Լրահոս
Օրվա լրահոսը

«44 տարի ե’ս եմ ապրել այդ ընտանիքում, որ ասում եմ` չի եղել, ուրեմն` չի եղել։ Հայրս իր էությամբ բիզնեսի հետ կապ չունի»․ Միսակ Հովսեփյան

Հուլիս 17,2025 19:15

Հակակոռուպցիոն դատարանում (նախագահող` դատավոր Տիգրան Դավթյան) ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով հարցաքննվեց նրա որդին՝ Միսակ Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ այլ չարաշահումների մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2004-2013 թթ.,  զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018 թթ.՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015 թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու և այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Միսակ Հովսեփյանը դատարանի դահլիճում ասաց՝ ՀԷԿ-ի իրական շահառուն մենք եղբայրներով էինք, թե ոնց կբաժանեինք, այդ ժամանակաշրջանում հստակ չէինք որոշել՝ հարցը թողնելով հետագային։

Մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանը, մեջբերելով Միսակ Հովսեփյանի այն խոսքերը, թե «մենք՝ եղբայրներով էինք ՀԷԿ-ի իրական շահառուն», հարցրեց՝ հնարավո՞ր է մի փաստարկ ներկայացնել էդ նույն տրամաբանութամբ, երբ դուք՝ եղբայրներով եք իրական շահառուն, չէր կարո՞ղ իրական շահառուն լինել նաև Աղվան Հովսեփյանը՝ որպես ձեր հայրը։ Միսակ Հովսեփյանը պատասխանեց․ «Ես չպետք է արդարացնեմ իմ հորը։ Դուք պետք է փաստարկ բերեք, որ ինքն է իրական շահառուն։ Հարցին պատասխանեմ, որ իմ հայրը սկի չգիտի՝ ես ինչով եմ զբաղվել։ Երկու տարին մեկ կարող է իմ անձնական գործունեության հետ կապված ինչ-որ հպանցիկ քննարկում ունենայինք, ոչ թե գործերի հետ կապված, այլ ընդհանրապես բնագավառի։ Երբ Արցախում սկսում էի ՀԷԿ-ի շինարարությունը, զուտ քաղաքական քննարկում եղավ։ Հայրս չգիտեր էլ, որ գնացել, այնտեղ վարչապետի հետ եմ հանդիպել, քննարկել ենք ներդրումային ծրագիր, վարչապետը կազմակերպել է նախագահի հետ հանդիպում, որ հանդիպենք, քննարկենք։ Ուղղակի հորս հետ քննարկել ենք՝ ո՞նց ես կարծում աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպա՞ստ է, Արցախը մերը կմնա՞, թե՝ ոչ։ Տեղյակ էլ չի եղել։ Ի՞նչ իրական շահառուի մասին է խոսքը»։

Դատախազի հարցին՝ քանի որ Դուք փաստ ունեք, որ Նարեկ Հովսեփյանն է բաժնետերը, չունեիք որևէ փաստաթղթային ձևակերպում մինչև 2014-ը, որ Դուք էլ եք բաժնետեր, ընդունեցինք, որ Դուք ու Ձեր եղբյարը շահառու եք, հնարավո՞ր է՝ չլինի փաստաթղթային ձևակերպում, բայց Ձեր հայրը լինի իրական շահառու։ Կարո՞ղ եք ասել, որ այս կամ այն արգելքի դեպքում Ձեր հայրը չէր կարող լինել իրական շահառու, Միսակ Հովսեփյանն այսպես պատասխանեց․ «Ինքը ժամանակ չուներ, իրեն օրերով չէինք կարողանում տեսնել։ Իսկ այդ կարգի գործերն ամենօրյա քննարկում են պահանջում։ Այն տրամադրությամբ չէինք տեսնում հորս, որ կարողանայինք իր հետ բիզնես դետալներ քննարկել։ Հարցնում էր՝ նորմա՞լ են ձեր գործերը, ասում էինք՝ այո։ 44 տարի ե՛ս եմ ապրել այդ ընտանիքում, որ ասում եմ՝ չի եղել, ուրեմն չի եղել։ Նախ՝ դա թույլ չի տալիս օրենքը։ Կարծում էիք՝ իմ հայրը՝ լինելով գլխավոր դատախազ, տեղյակ չէ՞ր այդ օրենքի մասին։ Երկրորդը՝ մարդը էությամբ բիզնեսի հետ կապ չունի»։

Դատախազը նաև հետաքրքրվեց՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հետ առնչություն ունեցե՞լ եք, Աղվան Հովսեփյանի որդին պատասխանեց, որ ծանոթ է եղել, նախարարությունում նաև քննարկում են ունեցել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031