Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. «Մենք կարեւոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում»

Հուլիս 18,2025 15:05

Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում այսօր կայացավ նաեւ մեծ արվեստագետի արձանի բացումը, որին մասնակցեցին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շառլ Ազնավուրի որդին իր ընտանիքի հետ, Հայաստանում Ֆրանսիայի եւ այլ երկրների դեսպաններ, երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր:

Տիգրան Ավինյանը իր ելույթում ասաց. «Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում բացում ենք արձան, որը խորհրդանշում է ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակը, այլեւ հայ ժողովրդի ներդրումը միջազգային մշակութային կյանքում: Շառլ Ազնավուրը՝ ծնված Փարիզում՝հայ փախստականների ընտանիքում, դարձավ համաշխարհային երգարվեստի ամենահայտնի անուններից մեկը: Հազարից ավելի երգեր, ֆիլմեր, համերգներ ավելի քան 90 երկրներում: Նա այն մարդն էր եւ շարունակում է մնալ նույն մարդը, ում արվեստը ճանաչում էին եւ հիմա էլ ճանաչում են առանց թարգմանության, առանց բացատրությունների:

20-րդ դարի ընթացքում Ազնավուրը համարվեց Ֆրանսիայի ամենանշանակալի մշակութային դեմքերից մեկը, մարդ, որը մարմնավորում էր սերնդի արժեքները, մշակույթը, եղեռնից փրկվածների հիշողությունը, արվեստի համամարդկային լեզուն: Եվ շատ կարեւոր է, որ Ազնավուրը երբեք չի դադարել լինել Հայաստանի կողքին՝ անկախ ժամանակներից եւ հանգամանքներից: Նրա աջակցությամբ Հայաստանն արժանացավ մեծ աջակցության 88-ի երկրաշարժից հետո: Նա դարձավ մեր առաջին դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մասնակցեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Եվ մինչեւ կյանքի վերջ նա ամուր կապված մնաց Հայաստանին՝ մշակույթով, ծրագրերով եւ իր ներկայությամբ:

Արձանի բացումը ունի եւս մի յուրահատկություն, քանի որ նախաձեռնվել եւ ամբողջությամբ ֆինանսավորվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Սա բացառիկ է այն առումով, որ քաղաքապետարանը նման նախաձեռնություններ ինքն անձամբ չի իրականացնում: Բայց մենք կարեւոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում»:

Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց արձանի հեղինակ Դավիթ Մինասյանին, Ազնավուր ընտանիքի անդամներին, բոլոր մասնակիցներին եւ գործընկերներին, որոնք ներգրավված են եղել այս նախագծի բոլոր փուլերում՝ գաղափարից մինչեւ իրականացում: «Այս վայրը վստահորեն դառնալու է հանդիպման եւ հիշողության վայր ոչ միայն երեւանցիների, այլեւ հազարավոր մեր հյուրերի համար: Վայր, որտեղ կարելի է կրկին հանդիպել լեգենդար Շառլ Ազնավուրին»,-եզրափակեց Երեւանի քաղաքապետը, որն ավելի ուշ արձանի բացումն արեց Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ միասին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031