների հնարավորինս արագ ակտիվացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով Լիբանանում վերջին շրջանում սկսված վերակառուցման և վերականգնման գործընթացները, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերն ու փոխադարձ վստահության ամուր հիմքերը։

Զրույցի ավարտին Հանրապետության նախագահը դեսպան Դաղերին մաղթել է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031