Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե մանկական տրավմա ունի, այդ ակցիան իրեն որեւէ բա՞ն է հուշում. ավագանու անդամը՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի մասին

Հուլիս 17,2025 23:31 Share

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, աշխատակազմի բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքով, որը որակվել է որպես խուլիգանություն:

Հիշեցնենք, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և դրան նախորդող օրը բլոգեր Արթուր Չախոյանի և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունն ավարտվել է: 

-Ինձ հետաքրքիր է, թե իր կենսակերպի կամ ինչ-որ մի բանի հետ ասոցացվո՞ւմ էր իմ ակցիան, որ իրեն ստորացված է  զգացել: Որովհետեւ քաղաքական ակցիա եմ արել, ոչ մի միտում չեմ ունեցել ինչ-որ մեկին ստորացնելու: Միգուցե մանկական տրավմա ունի, այդ ակցիան իրեն որեւէ բա՞ն է հուշում, չեմ կարող ասել,- մեզ հետ զրույցում ասաց Մեսրոպ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ինքը հրաժարվել է այս գործով ցուցմունք տալուց, որովհետեւ մեղադրանքն իր համար պարզ չէ, նույնիսկ խնդրել է առերեսում այս գործով տուժող վարչական շրջանի նախկին ղեկավարի հետ, սակայն վարույթ իրականացնող մարմինը առերեսում չի կազմակերպել. «Այս գործով տուժողն է ինքը, հիմա ուզում եմ հասկանալ՝ ո՞ր պահից է էդ լավ տղեն, քուչի տղեն ստորացած զգացել: Ինձ շատ հետաքրքիր է, հարցեր կան, որոնք անպատասխան մնացին: Մի անգամ են ինձ հրավիրել հարցաքննության, չեմ հասկացել՝ խնդիրն ինչ է, հրաժարվել եմ: Ասել եմ ՝ մի հատ բազմակողմանի վերլուծություն արեք: Ինձ համար անհասկանալի էր այն  մեղադրանքը, որ առաջադրել են, այն իրականության հետ կապ չուներ: Նախ հետ ու առաջ կար՝ ով էր առաջինը զանգել, ով էր հայհոյել, իմ անունը կար, չկար, ուղղակի էդ գործը թքել, կպցրել են»:

Մեսրոպ Մանուկյանը պնդում է՝ իր քաղաքական ակցիայի ժամանակ չի եղել ստորացնող, վիրավորող գործողություն. «Հիմա քաղաքակիրթ երկրներում նաեւ ձու են բերում, շպրտում: Եթե ձու բերեի, շպրտեի, դա էլ իր համար ուրի՞շ բան պետք է ասոցացվեր: Կրկնում եմ՝ իրեն չեմ ստորացրել, ոչ էլ նման ցանկություն եմ ունեցել: Ինքն այդ ակցիայի նախորդ օրը խուլիգանի պես լկտի է իրեն պահել, լկտի բառապաշար է օգտագործել, բայց ես քաղաքական մարդ եմ, քաղաքական ակցիա եմ ընդամենն արել»:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ վարչական շրջանի  նախկին ղեկավար Տիգրան-Տեր Մարգարյանի հետ, սակայն մեզ չհաջողվեց նրանից պարզաբանում ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031