Ճանաչված կինոռեժիսոր, վավերագրող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի հոբելյանական տարվա շրջանակում կայացավ «Մարդը սպիտակ քաղաքից» գիրք-ալբոմի շնորհանդեսը:
Գիրքը հրատարակվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի կինոյի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ, գաղափարի եւ նախագծի հեղինակը Արայիկ Մանուկյանն է: Գրքի առաջաբանում նա գրել է. «Մշակութային հավաքականության մեջ մենք դեռ չունենք այն գիտակցումը, որ Հարություն Խաչատրյան կինոռեժիսորի եւ նրա կինոյի ժամանակակիցն ենք: Մենք որպես լեգենդ ու առասպել սիրող հանրություն՝ մշտապես գնո՜ւմ, տարրալուծվո՜ւմ ենք անցյալի անունների բավիղներում, քանզի անցյալում էլ, երբ այդ անունները եղել են ներկա, չենք ունեցել նրանց ներկա լինելու գիտակցումը, ու գնացե՜լ, տարրալուծվե՜լ ենք մի ուրիշ անցյալի լեգենդների եւ առասպելների մեջ»:
Արայիկ Մանուկյանը նշեց, որ գրքի ստեղծման վրա ծախսվել է 1,5 տարի, արվել է ահռելի աշխատանք, որովհետեւ պետք է հավաքվեին հարցազրույցները, հոդվածները, հրապարակումները, կարծիքները, տեսակետները, այն էլ՝ ամենատարբեր լեզուներով: «Ամենամեծ դժվարությունն այն էր, թե ինչ մեթոդաբանությամբ պետք է կառուցենք գիրքը»,-ասաց Արայիկ Մանուկյանը՝ հավելելով, որ դժվար էր ընտրություն կատարելը: Հավելեց, որ նյութերը թարգմանվել են ամենատարբեր լեզուներից՝ անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, ռուսերենից, գերմաներենից, որոնվել եւ գտնվել են մինչեւ իսկ 1990-ականների մամուլի հրապարակումներ:
Հայաստանի կինոյի զարգացման հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի խոսքով՝ օրը նշանակալի է, քանզի կինոյի մասին գրքի շնորհանդես է, իսկ կինոյի մասին գրքեր շատ քիչ են տպագրվում: « Ինձ համար այնքան հաճելի է, որ արտասահմանում տարբեր գործողումների ժամանակ, երբ Հայաստանի ու «Ոսկե ծիրանի» մասին ենք խոսում, միանգամից բոլորը Հայաստանն այլ կերպ են ճանաչում, երբ Հարություն Խաչատրյանի անունն ես տալիս, միանգամից ուրիշ ձեւ են ճանաչում Հայաստանը… Հայաստանը ներկայացնող այս մարդը տարիների իր աշխատանքը նվիրել է իր երկրին, իր կյանքի ամեն մի վայրկյանը նվիրել է հայկական կինոյի զարգացմանը…»,-ասաց Դավիթ Բանուչյանը:
Կարդացեք նաև
Կինոգետ Անդրեյ Պլախովը, որի հոդվածներից մեկը զետեղված է «Մարդը սպիտակ քաղաքից» գրքում, պատմեց, թե ինչպես է ծանոթացել Հարություն Խաչատրյանի հետ՝ խորհրդային ժամանակների սեմինարներից մեկում: Նա, դիտելով Հարություն Խաչատրյանի «Կոնդը», տպավորվել է, հետագայում դիտել է նաեւ նրա մյուս ֆիլմերը ու գիտացել, թե ինչ ռեժիսորի հետ գործ ունի: Պլախովի ձեւակերպմամբ՝ Հարություն Խաչատրյանի ֆիլմերը մեծ ներդրում են համաշխարհային կինոյում:
Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ աշնանը սպասվում է ամենամեծ իրադարձություններից մեկը. հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» կցուցադրվեն Փարիզի Պոմպիդու կենտրոնում:
«Այսօր այստեղ է իմ ուսուցիչը՝ Միքայել Ստամբոլցյանը, որն իմ բոլոր ֆիլմերի նկարահանման ժամանակ եղել է իմ կողքին, ուզում եմ խոնարհաբար շնորհակալություն հայտնել նրան»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի ձեւակերպմամբ՝ այն տարբեր նյութերը, հոդվածները , կարծիքները, որոնք բերանացի, բանավոր խոսքում արծարծում էին Հարություն Խաչատչյանի արվեստի մասին, վերջապես հավաքական եւ ընդգրկուն ամբողջականությունն են ստացել այս գրքում: Նրա խոսքով, գիրքը թե կինոգիտության, թե մշակութաբանության առումով կարեւորագույն նմուշ է, Հարություն Խաչատրանն էլ անկախ Հայաստանի առաջին արվեստագետներից է, որ իր ճանապարհն է բռնել, եւ հիմնական մեծ գնահատականը ստացել հենց աշխարհի կողմից:
Նշենք, որ «Մարդը սպիտակ քաղաքից» բացառիկ գիրք-ալբոմում տեղ է գտել նաեւ Գոհար Հակոբյանի՝ «Առավոտ» օրաթերթում տպագրված «Ազգային հատկանիշ է. կամ հեռվում լինես, կամ մահացած, որ սկսեն վերագնահատել» վերնագրով հոդվածը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ