Երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտը) օրերս ֆեյսբուքի էր էջում տեսանյութ էր տարածել՝ ստիպված լինելով հերքել տհաճ մի ասեկոսե իր եւ Պարգեւ Սրբազանի վերաբերյալ:
;
Երգչուհու ամուսնու խնդրանքով նույնը արել էր նաեւ Սրբազանը:
Aravot.am-ը այդ եւ այլ թեմաների վերաբերյալ զրուցել է Անի Թովմասյանի հետ:
Կարդացեք նաև
Մեր հարցին, իր կարծիքով՝ որն է պատճառը, որ Վեհափառ Հայրապետի եւ ազդեցիկ հոգեւորականների դեմ արշավ է սկսվել, Անի Թովմասյանն այսպես արձագանքեց. «Միանշանակ պատճառը քաղաքական է։ Նախ վեհափառին աշխարհիկ մարդը իրավունք չունի թիրախավորել։ Եթե Եկեղեցում կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն Եկեղեցու ներսում։ Միայն աղանդավոր մտայնությունն է Եկեղեցու խնդիրների լուծումը տեսնում դրսում։ Ինչպես դա արեց Մարտին Լյութերը՝ բողոքականության հայրը։ Նա որոշ խնդիրներ էր նկատել Կաթոլիկ եկեղեցում եւ բողոքեց։ Այդտեղից էլ եկավ Բողոքականություն աղանդը։ Նրանց պայքարը Եկեղեցուց դուրս է:
Կարծում եմ ՝ հիմա նույնը մեզ մոտ է։ Մեր Հայրերը սրա մասին շարունակ գրել են։ Մի արհամարհեք քահանաներին, մի քննեք նրանց կյանքը՝ Նրանք Աստծունն են։ Ինչպես արդեն նշեցի, քաղաքական է պատճառը կամ ավելի շատ քաղաքական է։ Եկեղեցին այսօր միակ ինստիտուտն է, որ շարունակում է խոսել ռեալ պրոբլեմների մասին, Արցախի մասին, իշխանության ազգակործան քայլերի մասին։
Ինչքան էլ Նիկոլն ասի, որ հավատում է Քրիստոսին (դեւերն էլ հավատում եւ վախենում էին Քրիստոսից) նրա քայլերը հակաՔրիստոսի են։ Մարդուն ոչ թե դատում ես խոսքերով, այլ քայլերով։ Միայն աղանդավորը կվարվեր այդպես, որը արմատներ չունի Առաքելական Եկեղեցում։ Քրիստոսին հավատալը մի բան է, նրա ուսմունքը պահելը՝ մի այլ բան։ Կարող ես հավատալ, բայց գործերդ դրդված լինեն անձնական Եսից։
Նիկոլի եւ աղանդավորների մոտ Եսը շատ է։ Մերը չկա։ Նա ասում է՝ Քրիստոսն իմ իդեալն է։ Մենք ասում ենք՝ Քրիստոս Մեր Աստվածն է։ Մեր, միաբանություն, Եկեղեցի, ընտանիք, Քրիստոսի մարմին, անդամները այդ մարմնի։ Նկատեցի՞ք տարբերությունը… Աղանդը ինքը իր անձի հետ մենակ կարդում է Աստծո խոսքը եւ մեկնում։ Մենք՝ Առաքելականի անդամներս, կարդում ենք Աստծո խոսքը Սուրբ Հայրերի մեկնություններից օգտվելով։ Մեզ մոտ կա հաջորդականություն։ Քրիստոս փոխանցեց Առաքյալներին, Առաքյալները եկան փոխանցեցին Հայ Սուրբերին, Հայ Սուրբերը իրենց աշակերտներին, մինչև եկավ հասավ մեզ։ Նկատեցի՞ք հաջորդականությունը… Ինչ միաբան ենք։ Բայց Նիկոլը եւ աղանդները չունեն դա։ Համոզեք մի նիկոլականի Մանդակունի կարդալ, չի կարդա։ Մեր Սրբերը նրանց համար արժեք չունեն» ։
Հարցին՝ ինչու որոշեց արձագանքել իր անվան հետ կապված ստահոդ լուրերին, ավելի ճիշտ չէ՞ր լինի արհամարհել դրանք, Անի Թովմասյանը այսպես պատասխանեց. «Երեք տարի է՝ արհամարհում եմ։ Սակայն հասկացա, որ այն նոր ուժ եւ թափ էր հավաքում։ Կան դեպքեր, որ պիտի լռես, կա ժամանակ, որ պիտի քեզ պաշտպանես Ստից։ Ստի հայրը սատանան է…»:
Անի Թովմասյանը միշտ սրտացավ է եղել Հայաստանի հանդեպ: Ապրելով ԱՄՆ-ում՝ տարբեր բարեգործական ձեռնարկների է մասնակցել, դրա համար հետաքրքրվեցինք, թե ինչ զգացողություն է ունեցել 44-օրյա պատերազմին հետեւած զարգացումներից, Արցախի կորստից հետո, հատկապես որ հայրը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել:
«44-օրյա պատերազմը ինձ համար wake up call էր՝ արթնանալու զանգ։ Ես հասկացա, որ մի բան այն չէ։ Փորձեցի խնդիրն իմ մեջ փնտրել՝ որպես Հայ, որի Հայրը զոհվել է 1990-ին։ Պատասխանատվության զգացում ունեցա: Սկսեցի կարդալ Հայոց Պատմություն ՝ Եղիշե։ Գնացի Առաքելական Եկեղեցի եւ օգնություն խնդրեցի։ Սկզբում դժվար էր, Եսն ինձ մոտ շատ ուժեղ էր, խոնարհ չէի … Բաժակս լիքն էր։ Սկսեցի կարդալ ու կարդալ։ Շնորհալի, Մանդակունի, Կողբացի, Այգեկցի, Ոսկեբերան, Անտոն Անապատական, Կյուրեղ Երուսաղեմացի… Չէի կարդում, կլանում ու կուլ էի տալիս ամեն մարգարիտ։ Աշխարհայացքս 180 աստիճանի փոխվեց։ Մաշտոցի կյանքը կարդալուց հետո հասկացա, թե ճիշտ Հայի տեսակը ինչ աշխատասեր է։ Հասկացա, որ ես էլ պիտի կրթվեմ եւ չծուլանամ կիսվել…Պատերազմի, կորուստների մեղավորները մենք ենք, ամեն Հայ։ Մեր տգիտության պատճառով անցանք այդ դժողքով։ Բայց ո՞վ դաս քաղեց… Ո՞վ հետ գնաց պատմություն, ինքնություն, Եկեղեցի: Ո՞վ իր մեջ սխալը փնտրեց… Ամենամեծ մեղավորը իշխանությունն էր, սակայն ես էլ իմ չափով նաեւ ինձ եմ մեղավոր համարում։ Միգուցե, եթե ես չլինեի Շպռոտ եւ չքարոզեի դեմոկրատիա, լիբերալություն, այդպես չպատժվեինք։ Ամեն մարդ իր մեջ պիտի փնտրի պատճառը եւ լիկվիդացնի, հետո նոր անցնի կրթելուն։ Ով ունի՝ պիտի տա։ Այսօր Մշակները քիչ են, հունձքը շատ»,-նշեց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը, որ շատ ակտիվ է սոցցանցերում, ի՞նչ տպավորություն ունի այսպես կոչված ֆեյսբուքյան Հայաստանից, ինչո՞ւ են մարդիկ եւ իրական արժեքները փոխվել, Անի Թովմասյանն այսպես պատասխանեց. «Նախ, արժեքները մեկ օրում չեն փոխվում։ Կան հատուկ ծառայություններ, որոնք դանդաղ եւ անցավ փոխում են մարդու կրած արժեքներն ու ինքնությունը։ Թմրեցնում են խաղաղության լոզունգներով։ Իսկ հոգնած մարդիկ հենց դրան են տենչում։ Իսկ Ֆեյսբուքը, ինչպես հասկացա, մեր Հայրենիքում ակտիվ է Նիկոլի շնորհիվ։ Նա այդպես է շփվում։ Դա նշանակում է, որ պետք է գնանք Ֆեյսբուք, օգնենք մեր հայրենակիցներին, որ չմոլորվեն քարոզչության պատճառով»:
Հարցազրույցը դրական նոտայով ավարտելու համար նաեւ հետաքրքրվեցինք, թե ներկայումս ինչ նախագծի վրա է աշխատում, ինչ նոր երգ կամ տեսահոլովակ ունի: Անի Թովմասյանը նշեց, որ շաբաթ առաջ նոր տեսահոլովակ է թողարկել, որը կոչվում է «Գուրգեն ջան», բայց ինչպես ինքը նշեց, հիմա առանձնապես երգելու հավես էլ չկա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ