Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Համբարձում Մաթևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ այն ծրագրերը, որ համատեղ մշակվել են, բարեհաջող կընթանան։ Վարչապետը խոսել է համապատասխան բանաձևերի մշակման կարևորության, գրագետ ակտիվության մասին, որոնց միջոցով հնարավոր կլինի տնտեսական ներդրումները ծառայեցնել շրջակա միջավայրի որակյալ պահպանությանը: «Առաջիկայում մենք այլ անելիքներ էլ ունենք, մասնավորապես՝ COP 17 համաժողովի հյուրընկալության և կազմակերպական հարցերի առումով: Եվ այս առումով նույնպես ուզում եմ պարոն Սիմիդյանին շնորհակալություն հայտնել, որովհետև այդ միջոցառումը հյուրընկալելու իրավունքը Հայաստանի Հանրապետությունն ստացել է քվեարկության արդյունքում: Ուզում եմ այստեղ ընդգծել նաև Շրջակա միջավայրի նախարարության և պարոն Սիմիդյանի անձնական դերակատարումը: Դա մասշտաբային մի միջոցառում է, որի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև մեր երկրի հեղինակության մասին է խոսքը: Իհարկե, մեզ համար դա մեծ հնարավորություն է, որպեսզի առավել կենտրոնանանք բնապահպանական և շրջակա միջավայրի խելացի կառավարման օրակարգի վրա: Ցավոք, միշտ չէ, որ մենք այդ օրակարգերի վրա բավարար չափով կենտրոնացած ենք, և COP 17-ը մեզ համար առիթ է այդ օրակարգը վերանայելու»։
Հակոբ Սիմիդյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընձեռված հնարավորության համար և նախարարության գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և նշել, որ Համբարձում Մաթևոսյանի դեպքում ծրագրերի և բարեփոխումների շարունակականությունն ապահովված է: Հակոբ Սիմիդյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ոչ միայն նախարարության աշխատանքի, այլ նաև COP 17-ի շրջանակում:
Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք բարեհաջող կերպով իրականացնել նախարարության ծրագրերը Ձեր հանձնարարականների և Կառավարության ծրագրի համաձայն»։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ COP 17 համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ամբողջ ներուժով:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ