Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ենք մենք թշնամի ստեղծում՝ ի դեմս Վրաստանի»․ Թաթուլ Մանասերյան

Հուլիս 18,2025 17:36

«Կենսաթոշակների հետ կապված ուզում եմ բացել փակագծերը։ Ասում են՝ կենսաթոշակները բարձրացրել ենք՝ 1000-2000 դրամի սահմաններում։ Նախ` դա միջինացված ցուցանիշն է, որ ցույց են տալիս։ Շատերը մնացել են նույն մակարդակի վրա։ Անգամ ընդհանուր հանրապետական ցուցանիշում փոքր բարձրացում, որ կա, խորամանկորեն էն, ինչ ասում են՝ քեշբեք ենք տալիս թոշակառուներին, այդ առումով հիշեցնեմ՝ կենսաթոշակառուն կոմունալ վարձեր վճարելիս քեշբեք չի ստանում։ Իսկ ի՞նչ է անում կենսաթոշակառուն՝ գնում է Շանգրիլա խաղալո՞ւ։ Նա իր ստացած գումարով հազիվ կարողանում է ծայրը ծայրին հասցնել՝ հատկապես ձմեռվա ամիսներին, որ ակնհայտ է՝ չի բավարարում կենսաթոշակը։ Ահա թե ինչով են զբաղված տնտեսական և սոցիալական ոլորտի կառավարիչները»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Նա նաև ահազանգեց պարենային անվտանգության, ժողովրդագրական սպառնալիքների մասին։

Լրագրողների հիշեցմանը՝ դեռ մինչև 2018-ը հիմնականում արևմտյան դեսպանները նշում էին, որպեսզի ՀՀ-ն ունենա ներդրումներ և վստահություն, պետք է ունենա անկախ դատական համակարգ և հարցին՝ կառավարության գործունեության վերաբերյալ արևմուտքից ոչ մի նոտա չկա, խնդիրները վերացե՞լ են և առանց սպառնալիքների ներդրողները կարող են գալ և այստեղ ունենալ տնտեսական գործունեությո՞ւն, Թաթուլ Մանասերյանն այսպես արձագանքեց․ «Ո՞ր արևմուտքի մասին եք խոսում՝ խուլ, համր ու կույր արևմուտքի՞։ Արևմուտքը տարբեր կերպ կարելի է ընկալել։ Արևմուտքն ունի բազմաթիվ քաղաքակրթական ուսանելի օրինակներ, որոնք մեզ համար շատ կարևոր են, բայց այն արևմուտքը, որի դրոշը թափ են տալիս ՀՀ-ում հեղինակազուրկ մարդիկ, և փորձում օրենքներ ընդունել, դա ցավալի է։ Եթե այդ մարդկանց շուրթերով է ՀՀ-ում ներկայանում արևմուտքը, մեզ այդպիսի արևմուտք հաստատ պետք չէ։ Կա արևմուտք, որը սրտացավ ու զգայուն է, իր առաջընթացով ուսանելի է, Եվրոպայում իրար կողք ապրելու արվեստը սովորել են Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետ, որ հիմա կարողանում են առաջընթաց գրանցել՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Կա նաև այդպիսի արևմուտք, ինչպես կա իրական Հայաստան՝ իր ցավերով հանդերձ և կա վիրտուալ Հայաստան, որը փորձում են ներկայացնել։

Ես կուզեի, որ իմ երկրի ղեկավարը խեղկատակ չլիներ։ Եթե բոլորը սխալ են կամ շատ-շատերը սխալ են, և մարդ միայնակ ճիշտ է, կարծեմ բժշկությունը դրան իր պատասխանը տվել է։ Բոլոր ոլորտների կայացած մարդկանց մեկուսացնել և ամենագետ լինել, փորձել պատասխանել բոլոր հարցերին, սա ինձ շատ է մտահոգում։ Ամեն ինչի գիտունիկ չես կարող լինել։ Եվ դրա համար պետք է հրավիրել և իրեն շրջապատել ճիշտ, բանիմաց, փորձառու մարդկանցով, ինչից խուսափում են։

Ներկայիս կառավարությունում ամենաշատը խուսափում են ուղղամտությունից։ Ինձ համար իսկապես խեղկատակություն է կուրծք ծեծելով ասել՝ ամեն ինչ փորձում ենք անել։ Սուտ է։ Տնտեսության մեջ ես ու ինձ նման փորձագետներ դեռ կան, որոնք որոշակի ուղի են անցել և ծառայություն են մատուցել իրենց երկրին, և ակնհայտ է՝ ովքեր են տվողները և ովքեր փախցնողները։ Անկեղծության լուրջ դեֆիցիտ ունի երկրի ղեկավարն առաջին հերթին իր իրարամերժ վարքով։ Որևէ մեկի համար կանխատեսելի չէ՝ տվյալ ոլորտը, երկիրն՝ ամբողջությամբ հարվածի տա՞կ կգտնվեն։ Բոլոր պետությունների ղեկավարներն իրենց շուրջը պահում են բանիմաց մարդկանց։ Իրենք կույր են, չեն տեսնում։ Մերժողական և ամենագետների կեցվածքն ո՞ւր է մեզ տանում։ Մենք իրավունք ունե՞նք բարոյական առումով մեկս մյուսին վանելու ու ասելու՝ էս մի խումբը արժանավորներն են և մյուսները՝ մերժելի»։

Հարցին՝ արտահանման հարցով Վրաստանի հետ կապված խնդիրներն ինչպե՞ս կարելի է լուծել, մի՞թե քաղաքական խնդիրներն իրենց ազդեցությունը չեն թողնում, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց․ «Ամեն տարի մենք շփվում ենք նույն խնդիրների հետ․ հնարավոր չէ՞ շուտ փչացող ապրանքների հետ կապված պայմանավորվածություններ ձեռք բերել հարևան պետության հետ։ Ինչո՞ւ ենք մենք թշնամի ստեղծում՝ ի դեմս Վրաստանի։ Ինչո՞ւ մենք չենք կարող պայմանավորվածություն ձեռք բերել։ Մեր ամբողջ առևտրաշրջանառության, ապրանքաշրջանառության 80 տոկոսից ավելին բաժին է ընկնում Վրաստանին։ Պիտի հաշվի նստենք բարեկամ քրիստոնյա երկրի հետ։ Կան շահեր, որոնց շուրջ կարող են տևական ամենօրյա կապեր ունենալ և ամենօրյա եղբայրություն։ Այդպիսի բաները կանխվում են ու ոչ թե հետո չեն էլ լուծվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031