Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք արտապատվիրակման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը նոր է. «Փաստերի ստուգման հարթակ»

Հուլիս 19,2025 09:30

2024 թվականի օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսում խոսելով ճանապարհների ապաշրջափակման թեմայից, նշել է՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի համար՝ «առանց նսեմացնելու, որևէ ձևով կասկածի տակ դնելու ՀՀ  ինքնիշխանությունը, ՀՀ սահմանների անխախտելիությունը, տարածքների ամբողջականությունը, իրավազորությունը և, իմիջիայլոց, մեր երկրի տարածքում անվտանգությունն ապահովելու մեր պարտականությունը»։

Այս համատեքստում Փաշինյանը նշել էր, որ «անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացնել նաև էստեղ՝ ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող ասենք օրինակ պահնորդական կազմակերպություններ»։

Օրեր անց՝ սեպտեմբերի 9-ին, թեմային անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝  ի պատասխան լրագրողի՝ Նախիջևան–Սյունիք–Ադրբեջան ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերություններին հնարավոր փոխանցման մասին հարցին։

«Մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է»,– ասել էր ԱԳ նախարարը։

Միևնույն ժամանակ, նա շեշտել էր, որ որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի՝ չի քննարկվում։

«Մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի` տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող երրորդ կողմի ո՛չ պետական, ո՛չ մասնավոր ներկայությունը մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չի»,– հավելել էր Միրզոյանը։

Հատկանշական է, որ այդ օրերին Բաքուն արձագանքելով Երևանից հնչող պաշտոնական հայտարարություններին՝ նշել էր, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքի գործընթացներին երրորդ կողմի մասնակցությունը։

«Ինչ վերաբերում է երկու երկրների տարածքում իրականացվող գործընթացին, մասնավոր պահնորդական ընկերություն ներգրավելու վերաբերյալ գաղափարին, ապա Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում իրականացվող գործընթացին երրորդ կողմի ներգրավումը»,– ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Այսպիսով, նախքան Քարնեգի հիմնադրամի հոդվածում ճանապարհի արտապատվիրակման ամերիկյան ենթադրյալ առաջարկի մասին լուրերի հայտնվելը, ՀՀ իշխանությունները չէին բացառել ՀՀ-ում գրանցված մասնավոր ընկերության որոշակի գործառույթների արտապատվիրակումը։

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակ»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031