Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի խորհրդարանի այս նախաձեռնությունը պատասխանատու ուղերձ է․ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակն իր երախտագիտությունն է հայտնում

Հուլիս 20,2025 11:26

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը (ՖԱԲՇ) իր երախտագիտությունն է հայտնում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատին՝ 2025 թ. հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակին եւ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությանը վերաբերող բանաձեւի միաձայն ընդունման համար։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մանրամասն բանաձեւ, որով դատապարտում է Ադրբեջանի՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի շրջափակումը, որն հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի եւ հարկադիր տեղահանության։ Բանաձեւը միաժամանակ դատապարտում է Արցախի նախկին ղեկավարների անօրինական կալանավորումն ու անարդար դատավարությունները։

Հղում անելով բազմաթիվ միջազգային կոնվենցիաների եւ հռչակագրերի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի բանաձեւերի եւ Միջազգային արդարադատության դատարանի որոշումների վրա՝ բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախում եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող քայլերը։

Այն կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, թույլատրել միջազգային դիտորդների մուտքն Արցախ, եւ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ, արագ եւ անխոչընդոտ վերադարձը՝ համաձայն Միջազգային արդարադատության դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշման։

Բանաձեւը նաեւ կոչ է անում Բելգիայի դաշնային կառավարությանը աջակցել միջազգային ջանքերին՝ Ադրբեջանի կողմից գործված միջազգային հանցագործությունների հետաքննության ուղղությամբ եւ այլ պետությունների հետ համատեղ դիմել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ Հռոմի Ստատուտի 14-րդ հոդվածի հիման վրա։

Այն պահին, երբ Ալիեւի ռեժիմի անպատժելիությունը ամրապնդվում է, երբ հայ քաղաքական բանտարկյալները զրկված են իրենց հիմնական իրավունքներից, երբ հարյուր հազարավոր բռնի տեղահանվածներ ապրում են մշտական գաղթի մտահոգությամբ, Բելգիայի խորհրդարանի այս նախաձեռնությունը պատասխանատու ուղերձ է։ Այն հիշեցնում է, որ էթնիկ զտումն անխուսափելի ճակատագիր չէ, իսկ արցախցիների վերադարձը՝ ուտոպիա չէ, այլ հիմնարար իրավունք, որը ժողովրդավարական պետությունները պարտավոր են պաշտպանել։

«Բելգիայի Ներկայացուցիչների պալատը միանում է Եվրոպայի բարոյական խղճին՝ հայտարարելով, որ առանց արդարության խաղաղություն լինել չի կարող։ Ժամանակն է, որ Եվրոպական հանձնաժողովը եւ այն երկրների կառավարությունները, որոնց խորհրդարանները բազմիցս կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ դատապարտել նրա գործողությունները, դադարեն անտեսել այդ կոչերը։ Նրանք պետք է գործեն ոչ թե աշխարհաքաղաքական հաշվարկներով, այլ իրենց ստանձնած պարտականություններով՝ պաշտպանել եվրոպական արժեքները։ Որովհետեւ Եվրոպայի ուժը հիմնված է համընդհանուր սկզբունքների, այլ ոչ թե դրանց ընտրողական կիրառման վրա», – հայտարարել է ՖԱԲՇ-ի նախագահ Ֆրանսուա Պուպոնին։

ԱՐՑԱԽ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031